Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀԿ-ական պատգամավորը ընդդիմությանը կոչ է անում համագործակցել ու կառուցողական լինել

ՀՀԿ-ական պատգամավորը ընդդիմությանը կոչ է անում համագործակցել ու 
կառուցողական լինել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը մտահոգիչ է համարում ընդդիմության ներսում տիրող իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պատգամավորը հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ընդդիմությունն սկսել է մեկը մյուսի նկատմամբ արշավ կազմակերպել: Ամեն մեկը փորձում է ներկայացնել, որ ինքը միակն է, իրենից բացի ընդդիմություն չկա, բայց կարծում եմ, որ իրենք պետք է փորձեն համախմբվել: Պետք է կառուցողական ընդդիմություն ստեղծեն ու իշխանության հետ աշխատեն, ոչ թե հասարակությանը հիասթափացնեն»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը` հավելելով, որ իշխանությունը միշտ նպաստել է, որ ընդդիմությունը կարողանա իր կարծիքը հայտնել թե Ազգային ժողովում, թե հրապարակներում:

Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ստեղծված իրավիճակի մեջ մեղադրում է իշխանությանը: «Իշխանությունն ամեն ինչում մեղավոր է, երկրում ցանկացած ավելացուկի ու պակասի համար իշխանությունն  է մեղավոր: Հիմա եթե ընդդիմություն չկա, ուրեմն անլիարժեք քաղաքական կյանք է, դրա մեջ մեղավոր է իշխանությունը: Իշխանությունը չպետք է իր համար ձեռնտու ընդդիմություն ստեղծի, որին հեշտ կլինի հաղթել, այլ օրենսդրական գործիքակազմով ընդդիմության համար պայմաններ պետք է ստեղծի: Ընդդիմություն, որը իրեն կփոխարինի: Ընդդիմություն ասելով` ես հասկանում են իշխանության հաջորդ հավակնորդ»,-ասաց Ազատ Արշակյանը:

Նախկին պատգամավորի համոզմամբ` քաղաքական մեծամասնությունը պետք է քննարկումներ սկսի խեղճացած ընդդիմության հետ: «Կուսակցությունների ու ընտրությունների մասին օրենքներ են պետք, որոնք պետք է Հայաստանի համար լինեն, որը առաջիկա ընտրություններին կձևավորի կենսունակ ու մրցունակ քաղաքական ընդդիմություն»,-նշեց Ազատ Արշակյանը:

Սուքիաս Ավետիսյանը չհամաձայնեց, որ օրենսդրական առումով խնդիրներ կան: «Կուսակցությունների և ընտրությունների մասին օրենքները ոչ մի ձևով չեն խանգարում ընդդիմությանը: Հստակ օրենքներ են, պարզապես նրանք չեն փորձում օրենքների դաշտում աշխատել, մեղադրում են իշխանություններին, ոչ թե օրենքները լավը չեն: Եթե լավը չեն, ուրեմն այդքան կուսակցություն չէինք ունենա»,-շեշտեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որ ընդդիմության ներուժ կա Հայաստանում, պարզապես պետք է որոշակի տարաձայնություններ ունեցող ընդդիմադիր ուժերը կարողանան համագործակցել:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը` ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ խորհուրդ կտա, որ որպես նախկին նախագահ նա նման ելույթ այլևս չունենա: «Եթե կան համակիրներ, թող նրա հետ խորհրդակցեն ու առաջարկեն, որ հասարակության առջև նման ելույթ չունենա նախկին նախագահը»,-նշեց Սուքիաս Ավետիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am