Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ապրիլի 24-ին Երեւանում կհարգի Ցեղասպանության զոհերի հիշատակը

Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ապրիլի 24-ին Երեւանում կհարգի 
Ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում լայն ժողովրդականություն վայելող Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր հայազգի Ալեքսիս Օհանյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը կլինի Հայաստանում: Նա այստեղ կլինի իր հայրիկի հետ ու կսպասի ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է տեխնոլոգիական ոլորտում մեծ հաջողություններ գրանցած Ալեքսիս Օհանյանի հետ բացառիկ հարցազրույցը: 

-Առաջին հերթին, մի փոքր կպատմե՞ք Ձեր ու Ձեր ընտանիքի պատմության մասին

 -Իմ պապիկը դա արդեն արել է: Մենք միասին Reddit-ի «Ես եմ...» բաժնում ստեղծել ենք հոդված: Պապիկս` Ջոն Օհանյանը պատմում է. «Իմ ծնողները որբացել են, երբ թուրքական կառավարությունը Թուրքիան մաքրեց հայ բնակչությունից Հայոց ցեղասպանության ընթացքում: Իմ մայրը մեկն էր այն փախստականներից, ով Թուրքիայից դեպի Սիրիա` Հալեպ, աքսորի ճանապարհը բռնեց, որի ժամանակ շատերը մահացան, այդ թվում` նրա եղբայրն ու քույրը:

Իմ հոր ծնողները սպանվել են նրա աչքի առաջ, երբ թուրքերը գրոհել են նրանց քաղաքը: Մի հեծյալ զինվոր ցանկացել է սպանել իմ հայրիկին, բայց նրա ընկերը կանգնեցրել է նրան` ասելով, որ երեխան չափազանց փոքր է և որպես միակ երեխա` իմ հայրը տարվել է Թուրքիայում գտնվող որբանոց: Նա առաջին անգամ ԱՄՆ է եկել 1920-ին և հետո գտել իմ մորը, ով ապրում էր Հալեպում: Նրանք հարևաններ էին, և հայրս իր հետ մորս բերել է Միացյալ Նահանգներ, որտեղ էլ շուտով ամուսնացել են: Նրանք ունեցել են 4 երեխա` 3 աղջիկ և մեկ տղա: Ես երկրորդն էի` ինձանից ավագ մեկ և երկու կրտսեր քույր ունեմ:

Ինչ սովորեցի ծնողներիցս, այն էր, որ ես ինքս պետք է հոգ տանեմ իմ կարիքների և իմ ընտանիքի մասին, և որ ընտանիքը դաստիարակության ամենակարևոր մասն  է»: Ջոն Օհանյանը որպես կամավոր մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին: Ծառայելով 33 ամիս` նա վերադարձել է քաղաքացիական կյանք, շարունակել ուսումն ու դարձել իրավաբան:

-Մի առիթով Հայաստանում հայտարարեցինք, որ Դուք կիսով չափ հայ եք` Ձեր «լավագույն կեսը»: Արդյո՞ք հայկական արմատները փոխել են ինչ-որ բան Ձեր կյանքում:

-Իմ մյուս կեսով` գերմանացի լինելով ևս հպարտ եմ, բայց ես սա ասում եմ կատակով: Հայերն սփռված են աշխարհով մեկ ու այնքան քիչ են, ու մենք հպարտ ենք, որ հենց այսպիսին ենք: Այնուամենայնիվ, գալով Հայաստան` ահռելի ազդեցություն զգացի ինձ վրա:

-Ձեր պապիկ Ջոն Օհանյանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքն այդ մասին:

-Ես կլինեմ Հայաստանում իմ հայրիկի հետ այս ապրիլին` հույսով սպասելով, որ ԱՄՆ-ն վերջապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք իրականում Reddit-ում թվային-աուդիո հրապարակում ենք տեղադրել հայերի մասին, որը կհամալրվի Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվությամբ ապրիլի 23-ին: Ես հույս ունեմ` դուք բոլորդ կլսեք այն:

-Ապրիլի 24-ին Հայաստանում կլինե՞ք:

-Կարծում եմ` կժամանեմ ապրիլի 22-ին:

-Անդրադառնալով Ձեր մասնագիտական գործունեությանը` կցանկանայի իմանալ ի՞նչ նոր նախաձեռնություններ ու ծրագրեր ունեք: Դուք Reddit-ի համահիմնադիրն եք, որը մեծ հաջողությունների է հասել: Ո՞րը կլինի հաջորդը:

-Ես այժմ վերադարձել եմ Reddit որպես գրծադիր նախագահ և ուրախ եմ այն աշխատանքների համար, որ կատարում ենք: Մեր մեծ նպատակը ԱՄՆ 10 ամենամեծ կայքերից անցումն է աշխարհի 10 ամենամեծ կայքերի շարք:

-Վերջերս Դուք մասնակցեցիք «Innovate Armenia» համաժողովին, ի՞նչ հետագա ծրագրեր ունեք` կապված Հայաստանի հետ:

-Ես ելույթ եմ ունենալու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլի 25-ին իմ ընկեր Րաֆֆի Կրիկորյանի կազմակերպած համաժողովի ժամանակ:

Տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետները ապրիլի 25-ին կհավաքվեն Երևանում` մասնակցելու HIVE ինժեներական համաժողովին: Միջոցառման կազմակերպիչը «Հովնանյան» հիմնադրամն է: Այն տեղի կունենա «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Հայաստանում կհյուրընկալվեն Twitter-ի համահիմնադիր Րաֆֆի Կրիկորյանը, Google-ի ինժեներական գծով տնօրեն Դավիդ Սինգլետոնը, Facebook-ից Դեյլ Հարիսոնը, Prezi-ի ներկայացուցիչ Արոն Սոգորը, Issuu-ից Ալեքսանդր Գրոսը: Համաժողովը կներառի ելույթներ, ինտերակտիվ քննարկումներ, ինչպես նաև դեմ առ դեմ հանդիպումներ աշխարահռչակ ընկերությունների առաջնորդների հետ:

-Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտը հայտարարել է որպես առանջնահերթություն, և փորձագետները կարծում են, որ Հայաստանն ունի մեծ ներուժ այս ոլորտում: Համաձայ՞ն եք այդ դիտարկմանը և ինչպե՞ս եք Դուք տեսնում այս ճյուղի ապագան:

-Այո, ահա, թե ինչի մասին էր իմ ելույթը «Innovate Armenia» համաժողովին և թե ինչ եմ ասել տարիներ շարունակ յուրաքաչյուրին, ով լսել է ինձ: Եկեք մեր հայ եղբայրներին ու քույրերին փոխանցենք ծրագրավորման մեր հմտությունները:

Հարցազրույցը` Անի Նազարյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am