Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սերգեյ Կարյակինի համար ֆավորիտները Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան և Չինաստանն են. ԲԱՑԱՌԻԿ

Սերգեյ Կարյակինի համար ֆավորիտները Հայաստանը, Ռուսաստանը, 
Ուկրաինան և Չինաստանն են. ԲԱՑԱՌԻԿ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրեր անց ամբողջ աշխարհի շախմատասերների և հին խաղի գիտակների ուշադրության կենտրոնում կհայտնվի Հայաստանի գողտրիկ վայրերից մեկը` Ծաղկաձորը, որն այս տարի հյուրընկալելու է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: 10 թիմերի շարքում` Հայաստանի հավաքականի հիմնական մրցակիցներից մեկը կլինի Ռուսաստանի հավաքականը, ով այս առաջնությանը ներկայացել է առանց հիմնական առաջատարներից մեկի` Վլադիմիր Կրամնիկի: Առաջնության մեկնարկից մի քանի օր առաջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչ, ռուսական շախմատի երիտասարդ սերնդի ամենահեռանկարային շախմատիստներից մեկի` Սերգեյ Կարյակինի հետ:

-Պարոն Կարյակին, ի՞նչ սպասելիքներ ունեք շախմատի աշխարհի թիմային առաջնությունից, որն այս տարի կկայանա Հայաստանում:

-Մենք շախմատի աշխարհի թիմային առաջնության գործող չեմպիոններն ենք, և հրաշալի կլիներ, եթե կարողանայինք պահպանել այդ տիտղոսը: Սակայն ակնհայտ է, որ մեծ մրցակցություն է լինելու: Իմ կարծիքով, շատ սուր և ուժեղ մրցակցություն է գնալու մրցանակային տեղերի համար պայքարում:

-Ովքե՞ր են, ըստ Ձեզ, այս առաջնության ֆավորիտները:

-Ավանդաբար այս տեսակի մրցաշարերում ֆավորիտները Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը, Ուկրաինան և Չինաստանն են լինում: Հաշվի առնելով ԱՄՆ հավաքականի թուլացածությունը՝ նրանց ֆավորիտ չես համարի: Սակայն առանձին վերցրած նրանք նույնպես ուժեղ են:

-Ինչպիսի՞ հնարավորություններ ունի Ռուսաստանի հավաքականն այն դեպքում, երբ այս անգամ թիմի կազմում չկա Կրամնիկը:

-Առանց Կրամնիկի խաղալը, բնականաբար, դժվար է, ամեն դեպքում մեր հավաքականը բավականին ուժեղ է: Թիմային ոգին ուժեղ է, և մենք մեր ամբողջ ուժերը ներդնելու ենք արդյունքի հասնելու համար:

-Արդյոք մինչ այս եղե՞լ եք Հայաստանում, և ի՞նչ գիտեք մեր երկրի մասին:

-Հայաստանում եղել եմ երկու անգամ: Մեկ անգամ 2007 թվականին, երբ Լևոն Արոնյանի հետ ընդհանուր հավաքի էինք հավակնորդների մրցաշարից առաջ, որն, ի դեպ, հենց Ծաղկաձորում էր, իսկ երկրորդ անգամ՝ ՖԻԴԵ-ի Գրան-Պրիի ժամանակ Ջերմուկում 2009 թվականին: Երկու անգամն էլ ինձ ամեն ինչ դուր եկավ, հույս ունեմ այս անգամ ևս հայերին բնորոշ հյուրընկալությունը բարձր մակարդակ կունենա:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարը` ՍերգեյԿարյակինի ֆեյսբուքյան էջից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am