Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանն ու Ավստրիան արտակարգ իրավիճակներում գործելու համատեղ ծրագիր կմշակեն

Հայաստանն ու Ավստրիան արտակարգ իրավիճակներում գործելու համատեղ 
ծրագիր կմշակեն

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը փետրվարի 26-ին ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա) Ալոիս Կրաուտին և Մոսկվայում Ավստրիայի Հանրապետության դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Պլատերտին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, այցի նպատակն էր ՀՀ կառավարության հետ համատեղ արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման ընդհանուր պլանի մշակումը: Սա դեսպանի առաջին այցն է եղել ՏԿԱԻՆ և կրել է նաև ճանաչողական բնույթ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Երիցյանը ներկայացրել է նախարարության ընդհանուր գործունեությունն արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման բնագավառում:

Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Կրաուտը նշել է, որ Հայաստանում շատ են ավստրիացի զբոսաշրջիկները, ինչպես նաև զանազան աշխատանքային ծրագրեր իրականացնող ավստրիացիները, և ավստրիական կողմը ցանկանում է ՀՀ կառավարության հետ արտակարգ իրավիճակներում գործելու ընդհանուր ծրագիր մշակել: Այս նպատակով ապրիլի 15-ից Հայաստան է ժամանելու Ավստրիայի աղետների աջակցության թիմը, որում ընդգրկված են լինելու երեքական ներկայացուցիչ Ավստրիայի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին գործերի նախարարություններից: Խմբի առաջին կայանատեղին լինելու է Գյումրին, որտեղ Ավստրիայի զարգացման գործակալությունն իրականացնում է մանկական հիվանդանոցի վերանորոգում և աշխատանքներ է տանում երիտասարդ հաշմանդամների հետ, որպեսզի վերջիններիս ավելի հեշտ լինի ինտեգրվել հասարակական կյանքին: Ապրիլի 16-ին աղետների աջակցության թիմը կայցելի «Զվարթնոց» օդանավակայան, ապա Հայաստանի այն վայրերը, որտեղ շատ զբոսաշրջիկներ են լինում, և որոնք աղետների հարցում առավել վտանգավոր են:

Ընդառաջելով դեսպանի խնդրանքին՝ նախարար Երիցյանը ավստրիական թիմի հետ համատեղ աշխատանքների պատասխանատուներ է նշանակել ՓԾ տնօրեն գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանին և ՀՀ ՏԿԱԻՆ արտաքին կապերի վարչության պետ Մարիամ Գևորգյանին:

Այցի ավարտին նախարար Երիցյանը հյուրերին ցույց է տվել ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը և ՀՀ կառավարության պահեստային սերվերային կենտրոնը:

Արտակարգ իրավիճակների բնագավառում Ավստրիայի և Հայաստանի համագործակցությունը սկիզբ է առել դեռ 1988 թ.-ին Սպիտակի երկրաշարժի ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am