Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՄԱԿ-ի գրասենյակների` Թուրքիայում գտնվելը կխախտի տարածաշրջանային աշխատանքի հեռանկարը

ՄԱԿ-ի գրասենյակների` Թուրքիայում գտնվելը կխախտի տարածաշրջանային 
աշխատանքի հեռանկարը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Ստամբուլ տեղափոխումը անարդարացի է ու վտանգավոր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց «Ի պաշտպանություն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ՀՀ հասարակական դաշինքի» անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Նրա խոսքով`ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանին վերաբերող որևէ խնդրի դեպքում հարցը պետք է բարձրաձայնվի Ստամբուլի միջոցով, ինչը նպատակահարմար չէ` հաշվի առնելով անցյալի ու ներկայի դասերը: Կարինե Դանիելյանը տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի հետ աշխատող և ՄԱԿ-ի կառույցներում որոշակի կարգավիճակ ունեցող 22 հասարակական կազմակերպությունների անունից բազմիցս նամակ են ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու ՄԱԿ-ից պատասխանել են, որ հայկական կողմը Ստամբուլի հետ չի աշխատի: «Ռեգիոնալ ծրագրերի դեպքում Հայաստանը կարող է աշխատել անմիջապես Նյու Յորքի կամ Թաիլանդի հետ»,-ասաց Կարինե Դանիելյանը:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այն պայմաններում, երբ Թուրքիան սատարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, ավելին քան տեղին է բողոքի նոտաների հղումը: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հարկ համարեց ևս մեկ անգամ ընդգծել, որ հայության և Հայաստանի համար լրացուցիչ դժվարություններ կստեղծվեն մեզ համար կարևոր ՄԱԿ-ի հետ աշխատակցության առումով, երբ այն տեղափոխվի Ստամբուլ: «Իր առավելություններով հանդերձ ՄԱԿ-ն ունի նաև բացթողումներ: 1923 թվականից մինչև այսօր ՄԱԿ-ը Թուրիքայում փոքրամասնությունների ստուգման լիազորություն չունի: Դա հետագայում պետք է աներ Եվրոպայի խորհուրդը, եթե Թուրքիան ստորագրեր Եվրոպայի խորհրդի փոքրամասնությունների պաշտպանության կոնվենցիաները: Հասկանալի է, որ Թուրքիան չի ստորագրում դրանք: Սրանք բոլորը փաստարկներ են ցույց տալու, որ մենք գտնվում ենք մի երկրի հարևանությամբ, որը շատ կամընտրական է իր պարտավորություններում թե ՄԱԿ-ի, թե Եվրոպայի խորհրդի դեպքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հրանուշ Խառատյանը` հավելելով, որ ՄԱԿ-ի կառույցները Ստամբուլ տեղափոխելու նախաձեռնությունը թուրքական է:

«ՄԱԿ-ի պատասխանատուները երևի հաճախ հաճույքով են համաձայնում այդ տեղափոխությանը գուցե նաև անձնական նկատառումներով, բայց նաև ընդհանուր քաղաքականությունների թելադրանքով: Ստացվում է, որ ՄԱԿ-ի կառույցները ոչ միշտ են բավական ուշադրություն դարձնում ՄԱԿ-ի կողմից որդեգրած ու իր համար անքակտելի կարևորության քաղաքական դրույթների վրա: Բոլոր դեպքերում ՄԱԿ-ի գրասենյակների, որոնք կոչված են տարածաշրջանային աշխատանքի,  Թուրքիայում գտնվելու պարագայում սկզբունքորեն կխախտվի տարածաշրջանային աշխատանքի հեռանկարային հնարավորությունը»,-ավելացրեց ազգագրագետը:

Կարինե Դանիելյանն էլ հորդորեց այս հարցը միշտ պահել ուշադրության կենտրոնում և միջազգային հանրությանը ցույց տալ, թե ովքեր են իրականում մեր հարևանները: «Շատերն ասում են` անհույս է, միջազգային հանրությունը միայն գումարի, ուժի է հետևում, մեր փորձը ցույց է տվել, որ այդքան անհույս չէ, այդքան անարդար չէ միջազգային հանրությունը, պարզապս պետք է իրենց հետ աշխատել: Իհարկե, հասկանում եմ, որ լուրջ խնդիրները հեշտ չեն լուծվում, սակայն ամեն հայ պետք է դեսպան լինի: Ամենակարևորն արտաքին քաղաքականությունն է, որը մենք թերագնահատել ենք: Ունենալով հզոր սփյուռք` մենք կարող ենք լուծել մեր խնդիրները»,-եզրափակեց բնապահպանը:

«Ի պաշտպանություն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ՀՀ հասարակական դաշինքը» նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչին: Դրանում, մասնավորապես, ասված է. «Խոր ափսոսանքով կարելի է արձանագրել, որ ժամանակակից աշխարհի առաջ կանգնած է ռադիկալ մուսուլմանական գաղափարախոսության և մնացյալ աշխարհի, մասնավորապես քրիստոնեական քաղաքակրթության միջև հակամարտության իրական առճակատում: Կտրուկ ակտիվացել են ահաբեկչական գործողությունները, տեղի է ունեցել խաղաղ բնակչության (եզդինեի և քրիստոնյաների) ջարդը Իրաքում և Սիրիայում, զգալիորեն ավելացել են նոր տարածքային գրոհների, դրանք Եվրոպայի տարածք տեղափոխելու, ազգամիջյան և միջկրոնադավանական հիմքերի վրա բախումների սպառնալիքները: Ցավոք, Թուրքիայի դերն այս ոլորտում ամենևին կառուցողական չէ: Սա պրոբլեմի նկատմամբ Թուրքիայի կառուցողական մոտեցման շանս էր, սակայն դրա փոխարեն տեղի ունեցավ Սիրիայում գտնվող Քեսապ քաղաքի դեմ թուրքական ռազմական ուժերի հարձակումն ու նրա հայ բնակչության տեղահանումը:

Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակը կտրուկ սրվել է պարոն Էրդողանի կառավարման տարիներին:

Այսօրվա ճգնաժամային իրավիճակը հաստատում է ՄԱԿ-ի եվրոպական կառույցները Ստամբուլ տեղափոխելու հետ կապված մեր նախկին տագնապների իրավացիությունը: Այդ կառույցների տեղափոխումը Թուրքիայի համար մի ազդակ կհանդիսանա, որ միջազգային հանրությունը աջակցում է իրեն կողմից վարած քաղաքականությանը և որ ուժի իրավունքը գերակայում է արժեհամակարգի և նորմերի նկատմամբ: Մենք ուզում ենք հավատալ, որ միջազգային հանրությունը չի ներկայացնի նմանատիպ խրախոսական ազդանշան:  Ցավոք, մենք չկարողացանք կանխարգելել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գրասենյակի տեղափոխությունը Բրատիսլավայից Ստամբուլ, ինչը, համոզված ենք, նվազեցնում է տարածաշրջանի երկրների հետ այդ գրասենյակի աշխատանքների արդյունավետությունը:  Սակայն մենք հույս ունենք, որ ժամանակակից իրողությունները հաշվի առնելով այդ գործընթացը կկասեցվի և ՄԱԿ-ի մյուս գրասենյակները կմնան իրենց ավանդական վայրերում՝ բուն եվրոպական քաղաքներում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am