Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վահրամ Բաղդասարյանը չցանկացավ խորհրդարանական ճեպազրույցը վերածել Զուրաբյանի մեծարման երեկոյի

Վահրամ Բաղդասարյանը չցանկացավ խորհրդարանական ճեպազրույցը վերածել 
Զուրաբյանի մեծարման երեկոյի

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընդդիմությունն իսկապես հիվանդ է, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արդեն տվել է ապաքինման դեղատոմսը:

Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարություններին, որոնցով նա մինչ այդ անձնական վիրավորանքներ էր հնչեցրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հասցեին: «Երբ նրանք չեն կարողանում քաղաքական, ինտելեկտուալ լեզվով խոսել, մտնում են վիրավորանքի դաշտ, որպեսզի մենք իջնենք իրենց մակարդակին, ինչն իրենց համար նպաստավոր պայմաններ կստեղծի: Հանրությունը գիտի Գալուստ Սահակյանի ունակությունները, ես դրանց չեմ ցանկանում անդրադառնալ, իսկ մենք նրանց մակարդակին չենք ցանկանում իջնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Վահրամ Բաղդասարյանը նկատեց, որ ընդդիմությունն այլ ասելիք չունի, ուստի ստիպված անցել է անձնական վիրավորանքներին: «Նրանք ուղղակի հիմա ցանկանում են շոուներ սարքել, մամուլի համար հետաքրքիր նյութեր տալ, սակայն մենք այդ ոճով չենք աշխատում»,- նշեց Բաղդասարյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀՀԿ-ն է նիստերի ընթացքում անցել անձնական վիրավորանքների, Վահրամ Բաղդասարյանը խորհուրդ տվեց ուշադիր հետևել Ազգային ժողովի նիստերին, քանի որ հանրապետականները երբեք որևէ մեկին անձնական վիրավորանք չեն հասցնում: «Սակայն երբ մենք երկար լռում ենք, հանդուրժում ենք, հանրության մեջ տպավորություն է ստեղծվում, թե մենք իսկապես համաձայն ենք նրանց գնահատականների հետ: Ընդդիմության կաղ լինելու մասին առաջինը հայտնել է Զուրաբյանը: Ինքն էր ասում, որ ընդդիմությունը կաղում է, բայց դա ժամանակավոր է: Մենք էլ առաջարկեցինք դեղատոմսը, որ կաղալը ոչ թե բուն իմաստով է, այլ ընդդիմությունը որպես այդպիսին կաղում է, ընդդիմության մեջ հիվանդություն կա, որը մենք պետք է կարողանանք հաղթահարել, որպեսզի մենք ունենանք առողջ քաղաքական ընդդիմություն, ոչ թե ոտքի, այլ քաղաքական իմաստով»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Լևոն Զուրաբյանը հայտարարում է, որ ռեժիմը խուճապի մեջ է՝ Վահրամ Բաղդասարյանը նկատեց, թե տպավորություն է ստեղծվում, որ Լևոն Զուրաբյանը Լենին պապիկն է դարձել՝ հավելելով, որ չի ցանկանում ճեպազրույցը վերածել Զուրաբյանի մեծարման երեկոյի: «Ես կարող եմ ասել, որ իշխանությունները հանգիստ աշխատում են: Դուք շատ լավ տեսնում եք, որ մեր նյարդերը երբեք տեղի չեն տալիս, իսկ իրենք հակառակը՝ ցայտնոտի մեջ են»,- եզրափակեց Բաղդասարյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին մեղադրել էր մտավոր և լեզվական կարողություններից զուրկ լինելու, իսկ ԱԺ ղեկավարությանը՝ ավարտված քառօրյայի ընթացքում մանկապարտեզի խաղեր խաղալու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am