Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ներկայացվել է Երևանում փողոցային էներգաարդյունավետ լուսավորության համակարգի ցուցադրական նախագիծը

Ներկայացվել է Երևանում փողոցային էներգաարդյունավետ լուսավորության  
համակարգի ցուցադրական նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մասնակցել է «Երևան քաղաքում փողոցային էներգաարդյունավետ լուսադիոդային լուսավորության  համակարգ»-ի ցուցադրական նախագծի շնորհանդեսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում  կյանքի կոչված այս նախաձեռնության շնորհանդեսին ներկա են գտնվել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:

Մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին միացնող Իսակովի պողոտայից մինչև Թաիրովի փողոցի ճանապարհահատվածում տեղադրվել են շուրջ  500 էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներ, որոնք  ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխանող լուսավորություն: «Քաղաքային կանաչ լուսավորություն»-ը քառամյա ծրագրի պիլոտային նախագիծն էր, որն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Գլոբալ էկոլոգիական ֆոնդի համատեղ ջանքերով` ՀՀ բնապահպանության նախարարության համակարգմամբ:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ բնապահպանության նախարարությանը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին արդյունավետ համագործակցության և Երևան քաղաքը նշված ծրագրում ընդգրկելու համար` նշելով,  որ «Երևան քաղաքը, հանդիսանալով հանրապետության մասշտաբով քաղաքային լուսավորության ամենախոշոր սպառողը, ավելի մեծ պատասխանատվություն է կրում թե՛ ռեսուրսների արդյունավետ կառավարման,  թե՛ արտանետումների կրճատման առումով։

Երևանը միացել է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը և կամավոր պարտավորություն է ստանձնել իր լիազորությունների և ազդեցության շրջանակներում մինչև 2020թ. առնվազն 20 տոկոսով կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետումների ծավալը: Կամո Արեյանը տեղեկացրել է, որ ՄԱԶԾ-ի հետ համագործակցության հաջորդ ծրագիրը կիրականացվի Երևանի կենդանաբանական այգում, ուր ամբողջությամբ կվերազինվի արտաքին լուսավորության համակարգը: Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանը կանցկացնի ստորգետնյա մալուխագծեր և կտեղադրի հենասյուներ:  Քաղաքապետի առաջին տեղակալը նաև անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարիների համագործակցությանը՝ հատկանշելով, որ համատեղ բազմաթիվ ծրագրերն անչափ կարևոր են եղել: Նոր համակարգի տեղադրումն ապահովում է էլեկտրաէներգիայի մոտ 63 տոկոս  խնայողություն, ինչը տարեկան կտրվածքով թույլ կտա խնայել մոտ 45 հազար ԱՄՆ դոլար և կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետումները 220 տոննայով:

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ մեկնարկած բնապահպանական միջոցառումը տեղական ինքնակառավարման մարմինների հետ հեռանկարային համագործակցության արդյունք է և բնապահպանական խնդիրների լուծման տեսակետից հետագա համագործակցության լավ հնարավորություն է ընձեռում:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն շնորհավորել է ներկաներին պիլոտային ծրագրի ավարտի կապակցությամբ և նշել, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակը կարևորում է էներգաարդյունավետության բարձրացման  և վերականգնվող էներգիայի  կիրառման ուղղությամբ Հայաստանում ներդրվող ջանքերը` երկրի հետագա էներգետիկ անվտանգության տեսանկյունից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am