Պատանի կոմպոզիտորների հանրապետական երկրորդ մրցույթը մասնակցության հայտեր է ընդունում
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միությունը մայիսի 8-12-ը կազմակերպում է Պատանի կոմպոզիտորների Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական երկրորդ մրցույթը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին միությունից, մրցույթին կարող են մասնակցել 8-17 տարեկան պատանի ստեղծագործողները: Նախորդ տարվա համեմատ, այս տարի որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Նախ, մասնակիցների 9-16 տարիքի սահմանն ավելացել է 2 տարով՝ դառնալով 8-17: Անցյալ տարվա նման` մրցույթի մասնակիցները կբաժանվեն երկու ենթախմբերի, որոնցից առաջինում կընդգրկվեն 8-12, իսկ երկրորդ՝ ավագ խմբում 13-17 տարեկան պատանիներ: Եթե նախորդ մրցույթում երկու ենթախմբերում էլ պետք էր ներկայացնել բացառապես 1 դաշնամուրային ստեղծագործություն, ապա այս տարի ավագ ենթախմբում պայմանները փոխվել են. մասնակիցը կարող է ներկայացնել մինչև 4 գործիքի համար գրված ստեղծագործություն: Գործիքների ընտրությունը նույնպես ազատ է:
Մայիսի 8-ին կկայանա 1-ին ենթախմբի մրցույթը: 8-12 տարեկան պատանի ստեղծագործողները պետք է ներկայացնեն 1 դաշնամուրային ստեղծագործություն, որի տևողությունը չպետք է գերազանցի 5 րոպեն:
Մայիսի 8-ին կկայանա 2-րդ ենթախմբի մրցույթը: 13-17 տարեկան պատանի ստեղծագործողները պետք է ներկայացնեն 1 ստեղծագործություն՝ առավելագույնը 4 գործիքի համար, որի տևողությունը չպետք է գերազանցի 10 րոպեն:
Մայիսի 12-ին կկայանա մրցույթի գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը: Այդ օրը ելույթ կունենան երկու ենթախմբերի հաղթող մասնակիցները:
Մինչ մայիսի 12-ը չեն հրապարակվելու հաղթողների անունները: Մրցութային օրերին կրտսեր խմբի մասնակիցները իրենք պետք է կատարեն իրենց կողմից գրված ստեղծագործությունները: Հնարավոր բացառությունների դեպքում մրցույթի հանձնաժողովը կքննարկի և կկայացնի որոշում` թույլատրել փոխարինել մասնակցին, թե՝ ոչ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներբեռնել դիմում-հայտի օրինակը, լրացնել այն, ապա ուղարկել info@composers.am էլեկտրոնային հասցեին:
Մինչ մրցութային օրերի մեկնարկը մրցույթի հանձնաժողովի կողմից կհայտարարվի փակ քննարկում, կդիտարկվեն բոլոր հայտերը: Բոլոր այն մասնակիցները, ովքեր կհաղթահարեն նախնական փուլը, կտեղեկացվեն մրցութային փուլին մասնակցելու մասին ոչ ուշ, քան մինչև մայիսի 5-ը:
Հայտի հետ պետք է անպայման կցել նոտաներ /կամ թվայնացված, կամ ընթեռնելի ձեռագրով/, ծննդյան վկայականի /անձնագրի/ պատճեն և 1 որակյալ լուսանկար:
Մրցույթին մասնակցել ցանկացողները ամենևին էլ պարտադիր չէ, որ սովորեն երաժշտական դպրոցներում, կամ հաճախեն կոմպոզիցիայի դասարան, ուստի և հենց այս պատճառով էլ հայտերում պետք չէ նշել երաժշտական կամ արվեստի դպրոցների անունները: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 2-ն է:
Մրցութային երկու ենթախմբերի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները՝ դիպլոմներով, մեդալներով և խրախուսական նվերներով: Մրցույթի երկու ենթախմբերի հաղթողները կպարգևատրվեն նաև դրամական պարգևներով: Մրցութային փուլերն ու գալա-համերգը կկայանան Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում:
«Արմենպրես»-ը մրցույթի ինֆորմացիոն հովանավորներից է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում