Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ականատեսը». Խուրջինը փրկեց նրան. Ցեղասպանության 102-ամյա ականատեսի վերհուշն ու պատգամը

«Ականատեսը». Խուրջինը փրկեց նրան. Ցեղասպանության 102-ամյա ականատեսի 
վերհուշն ու պատգամը

Շուրջ երկու տարվա կենսագրություն ունեցող «Ականատեսը» հատուկ նախագիծը ընթերցողի դատին է ներկայացնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության՝ Հայաստանի տարածքում բնակվող վերջին կենդանի վկաների հիշողությունները: Ականատես-վերապողների պատմությունների հետքերով «Արմենպրես»-ի ստեղծագործական խումբն այս անգամ այցելել էր Կոտայքի մարզ:

ՆԵՐՔԻՆ ՊՏՂՆԻ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղական հանդարտ առօրյան փոքր-ինչ խանգարելով՝ Ներքին Պտղնիում տեղաբնակներից  գյուղի միակ ականատեսին գտնելու փորձերը  ապադյուն չանցան:  Մեր ստեղծագործական խումբն առաջին հայացքից  անսովոր, բայց յուրահատուկ տան տարածքում էր, ուր ապրում է 1913 թվականին Իգդիրում ծնված Հերսիկ Մաթևոսյանը: 102 տարեկան կինը կրտսեր որդու՝ Արմենի հետ այստեղ է տեղափոխվել  տասը տարի առաջ, մինչ այդ նրանք բնակվում էին Երևանում: «1915 թվականին կոտորածի ժամանակ մայրս ընդամենը երկու տարեկան էր, իրեն մտցրել են խուրջինը՝ էշի խուրջինը ու այդպես  գաղթել են, ամենայն հավանականությամբ  անցել են ոչ թե Արաքս  գետով, այլ կամրջով»,-մոր պատումը մեզ է  ներկայացնում Արմենը:

Հերսիկը Իգդիրից գաղթի ճանապարհին մոր՝ Տիգրանուհու և մեկ տարի իրենից փոքր եղբոր՝ Գուրգենի հետ էր: Արմենը չի բառառում, որ այլ բարեկամներ  նույնպես ունեին, սակայն պապի մասին իրենց տեղեկություններ չեն փոխանցվել:

Պատմական տեղեկանք

Իգդիրը գյուղաքաղաք էր Սուրմալուի գավառում: Վարչական կենտրոն համարվող Իգդիրը գտնվում է Երևանից 40 կմ հարավ-արևմուտք, Արաքս գետի աջափնյա մասում, հարթավայրում: 19-րդ դարի վերջին ուներ շուրջ 550 տուն հայ և 70 տուն թուրք: 20-րդ դարի սկզբին ավելի քան 10 հազար հայ բնակիչ: Հայերի մի մասի նախնիները այստեղ էին գաղթել Պարսկահայքի Խոյի և Սալմաստի շրջաններից 1829թ-ին: 1920 թ-ին թուրքերը գրավեցին Իգդիրը և 1921 թ-ին Կարսի պայմանագրով Սուրմալուի գավառի հետ միասին անցավ Թուրքիային:

Իգդիրում են ծնվել բազմաթիվ անվանի հայ մտավորականներ, արվեստագետներ, գիտնականներ, ազգային ազատագրական պայքարի գործիչներ, օրինակ` նկարիչ Էդուարդ  Իսաբեկյանը, նշանավոր ակնաբույժ Հայկ Կանայանցը, Ազգային գրադարանի հիմնադիր Արդվար Կանայանը և գեներալ Դրաստամատ Կանայանը` Դրոն:


Գաղթի ճամփան Հերսիկ Մաթևոսյանի ընտանիքին հասցնում է  Էջիածին, հետո  Մասիսի շրջանի  Արբաթ գյուղ: Մեր պատմության հերոսուհին  Երևանում սկսում է  դպրոց հաճախել, այնուհետև է  բարձրագույն կրթություն է ստանում  Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Արմենը հպարտությամբ է նշում, որ ի տարբերություն շատ գաղթականների` մորը հաջողվել է բարձրագույն կրթություն ստանալ:

