Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կանադացի գրողը Հայոց ցեղասպանության դեպքերն ամփոփել է մեկ ուղեցույց- հանրագիտարանում

Կանադացի գրողը Հայոց ցեղասպանության դեպքերն ամփոփել է մեկ ուղեցույց-
հանրագիտարանում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Թագավորական ռազմական քոլեջի պրոֆեսոր, գիտնական, գրող Ալան Ուայթհորնը ցեղապանության տարելիցին ընդառաջ պատրաստել է «Հայոց ցեղասպանություն. կարևոր տեղեկատու ուղեցույց», որը ներկայացնում է դեպքերն ավելի քան 400 էջ ունեցող հանրագիտարանի տեսքով: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակն իր ողջ կյանքի ընթացքում հետապնդող գրողը երեք տարի աշխատել է անգլերեն ուղեցույցը ստեղծելու համար:

«Այս հանրագիտարանի նման աշխատանք դեռևս չի կատարվել: Այս ընթացքում ուսումնասիրվել են ցեղասպանության մասին գրված հսկայական քանակությամբ նյութեր: 1915 թվականի թերթերի անդրադարձներից էջեր կան, ինչպես նաև՝ ժամանակակից փաստաթղթեր: Հանրագիտարանը պարունակում է նաև ժամանակագրություն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայ ընթերցասերների հետ հանդիպման ընթացքում նշեց Ալան Ուայթհորնը: Նրա խոսքով՝ հանրագիտարանը հասանելի է և՛ գրքային, և՛ էլեկտրոնային տարբերակով:

Կանադացի գրողի մեծ մայրը ազգությամբ հայ է եղել` Մեծ Եղեռնից փրկված «մի որբ երեխա» : «Երբ ես փոքր էի, լսել էի ցեղասպանության մասին, բայց ավելի խորությամբ սկսեցի ուսումնասիրել 1960-ից հետո: Իմ մեծ մայրը չգիտեր իր տարիքն ու իսկական անունը, նա ապրել է որբանոցում և որդեգրվել հայկական ընտանիքի կողմից»,-նշեց նա:

Ալան Ուայթհորնը վստահ է՝ շատ կարևոր է ուրիշներին էլ տեղյակ պահել Հայոց ցեղասպանոթյան մասին: Նա փաստում է, որ յուրաքանչյուր ընտանիք ցեղասպանությանն առնչվող իր անձնական պատմությունն ունի:

«Մի քանի անգամ փորձել եմ Հայաստան գալ, ամեն անգամ ինչ-որ բան էր կատարվում, չէի կարողանում գալ: 2005 թվականին վերջապես հաջողվեց գալ, դրա արդյունքում գիրք ծնվեց: Տարիներ առաջ թուրքական կառավարությունը փորձեց ինձ լռեցնել ցեղասպանությանը նվիրված թեմաների շուրջ խոսելու համար՝ ահաբեկելով ինձ և իմ երկրի կառավարությանը, բայց հակառակ դրան ես գրեցի մեկ այլ գիրք»,-հավելեց նա՝ պատմելով իր գրքերի մասին:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ Ալան Ուայթհորնը Հայստանի մասին բազմաթիվ գործեր ունի: «Նրա մեջ հայկական արմատները շատ խորն են, զորեղ: Նրա նյութերն ի խորոց սրտի են: Նա աշխարհին բան ունի ասելու հայի անունից»,-նշեց Միլիտոնյանը և Հայաստանի գրողների միության վաստակի մեդալ հանձնեց նրան՝ փաստելով, որ գրական վաստակն ասելիքի կարևորությամբ է չափվում:

Ալան Ուայթհորնը Կանադայի Օնտարիո նահանգի Քինգսթոն քաղաքի Թագավորական ռազմական քոլեջի քաղաքական գիտությունների

պաշտոնաթող պրոֆեսոր է: Որպես ակադեմիկոս՝ Ալան Ուայթհորնը գրում է Հայոց  ցեղասպանության, մարդու իրավունքների մասին: Որպես պոետ՝ նա ուսումնասիրում է ցեղասպանության խնդիրները և դրա ազդեցությունը հայկական սփյուռքի ինքնության վրա: Հեղինակ է մոտ 150 ակադեմիական և լրագրային հոդվածների, ինչպես նաև 9 գրքի։ Գրել է «Հայոց եղեռնը. դիմակայություն անտարբերության իներցիային» (համահեղինակ), «Նախնիների ձայները. ինքնություն, ազգային արմատներ և վերհիշելով եղեռնը» պոեմը։

Իր գրական ժառանգության համար 2011-ին ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին պատրաստել է «Հայոց ցեղասպանություն. կարևոր տեղեկատու ուղեցույցը»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am