Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Dasaran» կրթական ծրագրի ներկայացուցիչներն այցելել են Արցախ

«Dasaran» կրթական ծրագրի ներկայացուցիչներն այցելել են Արցախ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր-նախագահ Սուրեն Ալոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 2-ին այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ պատվիրակությանն ընդունել է Նախագահ Բակո Սահակյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Dasaran» կրթական ծրագրի գրասենյակից, հանդիպմանը ներկա է եղել նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:

Հանդիպման ընթացքում Ս.Ալոյանը ներկայացրել է «Dasaran» կրթական ծրագրի ընթացիկ գործունեությունը, իրականացրած նախաձեռնությունները, գրանցած հաջողությունները և ապագա անելիքները: Ընդգծվել է այն հանգամանքը, որ ներկայումս կրթական ծրագիրը գործում է Հայաստանի և Արցախի հանրակրթական 1.435 դպրոցում՝ իր ցանցի սահմաններում ներառելով գրեթե 1 միլիոն գրանցված բաժանորդ (ավելի քան 434.119 աշակերտ, 434.119 ծնող, 1.435 տնօրեն, 48.608 ուսուցիչ): Տեղեկացվել է «Dasaran»-ի կայքում գործող ավելի քան 24 կրթական խաղի մասին, որոնք ուսումն առավել ինտերակտիվ, նորաշունչ և հետաքրքիր դարձնելով, օգնում և նպաստում են աշակերտների առաջադիմությանը:

ԼՂՀ Նախագահ Բ.Սահակյանը բարձր է գնահատել  տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ կրթական ոլորտում «Dasaran» -ի իրականացրած բարեփոխումները՝ ավելացնելով, որ ԼՂՀ իշխանությունները պատրաստակամ են սատարելու Արցախում նորանոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը:

Քննարկման ընթացքում կարևորվել է կայքի միջոցով դպրոցների գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացման և ուսուցիչ-աշակերտ-ծնող կապի ամրապնդման հանգամանքը, ինչպես նաև էլեկտրոնային միասնական հարթակի դերը Հայաստանի և Արցախի միջև եղած հեռավորության կրճատման, հանրակրթական դպրոցների աշակերտների ինտերակտիվ շփման և ուսումնական հաստատությունների միջև հարաբերությունների սերտացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև առաջիկայում իրականացվելիք ծրագրերին, համագործակցության եզրերի ընդլայնմանը, տարաբնույթ մրցույթների շնորհիվ դպրոցներում համակարգչային գիտելիքների հարստացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառման խթանմանը, երկուստեք կարևորվող այլ հարցերի:

Նույն օրը Ս.Ալոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Dasaran» կրթական ծրագրի կայքի, մասնավորապես՝ կայքում գործող ինտերակտիվ խաղերի միջոցով արցախյան հանրակրթական դպրոցների աշակերտներին «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան հասանելի դարձնելու հանգամանքը:

Մարտի 2-ին «Dasaran» կրթական ծրագրի թիմը ԼՂՀ կրթության և գիտության նախարար Ս.Ասրյանի ներկայությամբ հանդիպել է Արցախի հանրակրթական 70 դպրոցի տնօրենների, օպերատորական և ուսուցչական անձնակազմերի հետ: Դպրոցներն արդեն ունեն անհրաժեշտ տեխնիկա և համացանցային կապ, և «Dasaran»-ի ներկայացուցիչներն անցկացրել են անհրաժեշտ վերապատրաստական աշխատանքներ` ուղղված Արցախում գործող «Dasaran»-ի միասնական ցանցային հարթակին դրանց առաջիկա միանալուն: «Dasaran»-ի հարթակին արդեն իսկ միացած է արցախյան 85 դպրոց:

Այցն ավարտվել է «Dasaran» կրթական ծրագրի, ԼՂՀ կրթության և գիտության նախարարության, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համատեղ հայտարարած «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2014-2015» մրցույթի ամփոփման ու մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ: Ամանորի տոներին ընդառաջ հայտարարված մրցույթը եզրափակվել է Արցախի՝ լավագույն աշխատանքներով աչքի ընկած դպրոցների մատնանշմամբ և պարգևատրումներով: 

Մրցույթին իր ակտիվ մասնակցությունն էր ցուցաբերել «Dasaran» կրթական ծրագրին միացած արցախյան ավելի քան 25 հանրակրթական դպրոց, որոնք հանդես են եկել կրթօջախների արտաքին և ներքին ամանորյա հարդարման յուրահատուկ լուծումներով:

Մրցույթի արդյունքների ամփոփմանը ներկա են եղել ԼՂՀ կրթության ոլորտի պատասխանատու անձինք, դպրոցների տնօրինություններն ու այլ հյուրեր: «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր-նախագահ Ս.Ալոյանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ս.Ասրյանը պարգևատրել են ընդհանուր առմամբ արցախյան 7 դպրոցի: Հաղթողներն ստացել են համակարգիչ, պատվոգրեր և այլ խրախուսական մրցանակներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am