Պատգամավորը ՀՀ վարչապետի մոտ կոռուպցիայի դեմ պայքարելու կամքի ուժ տեսնում է
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսյանյանը համոզված է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտ կամքի ուժ ունի կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Ապրիլի 1-ին կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ քննարկման ընթացքում Լեռնիկ Ալեքսանյանը վստահեցրեց, որ ՀՀ վարչապետն ազնիվ պայքար է մղում կոռուպցիայի դեմ: «Հանրապետության վարչապետն այդ կամքի ուժ և ներուժ ունի՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Ինքն ազնվորեն է պայքարելու այդ երևույթի դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ալեքսանյանը:
Նա հավելեց, որ կոռուպցիայի դեմ պետք է յուրաքանչյուր ոք իր հնարավորությունների շրջանակներում պայքարի: «Սկսած 1990թ-ից.՝ բոլոր պաշտոնյաների մասին խոսում են՝ որպես բիզնեսմեններ և կոռուպցիոներներ: Սակայն կոռուպցիան անհատական երևույթ չէ, այլ մի ամբողջական մեխանիզմ: Ամեն մեկս մեր տեղում պետք է դրա դեմ պայքարենք»,- ընդգծեց պատգամավորը:
ՀՀ կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որի նպատակը կոռուպցիոն ռազմավարության, դրա հիման վրա մշակված տարբեր ծրագրերի, միջոցառումների քննարկումն ու անցկացումն է: Խորհրդի կազմում ընդգրկվելու են նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, ինչի համար Կառավարությունը նամակով դիմել է ԱԺ նախագահին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում