Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Եթե Գագիկ Ծառուկյանը որոշի մնալ, ես կհամագործակցեմ նաև նրա հետ. Գալուստ Սահակյան

Եթե Գագիկ Ծառուկյանը որոշի մնալ, ես կհամագործակցեմ նաև նրա հետ. 
Գալուստ Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ քաղաքական գործունեությամբ պետք է զբաղվեն միայն պրոֆեսիոնալ քաղաքական գործիչները, ովքեր անցել են մեծ ճանապարհ, ունեցել են վերելքներ և վայրէջքներ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանը, անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, թե ի վերջո գործունեության ի՞նչ ճանապարհ պետք է ընտրի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նշեց, որ նա կարող է զբաղվել կամ քաղաքականությամբ կամ բիզնեսով, սակայն պետք է որոշի, թե դրանցից որն է ընտրում և տարանջատի միմյանցից: «Դա Գագիկ Ծառուկյանի որոշելիքն է, թե ինչ ճանապարհ ընտրի: Քաղաքականությամբ պետք է զբաղեն փորձառու և պրոֆեսիոնալ քաղաքական գործիչները, ովքեր ունեցել են վերելքներ և վայրէջքներ: Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ այսօր Հայաստանի համար նույնքան կարևոր է բիզնեսը, որքան քաղաքականությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԱԺ նախագահը:

Հարցին, թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունում կա՞ն պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ դառնալու պոտենցիալ ունեցող գործիչներ, Սահակյանն ընդգծեց, որ դա ոչ թե իրենք են որոշում, այլ ժողովուրդը: «Օրինակ, ինձ 2000թ. անվանել են քաղաքական գործիչ, սակայն ես այդ ժամանակ ինձ քաղաքական գործիչ չեմ համարել: Ես 2005-2006 թվականից հետո միայն ինձ համարեցի քաղաքական գործիչ»,- նշեց Սահակյանը:

Հարցին, թե ու՞մ է տեսնում ԲՀԿ ղեկավարի պաշտոնում, եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնի հեռանալ քաղաքականությունից, Սահակյանը վստահեցրեց, որ ինքը պատրաստ է համագործակցել ցանկացած անձի հետ, ով կստանձնի ԲՀԿ ղեկավարի պաշտոնը: «Եթե Գագիկ Ծառուկյանը որոշի մնալ, ես կհամագործակցեմ նաև նրա հետ: Քաղաքական դաշտը մեկն է, իսկ այդ դաշտում  յուրաքանչյուրն իր դերակատարումն ունի»,- նշեց ԱԺ նախագահը:

Հարցին, թե Գագիկ Ծառուկյա՞նն է ավելի լուրջ քաղաքական գործիչ, թե ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը, Սահակյանը պատասխանեց, որ երկուսին էլ պետք է դրական գնահատել այն առումով, որ Առաքել Մովսիսյանի վրա դեռևս կան արցախյան պատերազմում տարած հաղթանակի արյան բծերը, իսկ Գագիկ Ծառուկյանը լուրջ ներդրում է ունեցել Հայաստանում տնտեսության զարգացման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am