Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ժամանակն է, որ Նորվեգիան և մյուս երկրները պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը. նանսենագետ

Ժամանակն է, որ Նորվեգիան և մյուս երկրները պաշտոնապես ճանաչեն Հայոց 
ցեղասպանությունը. նանսենագետ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգացի պատմաբան, նանսենագետ Կարլ ԷմիլՖոգտը խիստ վշտացված է իր երկրի դիրքորոշմամբ Հայոց ցեղասպանության հարցում: «Արմենպրես»-ը ներկայացնում է մեծ մարդասերի կենսագիր Կարլ ԷմիլՖոգտի հետ բացառիկ հարցազրույց, որտեղ անդրադարձ է կատարվում Նորվեգիայի կառավարության դիրքորոշմանը, Նանսենի թողած ժառանգությանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին միջազգային ճանաչման անհրաժեշտությանը: 

-Հաշվի առնելով Ֆրիտյոֆ Նանսենի գործողությունները, որոնք ուղղված էին պաշտպանելու Հայոց ցեղասպանության հետևանքով փախստական դարձած հայերի ոտնահարված իրավունքները` ի՞նչ գնահատական կտաք Նորվեգիայի ներկայիս դիրքորոշմանը ցեղասպանության հարցում:

-Այն դեպքում, երբ, օրինակ, Նորվեգիայի սկանդինավյան հարևանը` Շվեդիան, պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, Նորվեգիան դա չի անում: Ցեղասպանությունն իր ճիշտ անունով կոչելու երկմտությունը, իհարկե, կապված է ՆԱՏՕ-ում Նորվեգիայի անդամակցության հետ: Թուրքիան այնտեղ նրա համար դաշնակից է, և քանի որ թուրքական կառավարությունը շատ ակտիվ է համաշարհային մակարդակով «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը կանխելու գործում, Նորվեգիան էլ խուսափում է դրանից: Ես ինքս գիտակցաբար կիրառեցի այս եզրույթը 2011 թվականին Օսլոյում Նոբելյան խաղաղության կետնրոնում կազմակերպված ցուցադրության ժամանակ, որը նվիրված էր Նանսենի 150-ամյակին: Նորվեգիայում Թուրքիայի դեսպանը Նոբելյան ինստիտուտի տնօրենին պաշտոնապես բողոք ներկայացրեց: Բողոքին պատասխան այդպես էլ չտրվեց: Թեպետ Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր չէ, սակայն ճշմարիտ է այն, որ դաշինքի անդամ մի շարք երկրներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

-Նորվեգիան ծնունդ է տվել այնպիսի հումանիստի, ինչպիսին Նանսենն էր: Չե՞ք կարծում, որ ժխտելով Հայոց ցեղասպանությունը` Նորվեգիան մեղանչում է նրա հիշատակի առաջ:

-Իրավամբ, Նորվեգիան որդեգրել է մի դիրքորոշում, որը բնորոշ է շատ երկրների. նրանք չեն կիրառում «ցեղասպանություն» եզրույթը: Ես վստահաբար կարծում եմ, որ սա շատ ցավալի և ողբերգական սխալ է:

-Դուք շատ ուսումնասիրություններ եք կատարել Նանսենի և նրա գործունեության վերաբերյալ: Ի՞նչ դեպքեր կառանձնացնեք հայ փախստականների հետ տարած նրա աշխատանքից:

-Նանսենը հայ ժողովրդի իսկական ընկերն էր: Ամենասկզբից էլ նա տեղյակ էր Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների, մասնավորապես հայերի ու հույների զանգվածային սպանություններին: Որպես Ազգերի լիգայի` փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար` նա տեսավ հայերի տառապանքները: Սակայն հենց 1925 թվականին, երբ Նանսենը որպես Ազգերի լիգայի փորձագետների խմբի ղեկավար ժամանեց Խորհրդային Հայաստան, դարձավ հայկական հարցի նվիրյալը: Նա տեսավ Ցեղասպանության ընթացքում կործանված գյուղեր, նրան սարսափելի պատմություններ պատմեցին կատարվածի վերաբերյալ: Այս ամենը մեծ ազդեցություն թողեց Նանսենի վրա և նրան հավերժ փոխեց: Իր կյանքի հաջորդ տարիները նա նվիրեց հայերի պայքարին:

-Որպես գիտնական` ինչպե՞ս եք մտադիր Հայոց ցեղասպանության հարցում բարձրացնել գալիք սերունդների իրազեկվածության մակարդակը:

-Երբ ինձ մոտենում են մարդիկ և հարցնում, թե արդյոք պե՞տք է կիրառել «ցեղասպանություն» եզրույթը, ես քաջալերում եմ նրանց անել դա: Ես պատմում եմ նրանց, որ դա խնդրահարույց թեմա  չէ, այլ փաստ, որը ժխտվում է միայն Թուրքիայի իշխանություններ կողմից: Ես կիրառում եմ այս եզրույթը ամեն հնարավոր առիթի դեպքում: Ես նաև կփորձեմ որպես գիտնական տեղեկություններ տարածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

-Մարդկության դեմ գործված մեծագույն հանցագործություններից մեկի 100-րդ տարելիցին ի՞նչ կոչ կանեք Նորվեգիային, Թուրքիային և միջազգային հանրությանը:

-Ժամանակն է, որ Նորվեգիան և մյուս երկրները պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Դա արդեն արել են Ֆրանսիան, Կանադան, Շվեդիան, Լեհաստանը, Լիտվան և շատ այլ երկրներ: Նորվեգիան` Ֆրիտյոֆ Նանսենի երկիրը, պետք է հետևի նրանց: Թուրքիան պետք է ճանաչի պատմական փաստերը և դադարի հետապնդել մարդկանց, ովքեր միայն իրենց կարծիքն են արտահայտում խնդրի հետ կապված: Թուրքիան պետք է ամբողջությամբ հետամուտ լինի մարդու հիմնարար իրավունքներին, ինչպիսին է խոսքի ազատությունը:

-Ապագայում Հայաստան այցելելու ծրագրեր ունե՞ք:

-Ես այցելել եմ Հայաստան 1999 թվականին և մեծապես ոգևորվել` տեսնելով, որ Նանսենի հիշատակը կենդանի է հասարակ հայերի շրջանում: Հայաստանը հրաշալի երկիր է` հարուստ և հետաքրքիր մշակույթով, և ես կցանկանայի վերադառնալ: Հեռվում գտնվող Արարատ լեռան պատկերը Երևանից միշտ ինձ հետ է:

Հարցազրույցը` Արաքս Կասյանի

Լուսանկարը`  Կարլ Էմիլ Ֆոգտի ֆեյսբուքյան էջից 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am