Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

2,5 անգամ ընդարձակված տարածք, 12 ցուցասրահ, 50 խորագիր. Հայոց ցեղասպանության թանգարանը բացեց դռները

2,5 անգամ ընդարձակված տարածք, 12 ցուցասրահ, 50 խորագիր. Հայոց 
ցեղասպանության թանգարանը բացեց դռները

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին հանդես է գալիս թարմացված և հարստացված ցուցադրությամբ: Ապրիլի 21-ին կատարվեց թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական բացումը: Լրագրողների հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը տեղեկացրեց, որ թանգարանի հավաքածուն 90 հազարից անցնում է, որն աշխարհում Հայոց ցեղասպանության թեմայով ամենամեծ հավաքածուն է: «Մենք մանրամասն ու համակարգված ձևով ենք գործել թեման ներկայացնելիս: Մենք այս 7-8 տարվա ընթացքում զուգահեռ զբաղվել ենք նաև հավաքչական աշխատանքով և ինչ-որ առումով բախտավոր ենք, այն, ինչ ցանկացանք, կարողացանք ձեռք բերել աջակցության, նվիրատվության միջոցով: Սա մեծ հնարավորություն տվեց պատրաստելու մշտական ցուցադրություն և 100-րդ տարելիցի շրջանակներում աշխարհի 50 քաղաքներում արդեն ցուցադրություն ենք պատարստել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով` թանգարանի նոր ցուցադրությունն ուղղված է ավելի շատ դրսի լսարանին, ովքեր որևէ կերպ չեն կարող կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության ծրագրված ու նպատակադրված բնույթը: «Այստեղ ցանկացած ոք կհայտնվի ծիծաղելի վիճակում, եթե փորձի այս ամբողջ իրեղեն ապացույցներին, պատմություններին, տեսողական նյութերին ծանոթանալուց հետո ժխտել Հայոց ցեղապսանության փաստը»,-հայտնեց թանգարան-ինստիտուտի տնօրենը:

Հայկ Դեմոյանը տեղեկացրեց, որ ապրիլի 23-ին 20 լրատվամիջոցի ներկայացուցիչներ, այդ թվում` թուրքական, հնարավորություն կունենան ծանոթանալ նոր ցուցադրությանը: «Թանգարանն` իր նոր, գերհագեցած նյութով, ներկայանալու է ոչ թե որպես հայ ժողովրդի, Հայաստանի հիշողությունը ներկայացնող ցուցադրություն, այլ սա հավասարապես Թուրքիայի ու թուրքերի պատմությունն է ցուցադրում: Ուստի այս թանգարանը նաև հարթակ է, որ թուրք երիտասարդությունը գա ու առերեսվի սեփական պատմության այն  դրվագներին, որ մերժում, պարտակում են այն նույն իշխանությունները, որոնք թույլ չեն տալիս թուրք երիտասարդությանը շփվել Թվիթերի կամ Յոթուբի միջոցով: Այսինքն` մենք թույլ ենք տալիս հարևան երկրի նոր սերնդի ներկայացուցիչներին գալ այստեղ, իրենց ատողներ չկան այստեղ: Այս պատմությունը մենք ներկայացրել ենք ոչ թե ատելություն սերմանելու, այլ իրազեկելու համար»,-ասաց Հայկ Դեմոյանը:

Նա տեղեկացրեց, որ թանգարանը սովորական այցելուների համար բաց կլինի ապրիլի 25-ից, իսկ մինչ այդ նոր ցուցադրությունը հասանելի կլինի միայն արտասահմանյան պատվիրակությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

Դեմոյանի տեղեկացմամբ` թանգարանի ցուցադրական տարածքն ընդարձակվել է 2,5 անգամ, նախկին 3-ի փոխարեն այժմ գործելու է 12 ցուցասրահ, պատրաստվել է 50 խորագիր: «Ժամանակավոր խոշոր սրահ ունենք, որտեղ հյուրընկալելու ենք մեր գործընկեր թանգարանների պատրաստի ցուցադրությունները: Միայն այս տարի 5 ժամանակավոր ցուցադրություն է լինելու»,-ասաց Հայկ Դեմոյանը:

Ինչ վերաբերում է թանգարանի շինարարության ծախսերին, ապա դրանք կազմել են 4.5 միլիոն դոլար` բարերարների նվիրատվությամբ: «Աջակցել են Գաբրիել Ջեմբերջյանը, Ռալֆ Յիրիկյանը, թանգարանի հավաքածուն մշտապես հարստացնելու համար աջակցություն է ցուցաբերում Ջեւան Չելոյանցը` մոսկվայաբնակ մեր հայրենակիցը: Իմ որոշմամբ` որևէ լրացուցիչ ֆինանսավորում թանգարանի դիզայներական նախագիծը մշակելու, ցուցադրությունը պատրաստելու համար չի տրամադրվել: Դիզայներները համաձայնել են մեր այս որոշման հետ: Սա եղել է մեր բարոյական մոտեցումը»,-նշեց Հայկ Դեմոյանը:

2011-2014 թվականներին տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնավերանորոգման աշխատանքները, բարեկարգվել է Ծիծեռնակաբերդի ճեմուղին և հարակից տարածքը: Հիմնավերանորոգվել է թանգարան-ինստիտուտի հիմնական մասնաշենքը, կառուցվել է վարչական մասը` գրադարան, գիտաժողովների սրահ, պահոցներ:

Հայոց ցեղասպանության թանգարանը վերաբացվեց նոր ու ընդարձակ ցուցադրությամբ: Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am