Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Համայնքների ղեկավարների համար կկազմակերպվեն առաջին օգնության ցուցաբերման վերաբերյալ դասընթացներ

Համայնքների ղեկավարների համար կկազմակերպվեն առաջին օգնության 
ցուցաբերման վերաբերյալ դասընթացներ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ապրիլի 28-ին ընդունել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԿԽԲՎԵԿ) երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ, ԱՌՆԱՊ-ԳԿԽ ԲՎ ԵԿ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացվող «Աղետներին պատրաստվածության և ռիսկի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» նախագծի շրջանակներում ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի մասնագետների վերապատրաստման դասընթացների ավարտի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից,  ողջունելով հյուրին՝ նախարար Երիցյանը շնորհակալություն է հայտնել երկար տարիների համագործակցության համար և հետաքրքրվել դասընթացների արդյունքում ՏԿԱԻ աշխատակիցների ձեռքբերումներով:

Շեշտելով, որ աշխատանքը Հայաստանում շատ հաճելի և բեղմնավոր էր՝ Վոլֆգանգ Շմիդտը նշել է, որ ՏԿԱԻ աշխատակիցների պատրաստվածության բարձր մակարդակը երևաց հաջողությամբ հանձնված քննությունների ժամանակ: Պարոն Շմիդտը հատկապես շեշտել է հեռախոսով առաջին օգնություն ցույց տալու բարձր հմտությունների առկայությունը նախարարության հաշմանդամություն ունեցող աշխատակիցների մոտ. «Նրանք չեն կարող ֆիզիկական աշխատանք կատարել, սակայն իրենց մտավոր աշխատանքով կարող են մեծ օգնություն ցուցաբերել դրա կարիքը ունեցող մարդկանց»,-ասել է Շմիդտը:

Կարևորելով առաջին օգնություն ցուցաբերելու հմտությունների առկայությունը հատկապես այն անձանց մոտ, ովքեր աշխատանքի բերումով անընդհատ շփվում են ազգաբնակչության հետ՝ ՏԿԱԻ նախարարն առաջարկել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության հետ համատեղ առաջին օգնության դասընթացներ կազմակերպել նաև համայնքների ղեկավարների համար (մարզպետեր, քաղաքապետեր, գյուղապետեր): «Շատ կարևոր է, որպեսզի ամեն համայնքի ղեկավար կարողանա արտակարգ իրավիճակներում տիրապետել առաջին օգնություն ցուցաբերելու հմտություններին»,-շեշտել է նախարար Երիցյանը:

Վոլֆգանգ Շմիդտը ողջունել է ՏԿԱԻ նախարարի առաջարկը՝ նշելով, որ Գերմանիայում նման փորձ արդեն արվում է, և այս նախաձեռնությունն ազգաբնակչությանն արտակարգ իրավիճակներում առավելագույնս արդյունավետ պաշտպանելու գրավականներից մեկն է:

Նախնական առաջարկով նախատեսվում է համայնքների վերապատրաստման դասընթացներն իրականացնել մարզկենտրոններում. նախարար Երիցյանը նշել է, որ բոլոր դասընթացներին ներկա կլինեն ՏԿԱԻՆ համապատասխան պաշտոնատար անձինք, իսկ շատերին էլ Արմեն Երիցյանը կմասնակցի անձամբ: «ՏԿԱԻ նախարարությունը կարևորում է համայնքի ղեկավարների կողմից առաջին օգնություն ցուցաբերելու հմտությունների ձեռքբերման հարցը»,-շեշտել է նախարար Երիցյանը:

Ընդգծելով վերոնշյալ նախաձեռնության կարևորությունը՝ Վոլֆգանգ Շմիդտը նշել է, որ դասընթացների ավարտին համայնքի ղեկավարներին կտրվեն համապատասխան վկայականներ:

Բարձր գնահատելով ԳԿԽ ԲՎ ԵԿ երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ Վոլֆգանգ Շմիդտի ավելի քան քառորդ դար Հայաստանին ցուցաբերած աջակցությունը՝ օրերս ՏԿԱԻ նախարարը նրան պարգևատրել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am