Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

1915թ. ողբերգությունը տառացիորեն համապատասխանում է «ցեղասպանություն» եզրույթի բնորոշմանը. իսպանացի վերլուծաբան

1915թ. ողբերգությունը տառացիորեն համապատասխանում է 
«ցեղասպանություն» եզրույթի բնորոշմանը. իսպանացի վերլուծաբան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «EL PAIS» պարբերականի հայտնի վերլուծաբան Անտոնիո Էլորսան մարտի 25-ին հրապարակված իր «Հայաստան. XX-րդ դարի առաջին ցեղասպանությունը» հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը և 100-րդ տարելիցի միջոցառումներին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի հայերեն թարգմանությունը:

«Հարյուր տարի առաջ մարդկության դեմ կատարված զարհուրելի հանցագործության պաշտոնական ժխտումը հարցականի տակ դնող հանրահայտ թուրք մտավորականներ Փամուկի և Դինքի գաղափարները շարունակում են այժմեական մնալ: «Ո՞վ է այսօր շարունակում խոսել հայերի ոչնչացման մասին»: Հիտլերի այս արտահայտությունը, հնչեցված 1939թ. օգոստոսի 22-ին, վերաբերում էր Լեհաստանի դեմ իրականացվելիք արշավին և վկայում էր նրա պատերազմական քաղաքականության ցեղասպան բնույթի մասին, որն ավարտեց Շոայով: Տարիներ առաջ հայերի կոտորածը մեծ ազդեցություն էր թողել մի երիտասարդ լեհ-հրեայի՝ Ռաֆայել Լեմկինի վրա, ով այնուհետ գործադրելու էր բոլոր հնարավոր ջանքերը`ուղղված այնպիսի միջազգային նորմատիվ շրջանակի մշակմանը, որը թույլ կտար կանխարգելել նմանատիպ հանցագործությունների կրկնությունը, հատկապես Հիտլերի՝ իշխանության գլուխ բարձրանալուց հետո: Դա Լեմկինին չհաջողվեց, և դրա արդյունքում Նյուրնբերգում նացիստական հանցագործությունները դատապարտվեցին «ex post facto» (փաստերին հաջորդող) սահմանված նորմերի նկատմամբ անվստահության դիրքերից: Եվ չնայած նրան, որ Լեմկինին հաջողվեց միջազգային հանրության կողմից «ցեղասպանություն» հանցագործության դատապարտմանը հասնել, նույնիսկ այդ անձնական ձեռքբերումը չհանգեցրեց արդյունավետ միջազգային օրենսդրության մշակմանը և կիրառմանը, որը կապահովեր պատիժը նման հանցագործությունների դեպքում: Արդյունքում այդ նորմերը գործեցին միայն մեղավոր պետության թուլության դեպքում (Ռուանդա, Սերբիա):

1915թ. Հայոց ողբերգությունը տառացիորեն համապատասխանում է Լեմկինի մշակած «ցեղասպանություն» եզրույթի բնորոշմանը: Իրականացվել են մի շարք հանցագործ գործողություններ, որոնք նպատակ են ունեցել բնաջնջել մի ժողովրդի՝ ռասիստական ենթադրյալ գաղափարախոսների մշակած ծրագրի հիման վրա և զուգորդվել են այնպիսի լրացուցիչ միջոցառումներով, ինչպիսիք են ֆիզիկական ոչնչացումը և սեփականության մասայական օտարացումը: Գործադրվող ընթացակարգը համադրեց արական սեռի բնակչության աստիճանական ոչնչացումը ծերերի, երեխաների ու կանանց մասայական տեղահանման հետ: Վերջիններս ստիպված էին հարյուրավոր կիլոմետրեր Անատոլիայի անապատացված տարածքներով անցնել ոտքով, այն էլ ամռանը՝ գրեթե առանց միջոցների: Ամեն քայլափոխի նրանք ենթարկվում էին ռազմական ոստիկանության, քրդական խմբերի և իրենց կցված «պահապանների» կողմից իրականացվող բռնություններին, որպեսզի նրանց ճանապարհն ավարտվեր համակենտրոնացման ճամբարներում (Հալեպ) կամ ոչնչացմամբ (Դեյր Ձոր): Ամենաընդունելի թվային գնահատականը վկայում է 1,2 միլիոն զոհվածերի մասին՝ նախկինում բնակվող 2 միլիոնից ավել բնակչությունից: Համաշխարհային պատերազմի ավարտին, երբ կայսրությունը պարտվեց, օսմանյան իշխանությունները զոհերի թիվը համարում էին մոտ 800.000:

