Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ծովակում ստեղծվում է 33,2 հեկտար անտառ

Ծովակում ստեղծվում է 33,2 հեկտար անտառ

ԳԱՎԱՌ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում Միավորված ազգերի կազմակերպության նախաձեռնությամբ եւ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ մեկնարկեց անտառատնկման խոշոր ծրագիր, որն իրականացվելու է 33 հեկտարի վրա, 2 տեղամասերում: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Ծովակի գյուղապետարանում կայացած հանդիպման ժամանակ բնակիչներին անտառաստեղծման արդեն սկսած քայլերի մասին իրազեկեցին ՄԱԿ-ի «Կլիմա իստ պիլոտային ծրագիր Հայաստանում» ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Արամ Տեր-Զաքարյանը եւ անտառատունկ իրականացնող «Երիտասարդ անտառաբույծների միավորում» ՀԿ նախագահ, անտառագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանը:

Ըստ Արամ Տեր-Զաքարյանի` Ծովակում ՄԱԿ-ի նախաձեռնությամբ եւ Եվրոպական Միության ֆինանսական միջոցներով իրականացվող անտառատնկման այս խոշոր ծրագրին հաջորդելու են դաշտամիջյան ճանապարհների հիմնանորոգման եւ արոտների բարելավման ու կառավարման հանրօգուտ ծրագրերը: Իսկ անտառատնկման ծրագիրն իրականացնող կազմակերպության ղեկավար Անդրանիկ Ղուլիջանյանն իր հերթին տեղեկացրեց, որ Ծովակում նախատեսված է ստեղծել 33,2 հեկտար անտառ, որից 18,2 հեկտարը` Ծովակի հարավարեւելյան եզրին, 15 հեկտարը ` Սեւանա լճի ափից կես կիլոմետր հեռավորությամբ, «Սեւան ազգային պարկ»-ի կողմից կառավարվող տարածքում:

Անտառատնկման աշխատանքներում ընդգրկվելու են Ծովակի և Արեգունի համայնքների բնակիչները: Անտառատնկումից հետո Ծովակին մերձակա անտառի խնամքն ու հետագա կառավարումն իրականացնելու է Ծովակի գյուղապետարանը, Սեւանա լճին մերձակա տեղամասի անտառը` «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը: «Ձեզ հայտնի է, որ Սեւանա լճի ջրերի բարձրացման հետեւանքով մենք Գեղարքունիքի մարզում արդեն կորցրել ենք 1800 հեկտար անտառ, իսկ ծովի մակարդակից մինչև 1903,5 մետր բարձրության մակարդակում այդ թիվը հասնելու է մոտ 3800 հեկտարի:

ՀՀ կառավարության կողմից հաստատված Սևանա լճի շրջակա տարածքներում նոր անտառների հիմնման ծրագրով նախատեսվում է առաջիկա 10 տարիներին լճից ազատված գրունտներում և հարակից համայքների վարչական տարածքներում հիմնել 1096 հա նոր անտառներ, ինչը նկատելիորեն կբարելավի Սևանի ավազանի արդեն իսկ խախտված էկոլոգիական հավասարակշռությունը: Փաստորեն այս համայնքում իրականացվող անտառտնկման աշխատանքները կարելի է համարել նշված ծրագրի մեկնարկը: Հիմնական շեշտը դնելու ենք պտղատու վայրի ծառատեսակների` խնձորենու, տանձենու, սալորենու, արոսենու, կեռասենու, ընկուզենու աճեցման վրա, որպեսզի տարիներ անց բնակիչները նաեւ պտուղներից օգտվելու հնարավորություն ունենան: Ընտրել ենք հիմնականում 1,5 մետրից ավելի, բարձր կպչողականություն ունեցող տնկիներ, որոնք, համոզված ենք, կլինեն կենսունակ ավելի քան 70 տոկոսով: Լավ խնամքի ու մշակության դեպքում դրանք կորղ են նաեւ ավելի բարձր արդյունք ապահովել: Ընտրված տարածքները ոռոգելի են եւ գտնվելու են համայնքի հսկողության ու խնամքի ներքո:

Անտառատնկման, խնամքի ու պահպանության համար տրամադրված են բավարար միջոցներ, աշխատուժ, բայց շատ կարեւոր է նաեւ համայնքի բնակիչների անմիջական մասնակցությունը, սրտացավ վերաբերմունքը: Ծառատունկը նախատեսել ենք սկսել արագ թափով եւ ավարտել մինչեւ մայիս ամսվա սկիզբը, որից հետո տարվելու են խնամքի հետ կապված աշխատանքները»,-նշեց Անդրանիկ Ղուլիջանյանը:

Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով անտառաստեղծման ծրագիրը նախաձեռնող, ֆինանսավորող ու իրականացնող կառույցներին, վստահեցրեց, որ յուրաքանչյուր ծովակցի մասնակից կլինի դաշտապաշտպան անտառաշերտի ստեղծմանը, ամեն մի տնկի սիրով կջրի ու կխնամի, իսկ գյուղապետարանը կհոգա հետագա խնամքի ու պահպանության հետ կապված բոլոր խնդիրները: Ապա հանդիպման մասնակիցները տեղափոխվեցին Ծովակին մերձակա տարածք, որտեղ 18,2 հեկտարի վրա նախատեսված է անտառի հիմնումը: ՄԱԿ-ի «Կլիմա իստ պիլոտային ծրագիր Հայաստանում» ծրագրի կողմից անտառատնկման ծրագրում ընդգրկված բանվորներին բաժանվեց արտահագուստ: Ծառատունկի օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի Վարդենիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Տարոն քահանա Հունանյանը:

«Երիտասարդ անտառաբույծների միավորում» ՀԿ անդամները և ՀՀ բնապահպանության նախարարության «Զիկատար» բնապահպանական կենտրոնի մասնագետները բանվորների հետ անցկացրին ուսուցողական առաջին գործողությունները: Ծովակ հասցված տնկիների առաջին 10000 խմբաքանակները ծածկվեցին հողի շերտով, որոնք մեկ-երկու օրերի ընթացքում ամբողջությամբ տեղ են գտնելու արդեն բացված ակոսներում: «Տեղափոխելու ենք 33200 տնկի, այն հաշվարկով, որ ամեն մի հեկտարի վրա աճեցնենք մինչեւ հազար ծառ: Ծրագրի ավարտը նախատեսված է 2016 թվականի հոկտեմբերին: Համոզված եմ, որ բոլորս համատեղ ուժերով պատվով դուրս կգանք հանրօգուտ, բնապահպանական ու գյուղատնտեսական կարեւոր նշանակության այս ծրագրի կատարումից»,-հավաստիացրեց «Երիտասարդ անտառաբույծների միավորում» ՀԿ նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am