Թուրքիայում հերթական եկեղեցին վերածվել է ախոռի
13:59, 6 Մայիս 2015
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի տարածքում գտնվող եկեղեցիները շարունակում են մատնվել անտերության և հայտնվել կիսավեր վիճակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական siverekhaber.net-ը ահազանգել է Շանլըուրֆայի (Ուրֆա) Գերմուշ գյուղում գտնվող եկեղեցու վատ վիճակի առնչությամբ:
Ներկայում եկեղեցին օգտագործվում է որպես ախոռ: Տեղացիներն իրենց դժգոհությունն են հայտնել, որ եկեղեցին գտնվում է բարձիթողի վիճակում, իսկ շինության ներսում անասնական աղտ է: Նրանք ընդգծել են, որ եկեղեցին նման տեսքով թողնելը մեծապես վնասում է զբոսաշրջությանն այս տարածքում: Այդուհանդերձ, ո’չ մշակույթի նախարարությունը, ո’չ էլ տեղի քաղաքային իշխանությունները դեռևս որևէ քայլ չեն ձեռնարկել եկեղեցին կարգի բերելու և մաքրելու ուղղությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում