Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Խորհրդարանում մեկնարկել է կառավարության նախաձեռնած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Խորհրդարանում մեկնարկել է կառավարության նախաձեռնած արտահերթ նիստը. 
ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկեց կառավարության նախաձեռնած արտահերթ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրանցվել է 107 պատգամավոր: Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, որոնք խորհրդարանի հրատապ քննարկմանն է ներկայացրել կառավարությունը: 

Նիստի ընթացքում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով առաջարկվում է շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսից դարձնել 2 տոկոս բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք կկարողանան տարեկան 40-50 միլիարդ դրամի արտահանում իրականացնել: Այդ կազմակերպությունների ծրագիրը պետք է արժանանա կառավարության հավանությանը, իսկ Հայաստանի շուկայում դրանք գործունեություն ծավալելու իրավունք չեն ունենա:

Կշարունակվի «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը, որն անավարտ է մնացել ավարտված քառօրյայի ընթացքում: Օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է տարեկան շրջանառությունը փաստաթղթավորելու պարտադիր պահանջը դարձնել կամավոր: Առաջարկվում է նաև բարձրացնել շչջանատության հարկի շեմը՝ 58.35 միլիոն դրամից դարձնելով 113.4 միլիոն դրամ: Բոլոր այն տնտեսվարողները, ովքեր կհամաձայնեն աշխատել փաստաթղթավորմամբ, կվճարեն 1 տոկոս հարկ, իսկ առանց փաստաթղթավորման աշխատող տնտեսվարողների համար շրջանառության հարկի դրույքաչափը կկազմի 5 տոկոս:

Խորհրդարանը կքննարկի «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ պաշտոնաթող նախագահի կենսաթոշակը սահմանել ՀՀ Նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով, ինչպես նաև նրան ցմահ ապահովել գրասենյակով, բնակարանով, տրանսպորտով և թիկնազորով:

Կքննարկվեն նաև Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի նախագիծը և հարակից օրենսդրական փաթեթը, «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Օրակարգի վերջին հարցը 1951 թվականի հոկտեմբերի 31-ին ընդունված «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրությունն է:

03.03.2015





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am