Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ադրբեջանական լոբբիստները զզվեցրել են Վաշինգտոնին. ամերիկացի փորձագետ

Ադրբեջանական լոբբիստները զզվեցրել են  Վաշինգտոնին. ամերիկացի փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասաչուսեթսի համալսարանի պատմության պրոֆեսոր, ԱՄՆ-ի Քեննանի ինստիտուտի աշխատակից Օդրի Լ. Ալշթադտը հայտարարել է, որ Վաշինգտոնում բոլորին արդեն զզվեցրել են ադրբեջանական լոբբիստները, ում հասցեին բողոքներ են հնչում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամերիկացի փորձագետը հայտարարել է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Մեկնաբանելով Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում ստեղծված աղետալի իրավիճակը եւ պաշտոնական Բաքվի հարաբերություններն Արեւմուտքի հետ, Օ.Ալշթադտն ասել է, որ, իր կարծիքով` Ադրբեջանի վարչակարգը վախենում է, որ ուկրաինական «Մայդանի» կամ «Արաբական գարնան» նման իրադարձություններ տեղի կունենան նաեւ այդ երկրում:

«Ադրբեջանի իշխանությունները դա կանխելու համար մի շարք լուրջ միջոցներ են ձեռնարկել: Նրանք երիտասարդներին ներգրավում են պետական ծառայության կամ այլ պատվաբեր աշխատանքի, որպեսզի նրանք չգնան ընդդիմություն: Ովքեր չեն հասկանում, որ դա արվում է իշխանությանը հավատարիմ մնալու համար, վռնդվում են: Իսկ այն երիտասարդությունը, որը չի ընդունում խաղի այդ կանոնները, բռնաճնշումների է ենթարկվում», - նշել է նա:

Փորձագետն անդրադարձել է Ադրբեջանում վերջին շրջանում բազմաթիվ հասարակական ակտիվիստների, ընդդիմադիր քաղաքական գործիչների, իրավապաշտպանների, լրագրողների եւ բլոգերների` իշխանություններին քննադատելու համար շինծու մեղադրանքներով ձերբակալություններին եւ կալանավայրերում նրանց խոշտանգումներին:

Անդրադառնալով սեփական երկրում հասարակության դեմ բռնաճնշումները քողարկելու եւ միջազգային հրապարակում կորցրած վարկանիշը վերականգնելու համար Ադրբեջանի կառավարության կողմից արտասահմանում լոբբիստական կազմակերպությունների վրա ծախսվող միլիոնավոր դոլարներին` փորձագետը կարծիք է հայտնել, որ նման ջանքերը հակառակ արդյունք են տալիս:

«Լոբբիստների համար գլխավորը փող ստանալն ու հաշվետվություն ներկայացնելն է, այդ պատճառով նրանք գնում են ցանկացած խորամանկության: Վերջին կես տարում ավելի շատ մարդիկ են ինձ ասում, որ իրենց զայրացնում է այդ պարտադրված գովքն ու գովազդը: Օրերս ինձ պատմեցին մի դեպք, թե ինչպես է լոբբիստական ընկերության աշխատակիցը ներկայացել գիտաշխատող, որպեսզի հայտնվի Ադրբեջանում ժողովրդավարության խախտումների խնդրով լսումներում: Հայտնվելով այդ միջոցառմանը, նա բացահայտվել է, եւ ներկաները հասկացել են նրա` այդտեղ հայտնվելու իրական նպատակը: Երբ լոբբիստական ընկերությունը նման մեթոդներ է օգտագործում եւ, միաժամանակ, գովում Ադրբեջանին, ապա այդ ջանքերն արդյունք չեն տալիս: Ես Կոնգրեսում բազմիցս գանգատներ եմ լսել, որ արդեն զզվել են լսել այդ բոլորը: Եթե նախկինում նման քարոզչությունը որոշակի դրական արդյունք ուներ, ապա այժմ դա աշխատում է Ադրբեջանի դեմ», -ընդգծել է Օ.Ալշթադտը: Նա նշել է, որ ինքն էլ է նման արձագանք տեսնում Վաշինգտոնում եւ դա լսում մարդկանցից, ովքեր ստիպված են լսել «այդ ամբողջ լոբբիստական դատարկախոսությունը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am