Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սերգո Կարապետյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում կոոպերատիվների չինական մոդելի ներդրման հարցը

Սերգո Կարապետյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում 
կոոպերատիվների չինական մոդելի ներդրման հարցը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-չինական հարաբերությունները նոր լիցք կստանան:

Հանգամանորեն անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցությանը` նախարարը, մասնավորապես, նշել է, որ մեր երկրի անկախացումից հետո Չինաստանի կառավարությունը տեխնիկակական մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի գյուղատնտեսությանը: «Մենք շահագրգռված ենք դեպի չինական շուկա հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների ավելացմամբ», - նշել է իր խոսքում Սերգո Կարապետյանը` գոհունակությամբ հավելելով, որ հատկապես կոնյակի և գինու արտահանման ծավալները մեծանում են:

Հանդիպման ընթացքում նախարարը նաև առաջարկել է քննարկել Հայաստանում կոոպերատիվների  չինական մոդելի ներդրման հնարավորությունը:  

Դեսպան Տյան Էրլունն իր հերթին նշել է, որ հետաքրքրված է գյուղատնտեսության և հատկապես պարենային անվտանգության ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմամբ ու խորացմամբ և պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնմանը:

Հանդիպմանը նախարարն առաջարկել է Հայաստանում կազմակերպել գյուղատնտեսական ոլորտի բիզնես-ֆորում, որը հնարավորություն կընձեռի կողմերին ծանոթանալ երկու երկրներում թողարկվող պարենային ապրանքատեսակներին, ինչպես նաև խթան կհանդիսանա գործարար կապերի աշխուժացման և նոր ներդրողների ներգրավման համար:

Որպես երկու երկրների միջև ագրարային ոլորտում փոխգործակցության զարգացման հնարավոր ուղղություններ` կողմերն առանձնացրել են համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, ջերմատների կառուցումը, հակակարկտային ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը, ինչպես նաև համագործակցության խթանումը գիտական և խորհրդատվական ոլորտներում:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է դեսպանին  իր չինացի  գործընկերոջը փոխանցել 2015 թվականին Հայաստան այցելելու հրավերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am