Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Երբեք չկիսված ցավ. Արամ Անանյանի հոդվածը «Cyprus mail»-ում

Երբեք չկիսված ցավ. Արամ Անանյանի հոդվածը «Cyprus mail»-ում

ՆԻԿՈՍԻԱ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի ամենահեղինակավոր անգլալեզու «Cyprus mail» օրաթերթը հրապարակել է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն, պատմաբան Արամ Անանյանի հոդվածը` Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականության նոր դրսևորումների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք «Երբեք չկիսված ցավ. հայերին ուղղված թուրքական ցավակցություններն անկեղծ չեն» վերտառությամբ հոդվածի թարգմանությունը:

Ահարոն Մանուկյանը մեկն է Հայոց ցեղասպանության երկու տասնյակից ավելի վերապրողներից , որոնք ապրում են Հայաստանում: Մարտի 20-ին` կազմակերպված սպանդը եւ մահվան երթերը վերապրած օսմանահպատակ հայերի թոռներին ուղղված Դաղութօղլուի ցավակցական հայտարարությունից մեկ ամիս առաջ, լրացավ նրա 101-ամյակը:   

Ահարոնի աչքերը բացահայտում են նրա բնավորության գծերը, իսկ ձեռքերը` մատնում դժվարություններով եւ վայրիվերումներով լեցուն կյանքի պատմությունը: Ահարոնի անձնագրում Թուրքիան նշված է իբրև ծննդավայր, բայց այն, ինչ նա կոչում է տուն, ամերիկյան որբանոցն է Հայաստանում:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հետևելով իր ղեկավար Էրդողանին, գրեթե մեկամյա դադարից հետո Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ բավական կանխատեսելի հայտարարություն արեց եւ ապրիլի 20-ին ցավակցություն հայտնեց 1915թ. Հայոց ցեղասպանության բոլոր սարսափները վերապրած օսմանահպատակ հայերի ժառանգներին:

Այս ցավակցությունները հնչեցին, երբ արդեն Ֆրանցիսկոս պապը 1915-ի ջարդերն աներկբայորեն անվանել էր ցեղասպանություն, Եվրոպական խորհրդարանը կոչ էր արել Թուրքիային առերեսվել իր հախուռն պատմությանը, իսկ Գերմանիան ու Ավստրիան, որոնք Առաջին աշխարհամարտի ընթացքում Թուրքիայի դաշնակիցներն էին, առավել մոտեցել էին մարդկության դեմ ուղղված այս հանցագործության ամբողջական ճանաչմանը:

Իրականում Անկարայի՝ երկխոսության պատրաստ լինելու այս հայտարարությունն ապակողմնորոշող ցուցիչ է, և նրանց համար, ովքեր իրազեկ են այս խնդրին, Թուրքիայի հայտարարությունը  ոչ այլ ինչ է, քան Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը հիմնարար` պատմական, քաղաքական եւ իրավական հարթություններից  հուզական մեքենայություններով հագեցած քննարկման դաշտ տեղափոխելու ևս մեկ փորձ:

Կոչի 450 բառում Դավութօղլուն կոչ է անում միասին «ամոքել անցյալ դարի ցավը եւ վերստեղծել մարդասիրական կապը»: Ավելին, Թուրքիայի գլխավոր դիվանագետը հայտարարում է, որ այս տարի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանում այդ ողբերգական դեպքերը ոգեկոչելու պատարագ կկազմակերպվի: Միեւնույն ժամանակ, նա խուսափում է ասել, որ Թուրքիայի հայերն այդ հնարավորությունը կստանան առաջին անգամ: Ինչպիսի մեծահոգություն…

Մինչդեռ հարյուր հազարավոր հայեր հարյուր տարի առաջ անթաղ մնացին Փոքր Ասիայի եւ Սիրիայի անապատներում: Այս տեսանկյունից Թուրքիայի ցավակցություններն անկեղծ ու ազնիվ չեն` պարզունակացնելով հանցագործությունը պատմության սեփական մեկնաբանության աստիճանի:

Փաստորեն, խոսելով Հայոց ցեղասպանության մասին` Թուրքիան օգտագործում է հարափոփոխ բառապաշար` կախված սպառողներից ու իրավիճակից: Այսպես, մի օր թուրք պաշտոնյաները կարող են սպառնալ Պապին, իսկ մյուս օրը խոսել մարդկային պարտքի եւ հիշողության մասին: Դավութօղլուն վերաշարադրում է այն, ինչ Էրդողանն ասել է մեկ տարի առաջ` իմաստալից կլինի, որ Թուրքիան եւ Հայաստանը միասնաբար հիշատակեն այդ դեպքերը: Իսկ այն, ինչ նա խուսափում է ասել, հետեւյալն է. այլ պետությունների ղեկավարների հետ մեկտեղ Էրդողանն ստացել է ապրիլի 24-ին Հայաստան այցելելու հրավեր` միասին հիշատակելու Հայոց ցեղասպանության տարելիցը: Այնինչ, Հիշատակի հենց այդ օրը նա նախընտրեց բեմադրել Գալիպոլիի ճակատամարտի ուռճացված տոնակատարություն:

Պատճառը միշտ էլ հետեւանքից կարևոր է: Հաշտեցման հեռանկարն ավելի մեծ ջանքեր է խլում, քան հետեւանքների շահարկումը: Դավութօղլուն առաջարկում է չքաղաքականացնել պատմությունը, սակայն անում է ուղիղ հակառակը` աջակցելով Թուրքիայի մեկդարյա ժխտողականությանը:

Ցեղասպանագետները գտնում են, որ Հայոց ցեղասպանությունը ծրագրվել է լուծելու մի շարք խնդիրներ: Օսմանյան ղեկավարությունն արմատախիլ է արել հայ քաղաքական, տնտեսական եւ մշակութային սերուցքը, տեղահանել է հայերին իրենց պատմական բնօրրանից` նպատակ ունենալով ոչ միայն խուսափել Օսմանյան կայսրության միջազգային պարտավորությունների կատարումից, այլև` համապարփակ քաղաքական եւ հասարակական բարեփոխումներ իրականացնելուց, որոնց նպատակը պետք է լիներ քրիստոնյա փոքրամասնությունների համընդհանուր եւ հիմնարար իրավունքների եւ արժեքների պաշտպանությունը: Դա անօտարելի իրավունք էր, որն Օսմանյան կայսրությունում երբեք էլ չապահովվեց: Այսպիսով, Թուրքիան նախընտրեց հայ ժողովրդի բնաջնջմամբ վերացնել Հայկական հարցը:

Ցավակցելու փոխարեն Դավութօղլուն ավելի ճիշտ կաներ նախ եւ առաջ անկեղծ ներողություն խնդրեր հատուկենտ վերապրողներից, որոնցից է Ահարոն Մանուկյանը. մարդ, ով իր մաշկի վրա է զգացել այդ անմարդկային վայրագությունները:   

Թուրքիայի վարչապետը ցանկանում է խուսափել նաև իրականության մեկ այլ մութ կողմից, երբ խոսում է ցավից` մոռանալով ասել, որ թուրք կառավարիչների բացարձակ մեծամասնությունը այդ ցավը ոչ երբևէ զգացել է, ոչ էլ կիսել:     

Բարոյական իմաստով այս մոտեցումը ցինիկ է, քանի որ հավասարեցնում է զոհի վերապրած եւ դահիճի երբեք չապրած ցավը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am