Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վերոնիկա Զոնաբենդը ուսանողների հետ խոսել է նախագծերը կյանքի կոչելու մասին

Վերոնիկա Զոնաբենդը ուսանողների հետ խոսել է  նախագծերը կյանքի կոչելու 
մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» և RVVZ հիմնադրամների  համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը մարտի 5-ին «RVVZ հիմնադրամի կրթական նախաձեռնությունները» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից, Վերոնիկա Զոնաբենդն անդրադարձել է այնպիսի հարցերի, որոնք վերաբերում էին գոյություն ունեցող կրթական համակարգի՝ նոր իրողություններին ու փոփոխվող  աշխարհի պահանջներին անհամապատասխանության պատճառներին, խոսել է մոտ ապագայում պահանջարկ վայելող մասնագիտությունների, անհատական և մասնագիտական որակների, ուսուցանման եղանակների, այդ գործընթացում ուսուցչի դերի մասին:

Նա նոր կրթության հեռանկարները ներկայացրել է UWC Դիլիջան քոլեջի օրինակով, որտեղ միջազգային բակալավրիատի ծրագրով  նախաբուհական կրթություն են ստանում 16-18 տարեկան պատանիներ ու աղջիկներ, ինչպես նաև անդրադարձել է RVVZ հիմնադրամի կրթական այլ նախաձեռնություններին:

«Աշխարհի բոլոր երկրներում երեխաների մեծ մասը սովորում է այն կրթական համակարգով, որը մշակվել է XVIII  դարում՝  ինդուստրիալ հասարակության պահանջների հիման վրա: Ակնհայտ է, որ աշխարհն այս ընթացքում արմատապես փոխվել է: Այդ մասին անգամ տեխնոլոգիաների սրընթաց փոփոխություններն են վկայում, և առաջիկա 20-30 տարվա ընթացքում այդ փոփոխություններն ավելի արագ տեմպերով տեղի կունենան: Ներկայումս պահանջարկ վայելող շատ  մասնագիտություններ կմնան անցյալում, դրանց կփոխարինեն նորերը, որոնց մասին մենք նույնիսկ չգիտենք: Կրթությունն ընդհանուր առմամբ պետք է ուղղված լինի ոչ թե ստանդարտացմանն ու «միջինացմանը», ինչպես հիմա է, այլ ստեղծագործական ունակությունների զարգացմանն  ու պահպանմանը, նորերի բացահայտմանը»,- նշել է Զոնաբենդը:

Նրա խոսքով՝ կրթական հաստատությունները պետք է «սնող միջավայր» ստեղծեն,  որտեղ ուսանողները կարող են ոչ միայն ակադեմիական գիտելիքներ ստանալ, այլև ընդօրինակել  միմյանց եւ ուսուցիչների փորձը, ինչպես նաև հնարավորություն ունենան մշակել և կյանքի կոչել իրենց սեփական նախագծերը: Դրա համար թե' ուսանողական, թե' ուսուցչական կամ դասախոսական կազմն առավելագույնս դիվերսիֆիկացված պետք է լինեն ինչպես ազգային, մշակութային եւ սոցիալ-տնտեսական, այնպես էլ տարիքային հատկանիշների առումով: Ըստ Զոնաբենդի՝ այս սկզբունքն է ընկած RVVZ հիմնադրամի կողմից իրականացվող  UWC Դիլիջան քոլեջի, ինչպես նաեւ Մոսկովյան «Սկոլկովո» կառավարման դպրոցի կրթական մոդելի հիմքում:

«Իրականացնելով  կրթական նախագծեր, ինչպիսին է UWC Դիլիջան քոլեջի ծրագիրը, մենք փորձում ենք կրթական նոր մոտեցումների նախադեպեր ստեղծել, որը, մեր պատկերացմամբ, ավելի շատ է համապատասխանում XXI դարի պահանջներին»,- շեշտել է Վերոնիկա Զոնաբենդը:

Նա պատասխանել է նաև ունկնդիրների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին դասախոսության թեմային, ինչպես նաեւ RVVZ հիմնադրամի կրթական նախաձեռնություններին եւ ծրագրերին:

RVVZ հիմնադրամը Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի ընտանեկան հիմնադրամն է, որը  նախագծեր է  իրականացնում  հիմնականում երեք ՝ միջազգային կրթության, տարածքների զարգացման, ինչպես նաեւ Հայաստանում, Ռուսաստանում եւ հետխորհրդային տարածքում համակարգային բարեգործության՝ որպես գործունեության արդյունավետ հատվածի զարգացման ուղղություններով։ Հիմնադրամի բոլոր նախագծերը փոխկապակցված են: Դա հնարավորություն է ընձեռում  սիներգետիկ արդյունք ապահովել  եւ հանգեցնում է ներդաշնակ փոխգործակցության։

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ուշադրության կենտրոնում են այն ծրագրերը, որոնք սոցիալ-տնտեսական էական արդյունք կապահովեն՝ աջակցելով երկրի անցմանը գոյատեւումից դեպի բարեկեցություն: Հիմնադրամի առանցքային ծրագրերից են UWC Դիլիջան քոլեջի, «Տաթևի վերածնունդ», Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման, Դիլիջանի զարգացման ծրագրերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am