Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցանմուշները շարունակում են ներկայացվել աշխարհի տարբեր անկյուններում
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի «Սքրբոլ» (Scirball) թանգարանում կբացվի «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ցուցադրությունը: Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Այն հանդիսանում է հրեական լավագույն մշակութային կենտրոններից մեկը, որտեղ ապրիլի 8-10-ը տեղի է ունենալու ցուցադրություն՝ հիմնված մեր նյութերի վրա: Ինչպես նաև տեղի են ունենալու համալիր միջոցառումներ դասախոսությունների տեսքով»,- նշեց Հայկ Դեմոյանը:
Թանգարան-ինստիտուտի տնօրենը նաև հավելեց, որ նույն հավաքածուի արդեն կայացած ցուցադրություններն ունեն բավականին տպավորիչ աշխարհագրություն՝ Պրահա, Վիլնյուս, Տալլին, Ռիգա, Կոպենհագեն, Օսլո: Այնուհետ դրանց կմիանան Վիեննան, Աթենքը: «Մեր խոշորագույն ցուցադրություններից մեկը տեղի է ունենալու Մեխիկոյում Հիշողության եւ հանդուրժողականության թանգարանում, որը նորաբաց և ժամանակակից մեծ թանգարան է: Այս ցուցադրության իրականացման մեջ մեծ ներդրում ունի մեր դիվանագիտական ներկայացուցչությունը և դեսպանը: Շատ լավ է ստացվում, երբ համադրվում է դիվանագիտական ներկայացուցչության և համայնքների աշխատանքը, որի արդյունքում ստացվում է նմանատիպ արդյունք», - տեղեկացրեց Հայկ Դեմոյանը:
Մեխիկոյի ցուցադրությունը կբացվի ապրիլի 16-ին: Միաժամանակ, թանգարան-ինստիտուտի տնօրենի խոսքերով, տարվում են աշխատանքներ ցուցադրություններ բացելու Վաշինգթոնում և Նյու Յորքում:
«Լավագույն և խոշոր մեր ցուցադրություններից մեկը, որը հանրության առջև առաջին անգամ է ներկայացվելու, կոչվում է «Հայոց ցեղասպանությունը և ռուսական արձագանքը»: Այն ներկայացվելու է Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում, Մոսկվայի «Պոկլոննայա գորա»-ի վրա: Ապրիլի 20-23-ը այստեղ կլինեն մեր բնօրինակ ցուցանմուշները՝ բաղկացած 18 հսկայական պաստառներից», - տեղեկացրեց Հայկ Դեմոյանը:
Նա հավելեց, որ միայն Ռուսաստանի դաշնության տարբեր հատվածներում Հայոց ղեցասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությունները տրամադրված են տեղի հայ համայնքներին, որպեսզի վերջիններս կարողանան ինքնութույն կազմակերպել մշակութային միջոցառումներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում