Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանում ինովացիոն տեխնոլոգիական շունչ են հաղորդում պաշտպանական համակարգին

Հայաստանում ինովացիոն տեխնոլոգիական շունչ են հաղորդում պաշտպանական 
համակարգին

ԵՐԵՎԱՆ,  28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 28-ին այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում գործող  կիբեռանվտանգության  գերազանցության կենտրոն, որը հարթակ կծառայի  պաշտպանական համակարգում կիբեռանվտանգության  խնդիրների բացահայտման  և նորարական լուծումների մշակման համար: Այցի նպատակն էր ծանոթանալ կենտրոնի ծրագրերին, նպատակներին  և խնդիրներին:

Ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումներ, մշակել նախազորակոչային տարիքի երիտասարդների գիտելիքների և հմտությունների զարգացման ծրագրեր, ինչպես նաև պատրաստել բարձրակարգ մասնագետներ պաշտպանական համակարգում հետազոտական նախագծեր իրականացնելու համար: Սրանք կիբեռանվտանգության գերազանցության կենտրոնի առաջնային խնդիրներից ընդամենը մի քանիսն են, որոնց կյանքի կոչման գերնպատակը մեկն է` ինովացիոն տեխնոլոգիական շունչ հաղորդել պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումներին:

Այս և մի շարք այլ հարցերի, ինչպես նաև ուսումնական նոր կենտրոնի հետ պաշտպանության նախարարության համագործակցության եզրերի քննարկմանն էլ նվիրված էր ԵրՄՄԳԻ-ում կազմակերպված խորհրդակցությունը, որի ընթացքում ուսումնական կենտրոնի ղեկավար կազմն ու տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետները, հիմնական զեկույցներից բացի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ներկայացրին մի շարք երկկողմ փոխշահավետ ծրագրային առաջարկություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով կատարված մեծածավալ աշխատանքի համար և անչափ կարևորելով գիտելիքահենք տնտեսություն-ազգային բանակ գաղափարները` պաշտպանության նախարարը վստահություն հայտնեց, որ համագործակցելով տեխնոլոգիական առաջատար միջազգային ընկերությունների հետ՝ կենտրոնն իսկապես կծառայի իր նպատակին:

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ կատարած այցի ընթացքում Սեյրան Օհանյանը շրջեց նաև «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացավ տեղական և արտասահմանյան մի շարք ընկերությունների կողմից ներկայացված բժշկական սարքավորումներին ու ծառայություններին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է նաև ինստիտուտի տարածքում նոր կառուցվող ՊՆ ռազմարդյունաբերական արտադրանքի շնորհանդեսային կենտրոնում, հայկական պլանշետների արտադրության մասնաշենքում` տեղում ծանոթանալով  իրականացվող աշխատանքներին և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորարարություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am