Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արա Զոհրաբյանը ողջունում է փաստաբանների կողմից ստեղծվող ՀԿ-ի վերահսկողական ձգտումները

Արա Զոհրաբյանը ողջունում է փաստաբանների կողմից ստեղծվող ՀԿ-ի վերահսկողական ձգտումները

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստաբանների պալատը պատրաստ է համագործակցել այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնց կանոնադրական նպատակները համընկնում են իր կանոնադրական նպատակներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծում է ՀՀ փաստաբանների նախագահ Արա Զոհրաբյանը`  իր դրական վերաբերմունքն արտահայտելով փաստաբանների կողմից ստեղծվող հասարակական կազմակերպության վերահսկողական ձգտումների մասին:

- Պարոն Զոհրաբյան, վերջերս մամուլում լուրեր են շրջանառվում, որ փաստաբանների մի խումբ հասարակական կազմակերպություն կամ ակումբ է հիմնադրում, և կարծես թե դա դիտարկվում էր որպես պառակտման փորձ։ Ո՞րն է Ձեր կարծիքը այս կառույցի վերաբերյալ։

–Հասարակական կազմակերպություն հիմնադրելը դա մեր քաղաքացիների, այդ թվում՝ փաստաբանների իրավունքն է։ Ինքնին հասարակական կազմակերպության ստեղծման և գործունեության ծավալման մեջ որևէ վատ բան չեմ տեսնում։ Հակառակը, եթե այդ կառույցը կլինի գիտելիքների կամ դրական փորձի պաշար ունեցող անձանց միավորում, որոնք կծառայեն այդ կազմակերպության կանոնադրական նպատակներին, ապա դրանից միայն փաստաբանական համայնքը կշահի։ Հարկ եմ համարում տեղեկացնել, որ Փաստաբանների պալատը միշտ համագործակցել է և կհամագործակցի այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնց կանոնադրական նպատակները համընկնում են Փաստաբանների պալատի կանոնադրական նպատակներին։

- Բայց մամուլում խոսվում էր նաև նրա մասին, որ այդ կազմակերպությունը ստեղծվում է, որպեսզի վերահսկի Փաստաբանների պալատին։

– Հասարակական վերահսկողությունը ամենակարևոր գործիքն է, որը լուրջ զսպաշապիկ է պետական մարմինների և հանրային նշանակության կազմակերպությունների համար։ Փաստաբանների պալատը հաշվետու է փաստաբաններին։ Այնպես որ, դրական եմ վերաբերվում փաստաբանների կողմից ստեղծվող հասարակական կազմակերպության վերահսկողական ձգտումներին, եթե այդպիսիք կան։

- Իսկ ի՞նչ կարծիք ունեք այն ձգտման կամ տեսակետների վերաբերյալ,  որ Փաստաբանների պալատը չպետք  է միակ կառույցը լինի փաստաբանների համար, և լավ կլինի, որ մի քանի կառույցներ լինեն:

– Այս հարցի վերաբերյալ իմ կարծիքը նախ` որպես փաստաբան և երկրորդը` որպես փաստաբանների պալատի ներկայացուցիչ, հետևյալն է։ Նախկինում, երբ կային երեք փաստաբանական միություններ, մենք երազում էինք, որ լինենք մեկ կառույցի ներքո։ Նախկինում առիթներ ունեցել ենք պետական մարմինների դեմ պայքարում փաստաբաններին համախմբելու փորձեր կատարել ու փաստաբաններիս սեփական փորձով ենք զգացել, որ մեր ուժը միասնականության մեջ է։  2005 թվականին օրենքի ուժով մենք այդ հնարավորությունն ունեցանք, ստեղծվեց Փաստաբանների պալատը՝ լրիվ ինքնակառավարման հնարավորություններով։ Փաստաբանների պալատ, Փաստաբանական դպրոց, Հանրային պաշտպանի գրասենյակ։ Փաստաբանների պալատն է արտոնագրում փաստաբաններին, կազմակերպում վերապատրաստման դասընթացներ։ Գնալով դժվարանում է փաստաբան դառնալու ճանապարհը։ Խստացվում է գիտելիքների նկատմամբ պահանջը։ Փաստաբանների հեղինակությունն օրեցօր բարձրանում է շնորհիվ հմուտ փաստաբանների սկզբունքային գործունեության։ Փաստաբանական համայնքը փորձում է ինքնամաքրվել։ Չի խնայում իր մեջ գտնվող վատ փաստաբանին, չի ասում վատն է, բայց մեր վատն է, եկեք պահենք։ Փաստաբանների պալատն այս համատեքստում ծառայում է և պետք է ծառայի փաստաբաններին։ Փաստաբանը զբաղված է իր առօրյա հոգսերով, իր առօրյա պայքարով և նա չէ, որ պետք է իր ժամանակը ծախսի փաստաբանների ընդհանուր խնդիրները լուծելու համար։ Դրանով պետք է զբաղվի փաստաբաններին պատկանող կառույցը՝ Փաստաբանների պալատը։ Հիմա, եթե կլինեն որոշ փաստաբաններ, որոնք կցանկանան այս միասնականությունը վերացնել, ինչն անխուսափելիորեն կթուլացնի փաստաբանությունը, ապա դա առնվազն պետք է իրագործեն պետական իրավասու մարմինների միջոցով։ Այլ տարբերակ չկա։ Եթե կլինեն այդպիսի չինովնիկներ և նրանց հետ համագործակցող փաստաբաններ, ապա առաջինը ես դուրս կգամ նրանց դեմ պայքարի և վստահ եմ, որ նաև՝ փաստաբանների գերակշիռ մեծամասնությունը։

