Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«24/04» համաշխարհային նվագախումբը Երևանում կհամախմբի 43 երկրների 123 երաժիշտների

«24/04» համաշխարհային նվագախումբը Երևանում կհամախմբի 43 երկրների 123 երաժիշտների

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 43 երկրների 123 երաժիշտներ պրիլի 24-ին աշխարհին կհիշեցնեն Հայոց ցեղասպանության մասին «Վերածնունդ» խորագիրը կրող համերգով: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, նվագախումբը կկրի «24/04» անվանումը: «Ապրիլի 24-ին` ժամը 20:15-ին, Հանրապետության հրապարակում կկայանա «Վերածնունդ» անվանումով համերգը: Լավագույն նվագախմբերի երաժիշտները հանդես կգան «24/04» համաշխարհային նվագախմբի կազմում: Շատ ուրախ ենք, որ նրանք արձագանքնեցին մեր հրավերին և տարբեր սերունդների ներկայացուցիչների կտեսնենք մեկ բեմում, ովքեր կփոխանցեն մեր ասելիքը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Սերգեյ Սմբատյանը:

Նրա տեղեկացմամբ` նվագախմբի կազմում ելույթ կունենան երաժիշտներ աշխարհի տարբեր ծայրերից` Հայաստան, Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Բոլիվիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Բուլղարիա, Չինաստան, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Խորվաթիա, Կուբա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էկվադոր, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Իրան, Թունիս, Իսրայել Իտալիա, Ղազախստան, Կորեա, Լատվիա, Լիտվա, Մալայզիա, Մեքսիկա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, ՌԴ, Շոտլանդիա, Սերբիա, Իսպանիա, Շվեյցարիա, Սիրիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, Ուզբեկստան: «Շատ բան է ասում այն, թե ինչ նվագախմբեր են ներկայացված` Բիրմինգհեմի սիմֆոնիկ, Իսրայելի, Վարշավայի, Սարաևոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Գերմանիայի սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի նվագախումբը, Համաշխարհային խաղաղության նվագախումբը և այլն»,-տեղեկացրեց դիրիժորը:

Նրա խոսքով` որպես մենակատարներ հանդես կգան ջութակահար, միջազգային մրցույթների հաղթող, Յան Սիբելիուսի անվան միջազգային միցույթի պատմության մեջ ամենաերիտասարդ դափնեկիր, Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահար, Չայկովսկու անվան, Կորեայի Geongnam, ԱՄՆ-ի Johansen երիտասարդ կառարողների, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Հախնազարյանը, դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանը:

Մենակատարների թվում են նաև բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան Մարիա Գուլեգինան, ով այսօր աշխարհում ամենամեծ պահանջարկ վայելող սոպրանոներից է:

«Նվագախումբը կկատարի վերջին 100 տարվա հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Չորս մասից բաղկացած համերգում կհնչեն Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Մակար Եկմալյանի, Ավետ Տերտերյանի, Էդուարդ Միրզոյանի և այլոց ստեղծագործությունները»,-նշեց Սերգեյ Սմբատյանը:

Ելույթներն ուղեկցվելու են տեսապատկերներով, որոնց միջոցով կներկայացվեն Արևմտյան Հայաստանի բնակավայրերը, մշակույթը, հայկական ավանդույթները: Կցուցադրվեն տեսարաններ ջարդից, գաղթի ճանապարհից: Անդրադարձ կլինի մեծ հումանիստներին, ովքեր կարևոր դեր են ունեցել հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների պաշտպանության, հայ գաղթականների փրկության հարցում:

Համերգը ղեկավարելու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am