Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Համահայկական հռչակագրում ժամանակակից միջազգային իրավունքին հակասող դրույթներ չկան. Վիգեն Քոչարյան

Համահայկական հռչակագրում ժամանակակից միջազգային իրավունքին հակասող 
դրույթներ չկան. Վիգեն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրն արտացոլում է ամբողջ հայության մոտեցումները, պատկերացումներն այն անելիքների հետ կապված, որոնք Հայաստանն ունի այդ ոլորտում:

 ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը այս առնչությամբ կարեւորում է հռչակագիրն ու նրա դրույթները: Միաժամանակ, ըստ նրա, եթե հռչակագիրն արտահայտեր զուտ պետության պաշտոնական դիրքորոշումը, հնարավոր էր միջազգային իրավունքի տեսանկյունից ենթատեքստում որոշակի խնդիրներ տեսնել:

«Պետության պաշտոնական դիրքորոշման և ամբողջ ժողովրդի դիրքորոշումներն արտահայտող փաստաթղթերում տարբերություններ են լինում: Սա պետք է հստակ գիտակցել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասաց նա` հավելելով, որ հռչակագրում ոչ մի ծայրահեղական, ժամանակակից միջազգային իրավունքին հակասող դրույթ չկա: Հիմնական մտահոգությունն, ըստ Քոչարյանի, կարող է առաջացնել համապատասխան այն պարտավորությունները, որոնք ՀՀ-ն, դեռևս 1992 թվականից անդամակցելով ԵԱՀԿ-ին, ստանձնել է:  

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 100-րդ տարելիցի առթիվ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ներկայացնելու խնդրին ու առաջարկություններին` Վիգեն Քոչարյանը շեշտեց, թե առաջին նախագահի առաջարկությունը մի նոր՝ արդեն Հայաստանի Հանրապետության պաշտոնական մոտեցումներն արտացոլող փաստաթուղթ մշակելու մասին է, որ հետաքրքրական գաղափար է եւ միգուցե կարելի է քննարկել: «Այդ դեպքում, իհարկե, պետք է փաստաթուղթն ամբողջությամբ համապատասախանի ժամանակակից միջազգային իրավունքի տառին և ոգուն: Բնական է,  որ այդ փաստաթղթի մշակմանը պետք է ներգրավվեն տարբեր անձինք, մասնագետներ, ինչը կարող է մեր հասարակության մեջ մի նոր մշակույթի ձևավորման նախադեպ հանդիսանալ: Ընդդիմության գործառույթը քննադատելն է, բայց կարող են լինել պահեր, երբ պետք է կոնստրուկտիվ գործունեություն ծավալել, և միգուցե այս ոլորտը, որը համազգային խնդիր է, հենց համատեղ աշխատանքի համար կարող է արդյունավետ ասպարեզ հանդիսանալ»,- ասաց Քոչարյանը` հավելելով, որ վերջնական կամ իդեալական փաստաթղթեր չեն լինում, քաղաքականությունը շատ դինամիկ երեւույթ է, եւ քարացած մոտեցումներ հարցի առնչությամբ չեն կարող լինել:

Հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը: Հռչակագիրը միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում: Փաստաթուղթն ընթերցել է Նախագահ Սերժ Սարգսյանը և, ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հանրապետության Նախագահը նշել է, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am