Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բելգիան կարևորում է Հայաստանի հետ նոր ոլորտներում համագործակցության ծավալումը

Բելգիան կարևորում է Հայաստանի հետ նոր ոլորտներում համագործակցության 
ծավալումը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 27-ին հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարար Նալբանդյանը ողջունել է բելգիացի գործընկերոջ այցը Երևան՝ հույս հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Ռեյնդերսը շեշտել է, որ Բելգիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը և հնարավոր նոր ոլորտներում համագործակցության ծավալումը:

Էդվարդ Նալբանդյանը Դիդիե Ռեյնդերսին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները և ոգեկոչման խորհուրդը։ Նախարար Նալբանդյանը կարևորել է միջազգային հանրության միասնական ջանքերը` ցեղասպանությունների կանխարգելման գործում, և շնորհակալություն հայտնել արտգործնախարար Ռեյնդերսին՝ մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած՝ «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևը Բելգիայի կողմից համահեղինակելու համար։ Հաշվի առնելով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ երկու երկրների ակտիվ ջանքերը՝ նախարարները պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունն այս ուղղությամբ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեռ 1998թ. Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։

Զրուցակիցները հանագամանալից անդրադարձ են կատարել հայ-բելգիական երկկողմ օրակարգի հարցերին, կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական կապերի ընդարձակումը, համագործակցության համար նոր ոլորտների բացահայտումը, խորհրդարանական, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում փոխգործակցությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Էդվարդ Նալբանդյանը և Դիդիե Ռեյնդերսը մտքեր են փոխանակել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Բելգիայի նախագահության առաջնահերթությունների իրագործման վերաբերյալ: Փոխվարչապետ Ռեյնդերսը Էդվարդ Նալբանդյանին հրավիրել է մասնակցելու մայիսին Բրյուսելում կայանալիք ռասիզմի և խտրականության դեմ պայքարին նվիրված ԵԽ նախարարական կոմիտեի 125-րդ նստաշրջանին։

Նախարարները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, այդ շրջանակներում առաջիկայում նախատեսվող միջոցառումները, հարաբերությունների իրավական նոր հենքի մշակման շուրջ ընթացող գործընթացը։

Երկուստեք կարևորվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության զարգացումը, այդ առումով արժևորվել է այս տարվա աշնանը Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների խորհրդի անցկացումը:

Անդրադարձ է արվել միջազգային հրատապ հարցերի, մասնավորապես, ուկրաինական ճգնաժամին, մերձավորարևելյան զարգացումներին:

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Նախարարների հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիս։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am