Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եվրոպական խաղերի շեմին բռնաճնշումներն Ադրբեջանում ուժեղացել են. միջազգային զեկույց

Եվրոպական խաղերի շեմին բռնաճնշումներն Ադրբեջանում  ուժեղացել են. 
միջազգային 
զեկույց

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խաղերի շեմին Ադրբեջանում զգալիորեն ուժեղացել են քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական կազմակերպությունների եւ լրագրողների դեմ բռնաճնշումները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է «Իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության օբսերվատորիա» կազմակերպության կողմից ապրիլի 21-ին հրապարակված զեկույցում, որտեղ փաստաաթղթավորված են Ադրբեջանում 8 իրավապաշտպանների նկատմամբ բռնաճնշումների փաստերը:

«Անկախ հասարակական կազմակերպությունների առաջնորդների մեծ մասը ձերբակալվել է: Նրանց կալանքում պահման պայմանները զզվելի են, նրանցից ոմանց, ինչպիսին Լեյլա Յունուսն ու Ինթիգամ Ալիեւն են, վիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում»,-  հայտարարել է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի գլխավոր քարտուղար Ջերալդ Ստաբերոկը:

2015 թվականի հունվարին «Իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության օբսերվատորիա»-ն  փաստերը հաստատելու գծով առաքելություն է ուղարկել Բաքու` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման համար: Չնայած իշխանություններին ուղղված խնդրանքներին` պատվիրակությանը չի թույալտրվել այցելել ձերբակալված իրավապաշտպաններին:

Ըստ կառույցի՝ վերջին երկու տարիներին նախկին խորհրդային շատ պետություններ, այդ թվում՝ Ադրբեջանը, դաժանորեն են վերաբերվում քաղաքացիական հասարակության հետ` իրականացնելով չափազանց ռեպրեսիվ քաղաքականություն: Բաքվում հունիսին անցկացվելիք Եվրոխաղերի շեմին միջազգային հանրակցությունը պետք է անհանգստություն հայտնի Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ:

«Մենք հույս ունենք, որ Եվրոխաղերին մասնակցող երկրների առաջնորդները կօգտվեն իրենց ընձեռնված հնարավորությունից, որպեսզի դատապարտեն Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի իրավիճակը: Հենց այդ պատճառով մենք նրանց խնդրում ենք պաշտոնապես հայտարարել, որ բացման արարողությանը նրանց մասնակցությունը հնարավոր կդառնա միայն բոլոր իրավապաշտպան քաղբանտարկյալներին ազատ արձակելու դեպքում»,- հայտարարել է Իրավապաշտպան կազմակերպությունների ֆեդերացիայի (FIDH) ղեկավար Սուեր Բելհասենը:

Ադրբեջանական կառավարությունն «արաբական գարունը», Ռուսաստանում եւ Թուրքիայում խոշոր ցույցերը, Ուկրաինայում իրադարձությունները ազգային անվտանգության «սպառնալիք» է համարում: Այդ պատճառաբանությամբ իշխանությունները սկսել են հաշվերհարդար տեսնել ոչ կառավարական կազմակերպությունների եւ նրանց առաջնորդների հետ, խստացրել են օրենքները, սահմանափակել են քաղաքացիական հասարակության գործունեությունը:

Այդ օրենքները գործնականում անհնարին են դարձրել Ադրբեջանում հասարակական կազմակերպությունների գործունեությունը, նշվում է զեկույցում:

50 էջանոց այդ փաստաթուղթը երկրում իրավիճակի մասին մանրամասն տեղեկություն եւ Ադրբեջանի իշխանություններին եւ այդ երկրի հիմնական գործընկերներին` ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրամիությանը, Եվրոպայի Խորհրդին ուղղված կոնկրետ խորհրդատվություն է պարունակում առ այն, որ նրանք պետք է քայլեր կատարեն, որպեսզի Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության իրավիճակը փոխեն դեպի լավը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am