Մուստաֆա Քեմալն ընդունեց այդ թիվը և դատապարտեց «հայերի ոչնչացումը»: Ցեղասպանության մասին որոշումը պատկանում էր երիտթուրքերի ազգայնական կառավարությանը, այն առաջնորդներին, որոնք 1908թ. սահմանադրական հեղափոխության ժամանակ թվում էր, թե ընդունում են էթնիկ-կրոնական փոքրմասնությունների (հույներ, հայեր, հրեաներ) նկատմամբ քաղաքացիների հավասարության սկզբունքի կիրառումը: Մինչ այդ, փոքրամասնությունները բնակվում էին սուլթանի տոտալիտար իշխանության ներքո՝ կախյալ բազմազանության վիճակում: Կախյալ, քանի որ ինչպես գործում էր վերադասությունը զինվորական համակարգում (askari) քաղաքացիական բնակչության նկատմամբ (reaya, բառացիորեն` «ոչխարների հոտ»), այնպես էլ իրավական մակարդակում մահմեդական (թուրք) բնակչությունը գերկայում էր փոքրամասնությունների նկատմամբ, որոնց հեգնելով առ այսօր` անվանում են «yaurs»՝ անհավատներ: Օսմանյան «հանդուրժողականությունը» նաև այլ կողմ ուներ, ցանկացած իշխանության նկատմամբ ապստամբություն առաջ էր բերում անխուսափելի պատժիչ գործողություններ: 19-րդ դարի բալկանյան ազգային շարժումները վկայեցին այդ մասին և նպաստեցին հայերի նկատմամբ անվստահության աճին, որոնց հիմնական բնակության վայրը Կոստանդնուպոլսից բացի, գտնվում էր հեռավոր Արևելյան Անատոլիայում: Այդ պատճառով, երբ Բեռլինի կոնգրեսը 61-րդ հոդվածով սուլթան Աբդուլ Համիդ II-ին կոչ արեց բարեփոխումներ իրականացնել հայերի նկատմամբ և պաշտպանել նրանց քուրդ բնակչությունից, հակառակ արդյունք արձանագրվեց. 1894-1896թթ. Սպասվող բարեփոխումների փոխարեն եղան տասնյակ հազարավոր զոհերի կոտորածներ, որոնք կրկնվեցին 1909թ.:

Բացի դրանից, երիտթուրքերի քաղաքական մոդեռնիզացիայի քաղաքականությունը շուտով մերժեց բազմազանությունը, որպեսզի ռազմասիրական ազգայնամոլության դիրքերից թելադրի, որ թուրք հասարակությունը պետք է լինի ռասայապես և մշակութապես միասեռ: Սրանք թյուրքիզմի և իսլամիզմի շարժման գաղափարախոս, Էրդողանի կողմից հաճախ ցիտվող հեղինակ Զիյա Գյոկալփի համաձայն՝ թուրք ժողովրդի երկու հենասյուներն էին: Փոքրամասնությունները պետք է ընդունեին թուրք մարդու գերակայությունը, հակառակ դեպքում «իշխող ազգը» կազատվեր այնպիսի «տարրերից, որոնց անհավատարմությունը բացահայտ էր»՝ ադպիսով պաշտպանվելով «օտար ժողովուրդներից», որոնք բնակվում էին կայսրությունում: Ցեղասպան քաղաքականության հիմքը դրված էր: Yaur-ների նկատամամբ ատելությունն աստիճանաբար վերածվում էր ոչնչացման ցանկության, հատկապես 1912-1913թթ. Բալկանյան պետությունների նկատմամբ Օսմանյան կայսրության կրած պարտությունից հետո, երբ մահմեդականների արտահոսք տեղի ունեցավ դեպի Անատալոիա, և երիտթուրքերի ռազմական քաղաքականության հիմքերը դրվեցին: Այդ համատեքստում էր, որ երիտթուրքերի ղեկավարներ Էնվեր Փաշան և Թալյաթ Փաշան, որոնք իշխանության գլխին էին պարտությունից հետո, լինելով ռասիստական գաղափարախոսության կրողներ, Կայսրության մուտքը պատերազմ դիտարկեցին որպես իրենց գաղափարների իրականացման հնարավորություն:

