Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՑԹԻ-ում կայացավ «Խելագարության ակունքներում: Կոմիտաս. հայ կուռքի դիմանկարը» գրքի շնորհանդեսը

ՀՑԹԻ-ում կայացավ «Խելագարության ակունքներում: Կոմիտաս. հայ կուռքի 
դիմանկարը» գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում ապրիլի 25-ին տեղի ունեցավ Ռիտա Սուլահյան-Կույումջյանի «Խելագարության ակունքներում: Կոմիտաս. հայ կուռքի դիմանկարը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: 

Գիրքը նվիրված է հայ մեծանուն կոմպոզիտոր, երաժշտագետ, հայագետ Կոմիտաս Վարդապետի կյանքի անհայտ էջերի ու հոգեբանական ապրումների տակավին չլուսաբանված ծալքերի ուսումնասիրությանը: Հոգեբանական լույսի ներքո և ժամանակակից հոգեբուժական-հոգեվերլուծական մոտեցումների ու մեթոդների կիրառմամբ հեղինակը փորձել է վեր հանել Կոմիտասի հոգեբանական բնութագիրը, ապրումները, դրանց ակունքները և մասնագիտական եզրակացություններ ու հիմնավորումներ տալ: 

«Բավական հետաքրքիր և յուրահատուկ հարցեր են առաջադրվում գրքի հեղինակի կողմից: Ես համոզված եմ, որ գիրքն արժանի է ներկայացվելու նաև հայերեն (գիրքը նախատեսված էր անգլախոս ընթերցողների համար), քանի որ այդ գիրքը կհետաքրքրի նաև հայ ընթերցողին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող, «Խելագարության ակունքներում: Կոմիտաս. հայ կուռքի դիմանկարը» գրքի թարգմանիչ Ռոբերտ Թաթոյանը:

Նա նկատեց, որ հեղինակը հետաքրքիր վերլուծություն է կատարում և փորձում է գտնել Կոմիտասի հոգեկան հիվանդության ակունքները: «Գրքի հեղինակը Կոմիտասի հիվանդության ակունքները փնտրում է նրա մանկական հոգեբանական ապրումների մեջ: Կոմիտասը վաղ տարիքում է կորցրել իր ծնողներին, և հեղինակը հենց դրանից է բխեցնում Կոմիտասին բաժին հասած այդ ծանր հիվանդությունը»,- ընդգծեց Թաթոյանը:

Գրքի հեղինակ Ռիտա Սուլահյան-Կույումջյանը մասնագիտությամբ հոգեբույժ է: Ներկայումս նա աշխատում է Մոնրեալի «Սուրբ Մարիամ» հիվանդանոցում՝ որպես հոգեբուժական ամբուլատոր վարչության տնօրեն: Հինգ գրքի հեղինակ է: Առաջինը՝ «Օրագրային գրառումներ Հայաստան կատարած ուղևորության մասին. հոգեբույժի նոթեր» գիրքն է, որը պատմում է 1988 թվականի երկրաշարժից հետո Հայաստան կատարած նրա այցի և աղետյալ երեխաների հետ անցկացրած հոգեբանական վերականգնողական աշխատանքի մասին: «Խելագարության ակունքներում։ Կոմիտաս. հայ կուռքի դիմանկարը» նրա երկրորդ գիրքն է։ Այն անգլերենից հայերեն թարգմանել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցներ Լուսինե Աբրահամյանը և Ռոբերտ Թաթոյանը:  

Ծնվելով 1869թ. Օսմանյան կայսրության Քյոթահիա քաղաքում՝ Կոմիտասը թափառաշրջիկ որբ տղայից դարձավ միջազգային ճանաչում ունեցող մեծ երաժիշտ։ Կազմակերպելով երկսեռ երգչախմբեր խոշոր հայ համայնքներ ունեցող բազմաթիվ քաղաքներում՝ նա հայկական երաժշտությունը հայտնի դարձրեց ողջ աշխարհում։ 
 Նա իր առջև նպատակ էր դրել բացահայտել հայկական եկեղեցական երաժշտության նախաքրիստոնեական արմատները, հայ գեղջկական երաժշտությունը կատարողական բարձր մակարդակի հասցնել, հայ իրականության մեջ երաժշտական կրթության զարգացման համար երաժշտանոց ստեղծել։ Նրա ստեղծագործությունները խորապես հուզել և հուզում են թե՛ հայ, թե՛ օտար ունկնդրին։ 


 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am