Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մոսկվայում կազմակերպվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսներ

Մոսկվայում կազմակերպվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսներ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում գտնվող Ռուսաստանի ռազմապատմական միության ցուցասրահում ապրիլի 15-ին  բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված և մեծ ողբերգության թեման արտացոլող «Ի հիշողություն սերունդների» խորագրով, հայ և ռուս հեղինակների ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը նախաձեռնել էին Ռուսաստանում հայ երիտասարդության կոնգրեսը և Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը` ՌԴ Մշակույթի նախարարության և ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը և ՌԴ մշակույթի փոխնախարար Գրիգորի Փիրումովը:

Դեսպան Եսայանն իր խոսքում ընդգծել է. «Սա ոչ միայն մեծ ողբերգություն է, այլև մեծ ոճրագործություն: Օսմանյան կառավարության կողմից նախադեպը չունեցող այս ոճրագործության արդյունքում ոչնչացվեց Արևմտյան Հայաստանում բնակվող 2 միլիոն հայ բնակչությունից 1.5 միլիոնը: Իսկ հրաշքով փրկված ու տեղահանված հայերը սփռվեցին աշխարհով մեկ»: Դեսպանը հավելել է, որ այս օրերին ողջ հայ ժողովուրդը վերստին երախտագիտության խոսքեր է հղում բոլոր այն պետություններին և ժողովուրդներին, որոնք ճանաչել և դատապարտել են Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրագործված հայ ժողովրդի ցեղասպանությունը:

Ցուցահանդեսը, որին ներկայացված են ինչպես երիտասարդ, այնպես էլ անվանի ստեղծագործողների աշխատանքներ, կգործի մինչև ապրիլի 30-ը:

Նույն օրը ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ Մոսկվայի «ЮВС» ցուցասրահում բացվել է «100 տարի անց. 20-րդ դարի առաջին կեսի հայ գեղանկարիչները» խորագրով ցուցահանդեսը (նախագծի համակարգող` Էլեն Նաշիկյան), որին ներկայացված են 20-րդ դարասկզբի անվանի հայ նկարիչների` Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի և այլոց հայտնի աշխատանքները:

Իր ողջույնի խոսքում դեսպան Եսայանը կարևորել է 20-րդ դարի առաջին կեսի հայ մեծանուն նկարիչների աշխատանքների ցուցադրման կազմակերպումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային` Օլեգ Եսայանը նշել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը կհանդիսանա նոր սկիզբ 20-րդ դարի մեծ ողբերգության ճանաչման և դատապարտման գործընթացում: «Իրագործված ոճրագործությունը, որպես երևույթ, որը ծնեց այս մեծ ողբերգությունը, կվերանա իրականությունից ու կդառնա պատմություն սոսկ իր ճանաչման պարագայում ոչ միայն ողջ աշխարհի, այլև հենց Թուրքիայի կողմից», - ընդգծել է դեսպանը: 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am