Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

«Հնդկական օրեր Հայաստանում» ցուցահանդեսը գործնական կամուրջ կստեղծի երկու երկրների միջև. Մարիամ Մանուկյան

«Հնդկական օրեր Հայաստանում»  ցուցահանդեսը գործնական կամուրջ կստեղծի 
երկու երկրների միջև. Մարիամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստերի դահլիճում ընթացող «Հնդկական օրեր Հայաստանում» միջազգային ցուցահանդեսի նպատակը միայն ցուցահանդեսը չէ, այն ունի ևս մեկ նպատակ՝ երկու երկրների գործարարների միջև համագործակցության համաձայնագրերի կնքումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին տեղեկացրեց  «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի» նախագահ Մարիամ Մանուկյանը:

«Հայաստան-Հնդկաստան գործարար կամուրջը այսուհետև շարունակական բնույթ է ունենալու: Հայ գործարարները ևս հնարավորություն կունենան իրենց արտադրանքը ներկայացնել Հնդկաստանում, յուրացնել հնդկական շուկան», - ասաց Մարիամ Մանուկյանը:

«Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի» նախագահը հավելեց, որ ի տարբերություն նախորդ տարիների հնդկական ապրանքների մասնավոր բնույթ ունեցող ցուցահանդեսի՝ այս տարի առաջին անգամ կազմակերպված միջազգային ցուցահանդեսին ներկա են թվով մոտ 30  հնդկական կազմակերպություններ՝ ներառյալ դեղագործական, ոսկերչական և թվային տեխնոլոգիաների բնագավառները ներկայացնող ընկերություններ:

«Հայաստան այցելության շնորհիվ հնդիկ գործարարները հնարավորություն ունեն ոչ միայն ծանոթանալ հայկական շուկայի հետ, այլ նաև շրջել Հայաստանով և ավելի մոտիկից  ծանոթանալ հայկական մշակույթին», - հավելեց Մարիամ Մանուկյանը:

Նա հույս հայտնեց, որ հնդիկ գործարարները նաև հնարավորություն կունենան «Մերիդիան» ազատ առևտրի գոտում հիմնել համագործակցության կապեր և իրականացնել ներդրումներ:

 «Հնդկական օրեր Հայաստանում» միջազգային ցուցահանդեսը տևելու է գրեթե մեկ ամիս և մինչև մայիսի 10-ը Երևանում գործելուց հետո այն կտեղափոխվի Գյումրի և Արցախ, որտեղ ցուցահանդեսին զուգահեռ կներկայացվեն նաև մշակութային ծրագրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am