Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ցեղասպանությունից մնացած մասունքները պատկերող Գերման Ավագյանի լուսանկարները առցանց ցուցահանդեսում են

Ցեղասպանությունից մնացած մասունքները պատկերող Գերման Ավագյանի  
լուսանկարները առցանց ցուցահանդեսում են

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ լուսանկարիչ Գերման Ավագյանի` Հայոց ցեղասպանությանից հետո հայերի մոտ իրենց հայրենի բնակավայրերից մնացած մասունքների լուսանկարները հայտնվել են Photographic Museum of Humanity առցանց լուսանկարների թանգարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցահանդեսը կրում է «Կորուսյալ հայրենիք» խորագիրը:

Ավագյանը լուսանկարել է Հայոց ցեղասպանության տարիներին իրենց հայրենի բնակավայրերից բռնի տեղահանության և փախուստի ժամանակ հայերի վերցրած իրերը, որոնք մեր օրերում որպես մասունք փոխանցվում են սերնդեսերունդ:

Լուսանկարներից մեկում պատկերված է ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Ակն գյուղից բերված զարդատուփ: Սեմիրջյանների ընտանիքին պատկանող զարդատուփը Օսմանյան կայսրությունում հայերի բռնի արտաքսման հետևանքով հայտնվել է նախ Եթովպիայում, ապա Սուդանում, իսկ 1946 թվականին հասել է Խորհրդային Հայաստան:

Մյուս նկարում Ցեղասպանության հետևանքով Եգիպտոս գնացած Մուսա լեռան բնակիչների կողմից պատրաստվող սանրերից է: Այն 1946 թվականին իր տիրոջ` Ազատուհի Տեր-Պետրոսյանի հետ է հայտնվել Խորհրդային Հայաստանում:

Հաջորդ նկարում կրակայրիչ է: Դրա տերը` Կիրակոս Պողոսյանը, Ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունից գնացել է Հալեպ, այնտեղի էլ Բեյրութ: 1946 թվականին նա հայրենադարձվել է: Կիրակոսի մահից հետո նրա կինը` Օվսաննան, կրակայրիչը` որպես մասունք, փոխանցել է իր թոռանը` Սահակ Պողոսյանին:

Նկարներից մեկում սրճեփ է, որը պատկանել է Վանի կենտրոնական փողոցներից մեկում` Այգեստանում բնակվող Արմենակ և Վարդուհի Հովհաննիսյաններին: Հովհաննիսյանների ընտանիքին է պատկանում նաև աղամանը, որը փոխանցվել է Ցեղասպանությունը վերապրածների թոռանը` Հասմիկ Հարությունյանին, ով բնակվում է Երևանում:

Մյուս նկարում ձեռագործ է, որը պատկանել է Զարմին Վասիլյանին: Նա իր ընատնիքի հետ Ցեղասպանության տարիներին փախել է Հալեպ: 1946-ին ընտանիքը հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան: Ներկայում ձեռագործը պատկանում է Զարմինայի թոռնուհուն` Արմինե Դնքիքյանին:

Նկարում սերմնահատիկների պահպանման համար նախատեսված աման է, որը պատկանել է Խարբերդից Պողոս Վարժապետյանին: Ցեղասպանության հետևանքով նա գաղթել է Հալեպ, ապա հայրենադարձվել Հայաստան: Ամանն այժմ պահվում է Վարժապետյանի թոռան մոտ: Դեղամիջոցների պատրաստման համար նախատեսված ամանը ևս պատկանել է Պողոս Վարժապետյանին:

Հաջորդ նկարում կանացի դրամապանակ է, որը պատկանել է մշեցի Ասլի Վարդազարյանին:

Նկարներից մյուսը պատկերում է մանկական ծածկոց, որը պատկանել է Մանուշյանների ընտանիքին:

Մյուս նկարում վանեցի Վարդուհի Հովհաննիսյանին պատկանած պայուսակ է:

Գերման Ավագյանի արած լուսանկարների թվում է նաև մի Նոր Կտակարան, որը գրված է հայատառ թուրքերենով: Այն գրված է եղել այն մարդկանց համար, ովքեր խոսել են թուրքերեն, բայց իմացել են հայերեն տառերը: Կտակարանը պատկանել է տիկին Աղավնիին, ով էլ այն փոխանցել է իր դստերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am