 «Ինստիտուտն ավարտել է և ընդունվել  աշխատանքի Օրջոնիկիձեի շրջանի ռայսովետում որպես գլխավոր ինժեներ: Մայրս կրթված կին է եղել, շատ աշխատասեր:  Հաճախ տան  շատ գործեր ուշ գիշերն է վեր կացել արել, ճաշ է եփել, հատակն է մաքրել»,- ասում է Արմենը:

Թեև բացի մոր՝ խուրջինի մեջ Արևելյան Հայաստան տեղափոխվելու պատկերավոր դրվագից իրեն շատ բան 1915 թվականի ճակատագրական իրադարձություններից հայտնի չէ,  սակայն կեսկատակ-կեսլուրջ նշում է, որ գուցե գաղթի ճամփին հենց մայրն էլ խուրջինում  բոլորից ազատ և  ապահով է իրեն զգացել:   Տարիներ անց Հերսիկն ամուսնանում է արմատներով  Վանից  Մանվելի հետ, ունենում երեք երեխա:

Պատմական հայրենիքից նրան շատ բան չի փոխանցվել,  բայց Հերսիկն իր ձեռքով պատրաստել ու հայրենի եզերքի համն ու հոտն է փոխանցել «Իմամ-բայալդի» կերակրատեսակի միջոցով:  Չնայած ծերությամբ պայմանավորված հիշողության և լսողության անկմանը` տարեց կինը, որդու վստահեցմամբ, մշտապես հետաքրքրվել է քաղաքականությամբ,  ակտիվ հետևում է ներքաղաքական  իրադարձությունների ընթացքին, ընդհուպ առ այսօր:

 

Տան բակում, ուր ծավալվեց մեր զրույցը, տանտերերից բացի էլի բնակիչներ կային: Հնդկական անունով հավատարիմ շանը՝ Զիտային, փոքր-ինչ խռպացած ձայնով  արված նկատողություններն էին պարբերաբար ընդհատում Հերսիկի մտքերը, ինչպես նաև մեր՝ մարդկանց իր պատգամը փոխանցելու խնդրանքը:

«Պատերազմ բառը վերանա և գոյություն չունենա երբեք:  Բոլոր պետությունները ի մի գան, որ աշխարհում խաղաղություն բառից բացի, ուրիշ ոչ մի բառ գոյություն չունենա: Այն եմ ուզում, որ երիտասարդները և մեր նման ծերերը չտեսնեն պատերազմ, միշտ լինի խաղաղություն ամբողջ աշխարհի վրա: Պետությունների ղեկավարները վերջապես հասկանան, որ աշխարհի հարստությունն ամենից առաջ երիտասարդությունն է, որ ստեղծում է բարիք աշխարհի վրա, մյուս բաները սուտ-սուտ բաներ են»,- խոսքն ավարտում է մեկ դարը բոլորած կինը:

 Իրենց ապրուստը դժվարությամբ հոգացող այս ընտանիքում սոցիալական  անզեն աչքով էլ տեսանելի խնդիրների մասին համեստորեն չբարձրաձայնեցին, սակայն ակնհայտն էր, որ նրանք ունեն բոլորիս  կարիքը:

Լրատվական գործակալությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ 2013 թվականի ապրիլի 23-ի հանրության դատին հանձնեց «Ականատես»-ի առաջին պատմությունըՆախագիծը ներկայացնում է  Հայոց ցեղասպանությունը վերապրած, օր-օրի պակասող ականատես-վերապրողների արժեքավոր հուշերն ու պատմությունները:   

Պատրաստեցին Տաթևիկ Գրիգորյանը և Անի Նազարյանը

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am