Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը կփոխհատուցի պետական բուհերի 646 ուսանողի ուսման վարձը

Կառավարությունը կփոխհատուցի պետական բուհերի 646 ուսանողի ուսման վարձը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում ամփոփվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած կրթաթոշակի մրցույթի արդյունքները: Այս տարի ուսման վարձի փոխհատուցում է ստացել 646 ուսանող: Որոշ ուսանողների կրթաթոշակի հավաստագիրը հանձնել է անձամբ վարչապետը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով ուսանողներին կրթաթոշակ ստանալու առթիվ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ բոլոր ժամանակներում կրթությունը կարևոր տեղ ու դեր է ունեցել մեր հասարակությունում. «Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում բարձրագույն կրթությունն առանձնակի է կարևորվում: Գիտատեխնիկական առաջընթացի աննախադեպ արագության և բարձր տեխնոլոգիաների ներդրման հետևանքով աշխատանքի շուկան մշտապես փոփոխվում է: Արդյունքում վերափոխվում է աշխատանքային միջավայրը, ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ և որակավորումներ»: 

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ որակյալ և կրթված մասնագետը միշտ էլ պահանջված է, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշտապես աջակցում է երիտասարդներին՝ հասանելի կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելով։ Վարչապետի խոսքով՝ ֆինանսական միջոցների բացակայությունը և սոցիալական վիճակը չպետք է խոչընդոտեն երիտասարդների լիարժեք կրթություն ստանալուն։ «Բարձրագույն կրթության հասանելիության հարցը մշտապես գտնվում է մեր կառավարության ուշադրության կենտրոնում, և մենք հետևողականորեն ջանքեր ենք գործադրելու այդ ուղղությամբ, որպեսզի տրամադրվող ֆինանսական օժանդակությունը տարեցտարի ավելանա: Մենք առաջնահերթ ուշադրություն ենք դարձնում կրթության ոլորտի զարգացմանն ու արդիականացմանը, և այս բնագավառում հաջողություններն ակնհայտ են: Մեր երիտասարդությունը բարձրորակ կրթություն է ստանում ոչ միայն տեղական բուհերում, այլև պետական ուղեգրերով հարյուրավոր երիտասարդներ շարունակում են իրենց ուսումն աշխարհի լավագույն կրթական հաստատություններում: Հպարտանում եմ միջազգային մրցույթներում և օլիմպիադաներում մեր շնորհալի հայ երիտասարդների հաղթանակներով: Ձեզանից պահանջվում է ուսման մեջ դրսևորել առավելագույն ջանասիրություն և աշխատասիրություն: Մենք միշտ ձեր կողքին ենք և պատրաստ ենք աջակցելու», - հավելել է կառավարության ղեկավարը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին և կառավարությանը՝ ծրագրի իրականացմանն աջակցելու և այն շարունակական դարձնելու համար: 

Կրթաթոշակի մրցույթը հայտարարվել է պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատում սովորող առաջին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ. այս տարի մրցույթի անցկացման համար ՀՀ կառավարությունը ՀԵՀ-ին հատկացրել է 64 մլն դրամ: Հայաստանի գրեթե բոլոր, այդ թվում՝ մարզերում գործող պետական բուհերից այս տարի մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 1040 ուսանող, ընդ որում, 179-ը՝ մարզերում գործող բուհերից։ Ուսանողների ընտրությունը կատարելիս հաշվի են առնվել մրցույթի կարգով սահմանված հստակ չափորոշիչները՝ առաջադիմությունը, սոցիալապես անապահով լինելու հանգամանքը և այլն։ Մրցույթում հաղթած ուսանողների անունները հրապարակվում են ՀԵՀ-ի պաշտոնական՝ heh.am կայքում։ 

Ընդհանուր առմամբ, պետական բյուջեից 2011-2014թթ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցել է պետական բուհերի անվճար համակարգում չընդգրկված ավելի քան 3000 ուսանողի ուսման վարձ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am