Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էրդողանն Իրանին մեղադրել է տարածաշրջանում գերիշխանության ձգտման մեջ

Էրդողանն Իրանին մեղադրել է տարածաշրջանում  գերիշխանության ձգտման 
մեջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն գնով տարածաշրջանում գերիշխանության ձգտող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպիսի նկրտումներ ունենալու մեջ մեղադրել է Իրանին: Հինգշաբթի նա տարածաշրջանում Իրանի գերիշխանության ձգտումն անհանդուրժելի է անվանել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Էրդողանը հայտարարել է Անկարայում Կոտ դ'Իվուարի նախագահ Ալասանի Վալտարի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում:

«Իրանը գերիշխանության է ձգտում տարածաշրջանում: Դա արդեն սկսել է զայրացնել ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային եւ Պարսից ծոցի երկրներին: Դա անհանդուրժելի է, եւ Իրանը դա պետք է տեսնի», -ասել է նա` մեկնաբանելով Եմենում ռազմական գործողությունները:

Էրդողանը Եմենում հակամարտությունը «աղանդավորական» է անվանել, եւ Իրանին կոչ արել դադարել պաշտպանել շիա ապստամբներին:

«Իրանը պետք է փոխի իր տեսակետը: Նա պետք է իր ուժերը դուրս բերի Եմենից, ինչպես նաեւ Սիրիայից եւ Իրաքից, եւ հարգի այդ երկրների տարածքային ամբողջականությունը», -ասել է Էրդողանը:

Էրդողանը երեկ հայտարարել է, որ Թուրքիան պաշտպանում է Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ տարածաշրջանի 10 երկրների համատեղ ռազմական գործողությունները Եմենում, որոնք ուղղված են այդ երկրի ընտրված նախագահ Աբդու Ռաբբու Մանսուրի օրինական կառավարության պաշտպանությանը:

Եմենից նախագահ Մանսուրի փախուստից հետո Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ միջազգային կոալիցիան եւ Պարսից ծոցի պետությունները երկրի մեծ մասը վերահսկողության տակ վերցրած ապստամբ հուսիների դեմ ռազմական գործողություն են սկսել` օդային ավիահարվածներ հասցնելով Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանի եւ մի քանի ռազմական օբյեկտների վրա:

Այդուհանդերձ, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ չնայած Եմենում իրադարձություններին, Էրդողանի այցն Իրան տեղի կունենա նախապես նախատեսված ժամկետներում` ապրիլի սկզբին:

ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ Ջուբեյրը հայտարարել է, որ հուսի ապստամբներն աջակցություն են ստանում Իրանից:

Իրանն այդ առնչությամբ հայտարարել է, որ դեմ է Եմենի ներքին գործերին արտաքին միջամտությանը, իֆչը, պաշտոնական Թեհրանի կարծիքով, հղի է Սիրիայում եղածի կրկնությամբ Եմենում:  

Եմենի եւ Սաուդյան Արաբիայի սահմանում գտնվող Սա քաղաքում բնակվող հուսիները իսլամի առաջնորդներ են համարում Մուհամեդ մարգարեի 5 թոռներին` իմամներ Ալիին, Հասանին, Հուսեյնին, Զեյնալաբդինին եւ Զեյդին, եւ հանդիսանում են իսլամի շիա ուղղության հետեւորդներ: Նրանք մերժում են ժողովրդավարական բազմակարծությամբ պետական համակարգը եւ ցանկանում են Եմենը վերածել իսլամական պետության:

Եմենը 1517 թվականին բռնակցվել էր Օսմանյան կայսրությանը եւ այդ լծից ազատվել 1918 թվականին: Եմենը հանրապետություն է հռչակվել 1962 թվականին: Հուսի ապստամբները գտնում են, որ իրենք սերում են Մուհամեդ մարգարեի ցեղից, եւ այդ պատճառով Եմենի պետությունը կառավարելու իրավունքը տրված է միայն իրենց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am