- Ձեր կարծիքով ինչու՞ պետք է որոշ փաստաբաններ դժգոհեն փաստաբանների պալատից։

– Պայմանականորեն կարելի է դժգոհությունները բաժանել երեք խմբի։ Նախ կարող են դժգոհել փաստաբանների պալատից, որովհետև պալատը կարող է սխալներ թույլ տալ, որոշ հարցերում առաջընթաց չարձանագրել և այլն։ Այս տեսակ դժգոհություններին կամ քննադատություններին կառուցողական ենք վերաբերվում և փորձում ենք մեր սխալները շտկել։ Ի վերջո, փաստաբանների պալատը կենդանի օրգանիզմ է։

Երկրորդ խումբ դժգոհությունը արհեստածին է, քանի որ փաստաբանների պալատը պատերազմ է հայտարարել այն փաստաբաններին, ովքեր, ի հակասումն փաստաբանի վարքագծի կանոնագրքով նախատեսված սկզբունքների, «միջնորդություններով» են զբաղված։ Շատ դժվար գործ է, բայց բոլոր դեպքերում ձեռնոցն արդեն նետված է, իսկ դա նշանակում է հակազդեցություն այդ տեսակի փաստաբանների կողմից։

Երրորդ խումբ դժգոհությունը նույնպես արհեստածին է և, իմ կարծիքով, ծնվել է փաստաբանների պալատի հետևյալ գործելակերպից։ Փաստաբանների պալատը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների օրենքի նախագիծ է մշակել, հիմա քննարկումների փուլում է, և  մտադիր է առաջարկել օրենքով հստակ նախատեսել, որ փաստաբանական գրասենյակների բաժնեմասերի 100 տոկոսը պետք է պատկանի միայն փաստաբաններին:

Եվրոպայի փաստաբանների միությունների և իրավական համայնքների խորհրդի (CCBE) կողմից ընդունված փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.6 կետով, որը պարտադիր է CCBE բոլոր 32 անդամ փաստաբանական համայնքների համար, արգելվում է փաստաբանի հոնորարը (դիվիդենտը) կիսել ոչ փաստաբանի հետ։ Այդ փաստաբանական համայնքների պետություններն են մասնավորապես, Ավստրիան, Կիպրոսը, Ֆինլանդիան, Հունգարիան, Բելգիան, Չեխիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Նորվեգիան, Սլովակիան, Շվեյցարիան, Դանիան, Իռլանդիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Սլովենիան, Հոլանդիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան։ Ռուսաստանի Դաշնությունում նույնպես փաստաբանական միավորումներ կարող են ստեղծել միայն փաստաբանները։

Փաստաբանի կողմից իր հոնորարը ոչ փաստաբանի հետ կիսելու արգելքն ուղղված է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը՝ բացառելով պետական աշխատողին կամ դատախազին, դատավորին` անձամբ կամ իր ազգականի միջոցով հիմնելու փաստաբանական գրասենյակ և լեգալացնելու իր կողմից վերցվող կաշառքները` քողարկելով այն փաստաբանական հոնորարի տակ:

Փաստաբանների պալատի այս մոտեցումը որոշ չինովնիկների և նրանց հետ կապակցված փաստաբանների մոտ դժգոհություններ է առաջացրել, ինչը նույնպես հակազդեցության տրամադրություններ է ստեղծում նրանց մոտ։

Իհարկե, սա չի նշանակում, որ այս մոտեցումից դժգոհ բոլոր փաստաբաններն են փոխկապակցված պաշտոնատար անձանց հետ։

Ամփոփելով ուղղակի կնշեմ, որ մենք մեր ուղղությունը գիտենք և կսպասենք հետագա զարգացումներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am