«Երկար ու լուրջ մտորումներից հետո» (ըստ Թալեաթի) երիտթուրքերի ղեկավարները և «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը վերջնական որոշում կայացրեց 1915թ. մարտին: Դրան հետևեց հարյուրավոր հայտնի հայերի ձերբակալությունը Կոստանդնուպոլսում՝ ապրիլի 24-ի գիշերը թվով 2000-ից 650 հայ տեղահանվեց կամ սպանվեց: Ցուցակի միակ կնոջը՝ Զաբել Եսայանին, հաջողվեց փախչել: Նա մահացավ 1940թ. Գուլակում: Համայնքը մնացել էր առանց ղեկավարի: Մայիսի 27-ին ներքին գործերի նախարար Թալեաթի հրամանով կառավարությունը որոշեց Արևմտյան Անատոլիայի հայերի ընդհանուր տեղահանում իրականացնել: Սակայն գործընթացը սկսվել էր շատ վաղուց` 1914թ. հունվար-փետրվար ամիսներին, երբ Էնվեր Փաշան՝ պաշտպանության նախարարը, ստեղծեց Հատուկ կազմակերպությունը (ՀԿ)՝ որպես ռազմական հակաանջատողական միավորում: 1914թ. օգոստոսին «Միություն և առաջադիմություն» կուսակցությունն ակտիվացնում է ՀԿ-ն, որպեսզի զբաղվի այն մարդկանցով, որոնք պետք է «ոչնչացվեն հայրենիքից»: Հիմնական թիրախը հայերն էին, և այդ ուղղությամբ դեկտեմբեր ամսվանից Թալեաթը և ՀԿ-ի ղեկավար Բահեթին Շաքիրը սկսում են քայլեր ձեռնարկել: 1914թ. վերջին ամսից ի վեր, տեղի են ունենում այնպիսի դեպքեր, որոնք հուշում են մասսայական ոչնչացման մասին, հատկապես տեղահանումներ, որոնց մասին կան միսիոներների և չեզոք հյուպատոսների հստակ վկայություններ, նույնիսկ դաշնակից գերմանացիների կողմից: Ինչպես Թալեաթ Փաշան բացատրեց ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին, «արդեն հայերի երեք քառորդի հարցը լուծել ենք», «չենք ուզում տեսնել հայեր Անատոլիայում, կարող են ապրել անապատում, բայց ոչ այլ վայրում»:

1915թ. մայիսի 24-ին Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը հայտնեցին Օսմանյան կառավարության «մարդկության և քաղաքակրթության դեմ» կատարված հանցագործությունները պատժելու իրենց մտադրության մասին: Հասավ Օսմանյան կայսրության պարտության ժամը: Որպես հետևանք` 1918թ. զինադադարից հետո դաշնակիցները մտադիր էին ստեղծել այդպիսի հանցագործությունների համար միջազգային դատարան, սակայն կային անհամաձայնություններ դատարանի կազմի և իրավական հիմքի հետ կապված: Այդ ամենը վկայում էին Նյուրնբերգում կայանալիքի մասին: Փորձերը դադարեցին: Օսմանյան արդարադատությունն իր հերթին որոշեց ճանաչել կոտորածների հանցագործ բնույթը, դրանց ահռելի քանակը և պատժել մեղավորներին: Նրանք արդեն փախուստի էին դիմել: Ե´վ Էնվերը, և´ Թալեաթը, և´ Ջեմալը, և´ Նազիմ Բեյը դատապարտվեցին մահապատժի՝ բացակա գտնվելով: Գնդակահարվեց տեղի պատասխանատուն՝ այսպես կոչված «Յոզգաթի դահիճը»:

Դրան հաջորդեցին հազարավոր հույների և հայերի կոտորածները և տեղահանումները «yaur» Էրզրումի գրավման ընթացքում 1922թ. սեպտեմբերին, որի արդյունքում վերջ դրվեց հույների ապստամբությանը: Քեմալն այս անգամ պասիվ վկա էր:

Երկու ակնառու մտավորականներ՝ նովելիստ Օրհան Փամուկն ու թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը, մեկ տասնյակ տարիներ առաջ խորհում էին ժողովրդավարական Թուրքիայի կողմից հայկական ոչնչացումը մերժելու անբացատրելիության մասին: 1920թ. այդ մասին ընդունելն ինքնասպանություն կլիներ, քանի որ դա հավասարազոր էր Թուրքիայի տարալուծմանը, սակայն այդ պատճառը մեկ դար անց այլևս ընդունելի չէ: Ինչու՞ իրենց վրա վերցնել նախնիների կատարած հանցանքները, ընդ որում ոչ բոլորի նախնիների, քանի որ կոտորածների և դրանց մեղավորների առաջին դատապարտումն իրականացվեց Օսմանյան պատերազմի խորհրդի կողմից, և նույնիսկ Մուստաֆա Քեմալը 1919թ. պահանջեց կոտորածների արյամբ իրենց ձեռքերը կեղտոտած մարդկանց հեռացումը: Սակայն Դինքը սպանվեց  2007թ.-ին, իսկ Փամուկը ենթարկվեց պարսավանքի և իր դեմ իրականացվող ծանրագույն մի արշավի՝ մեղադրվելով որպես «ազգի արժանապատվության թշնամի»: Նրանց մտքերը, սակայն, դիմակայեցին ժամանակի փորձությանը: Կարսի քաղաքապետը, ով այսօր թուրք է, իսկ նախկինում հայ էր, «մարդասիրության հուշարձան» է տեղադրել` երկու ժողովուրդների հաշտեցման համար: Էրդողանը, սակայն, թույլ չտվեց, որ հուշարձանն իր տեղում մնա, իսկ հիմա էլ Ցեղասպանությունը պայմանավորում է 1918թ.ինչ-որ արխիվներով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am