Ճանաչողական այցով Գյումրիում էր ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլուի գլխավորած պատվիրակությանը
ԳՅՈՒՄՐԻ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ապրիլի 27-ին ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլուի գլխավորած պատվիրակությանը: Ողջույնի խոսքում քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեսպանին ծանոթացրել է Գյումրու պատմությանը, մշակութային ներուժին և ներդրումային միջավայրին: Սամվել Բալասանյանը բարձր է գնահատել Գյումրիի և Չինաստանի Սիան քաղաքի միջև ստեղծված փոխգործակցությունը« որն արդեն երկրորդ տարին է կյանքի կոչվում: Այդ համագործակցության շրջանակներում, Գյումրին միացել է Մետաքսի ճանապարհի քաղաքների հուշագրին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանի մամուլի գրասենյակից, Չինաստանի դեսպանն իր խոսքում ևս կարևորել է այդ պատմական առևտրա-տնտեսական ցանցի վերականգնումը, ինչպես նաև համագործակցային արդյունավետ կապերի ստեղծումը, այդ թվում՝ տնտեսական, արդյունաբերական և այլ ոլորտներում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցել երկուստեք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
Արմենուհի Մխոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում