Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Համահայկական ամառային խաղերն աննախադեպ կլինեն

Համահայկական ամառային խաղերն աննախադեպ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական 6-րդ ամառային խաղերը աննախադեպ կլինեն ոչ միայն մասնակիցների քանակով, այլ նաև քաղաքների աշխարհագրությամբ: 

«Այս խաղերը կանցկացվեն ՀՀ մայրաքաղաք Երևանում, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում: Խաղերի ծրագրում ընդգրկված են 17 մարզաձև, նախորդ տարիների համեմատ ավելացել են ևս 7 մարզաձև:

Եթե նախորդ խաղերին մենք ունեինք մոտ 3200 մասնակից, ապա այսօրվա դրությամբ արդեն 4000 մասնակցի հայտեր կան, այն էլ արտերկրից: Ընդհանուր առմամբ կլինեն մոտ 5500 մարզիկ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Համահայկական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կլինի օգոստոսի 2-ին, սակայն դեռևս հայտնի չէ բացումը կլինի Հանրապետակա՞ն մարզադաշտում, թե՞ «Հրազդան»:

Այս անգամ Համահայկական խաղերի ջահը վառելու պաշտոնական արարողությունը և ջահի երթուղին պահվում է խիստ գաղտնի, քանի որ խոստանում է անակնկալներ: Այն կանցնի հայաշատ մի շարք քաղաքներով:

Համահայկական առաջին ամառային խաղերը կայացել են 1999 թվականին Երևանում: Այդ խաղերին մասնակցել են 1141 մարզիկ: Առաջին խաղերի մասնակից երկրների թիվը կազմել է 23, իսկ մասնակից քաղաքներինը`63: Մարզաձևերը եղել են 7-ը: Երկրորդ համահայկականին, որը կայացել է 2001 թվականին, մասնակցել են 1419 մարզիկ: Մասնակից երկրները 27-ն էին, իսկ քաղաքները` 82-ը: Այդ տարի մարզիկները մրցում էին 9 մարզաձևերում: Երրորդ խաղերը 2003 թվականին էին` Երևանում: Խաղերի մասնակիցների թիվը կազմում էր 1559, ովքեր մրցում էին 10 մարզաձևում: Մասնակից երկրների թիվը 28 էր, իսկ քաղաքներինը` 82: Համահայկական չորրորդ ամառային խաղերը կայացել են 2007 թվականին Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Այդ Խաղերին առանձին թիմեր էին ներկայացրել 94 երկիր և 28 քաղաք: Մարզիկների ընդհանուր թիվը`1576: Համահայկական հինգերորդ մարզախաղերը կայացան 2011 թվականին: 3244 մարզիկներ աշխարհի 33 երկրից և 125 քաղաքից մրցեցին 10 մարզաձևում:  

Համահայկական 6-րդ մարզախաղերն այս տարի կանցկացվեն օգոստոսի 2-14-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am