Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դդմաշենում բացվեց եւ օծվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան-խաչքարը

Դդմաշենում բացվեց եւ օծվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան-խաչքարը

ԳԱՎԱՌ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում ապրիլի 24- ին հանդիսավորությամբ, Գեղարքունյաց թեմի Սեւանի տարածքի հոգեւոր հովիվներ Տեր Մեսրոպ եւ Տեր Ստեփան քահանաների ձեռամբ բացվեց եւ օծվեց Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին նվիրված հուշարձան-խաչքարը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` հուշարձան-խաչքարի հանդիսավոր բացմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը, Դդմաշենի գյուղապետ Ավետիս Ավետիսյանը, Սեւանի տարածքի համայնքների ղեկավարները, Դդմաշենի գյուղապետարանի աշխատակիցներ, համայնքի ավագանու անդամներ եւ ներկայացուցիչներ, դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները, հրավիրված հյուրեր: Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին նվիրված հուշարձան-խաչքարը պատրաստվել է Դդմաշենի գյուղապետ Ավետիս Ավետիսյանի պատվիրատվությամբ եւ անձնական միջոցներով: 2,50 մետր բարձրություն ունեցող հուշարձան-խաչքարը տեղադրվել է Դդմաշենի գյուղապետարանի դիմաց, Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան ազատամարտում զոհված դդմաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանների կողքին: Հուշարձանի բացման եւ օծման արարողությունից հետո ներկաները ծաղկեդրմամբ եւ խնկարկումով ու խոնարհումով հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ներկաներին առավել հուզեցին ծնունդով դդմաշենցիներ Գագիկ, Արայիկ եւ Արթուր Սուքիասյան եղբայրները, ովքեր, ապրելով եւ աշխատելով Ռուսաստանի Դաշնությունում, հատուկ հայրենի գյուղ էին ժամանել` հուշարձանի բացմանն անձամբ մասնակցելու համար: Սուքիասյան եղբայրները երեք ծաղկեպսակ դնելով` խոնարհվեցին նորաբաց հուշարձանի առջեւ:Հուշարձան-խաչքարի բացման եւ օծման արարողությանը նախորդել էին Դդմաշենի գրադարանի տնօրեն Ֆլորա Գրիգորյանի կողմից կազմակերպված երկու գլխավոր միջոցառումները` ուխտագնացություն դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ժամերգություն Դդմաշենի՝ յոթերորդ դարի կառույց հանդիսացող Սուրբ Թադեւոս եկեղեցում: «Ծիծեռնակաբերդի ուխտագնացությանը Դդմաշենից մասնակցեցին մոտ վաթսուն հոգի` ուսուցիչներ, աշակերտներ, այլ մասնագիտությունների տեր մարդիկ: Ծաղկեդրումից հետո խորանի շուրջ յուրաքանչյուր ուխտագնաց մտքեր հնչեցրեց հայ դասական գրողների ու անվանի մտավորականների` Հայոց ցեղասպանության մասին պատմող ստեղծագործություններից: Խորանում բաց թողեցի իմ կողմից տարված մեկ զույգ՝ արու եւ էգ աղավնի, որոնք բնավորվում են խորանի տարածքում` միանալով երկու զույգ աղավնիներին, որոնց այնտեղ բաց եմ թողել նախորդ տարի, եւ որոնք այժմ, մեկ տարի անց, դարձել են մեր ազգի սրբավայրի հիմնական բնակիչները: Իսկ Դդմաշենի Սուրբ Թադեւոս եկեղեցում կազմակերպված ժամերգությունն աննկարագրելի հուզիչ ստացվեց. հնչեց հարյուր համազանգ, հարյուրավոր մոմեր վառվեցին, խնկարկման ու խոնարհումի արարողությանը մասնակցեց ողջ գյուղը` մեծ ու փոքր»,- հավաստեց Ֆլորա Գրիգորյանը: Համայնքի բնակիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին համայնքի ղեկավարին` Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի հուշարձանի տեղադրման եւ բացման համար: «Գյուղի բոլոր մարդկանց հասանելի չէր` ամեն տարվա ապրիլի 24-ին մայրաքաղաք հասնել եւ մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին: Հիմա գյուղովի կարող ենք ամեն ապրիլի 24-ին մատուցել մեր հոգու տուրքը մեր անմեղ ու սուրբ նահատակների հիշատակին»,- նշեց Դդմաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սեդրակ Գալստյանը:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am