Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Սերժ Սարգսյանի հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Սերժ Սարգսյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի 5-րդ նիստի ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի արած ելույթի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի նախագահականից արված հայտարարություններին հաջորդած ԱԳՆ հաղորդագրության մեջ պահպանվել են նույն շեշտադրումները:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, անդրադառնալով Չանաքքալեի տոնակատարություններին մասնակցելու՝ Հայաստանին ուղղված հրավերին, նշել է, որ Հայաստան ուղարկված հրավերի պատճառը այդ մարտերում կռված և զոհված հայ մարտիկներն են: «Առաջին աշխահամարտի տարիներին Չանաքքալեի օրինակով թուրքերի գլխավորությամբ կայսրության բոլոր ազգերը խորը ցավ ապրեցին, մեծ կորուստներ ունեցան: Այս շրջանակներում Թուրքիան, հասկանալով ու չժխտելով հայերի ցավերը, անկեղծորեն կիսում է դրանք: Որպես օրինակ, այդ մարդկային կեցվածքը բացեիբաց ողջ աշխարհին ի ցույց դրվեց 2014 թվականի ապրիլի 23-ի «ցավակցական ուղերձ»-ի միջոցով, հիշեցվեց, թե ինչպես պետք է լինի երկու հնագույն ժողովուրդի բարեկամությունն ու խաղաղությունը: Մեր թանկագին անատոլիացի մտավորական Հրանտ Դինքի մահվան տարելիցի շրջանակներում 2015 թվականի հունվարի 20-ին արված հայտարարությամբ հայերին ուղղված կոչն էլ մեր կառուցողական դիրքորոշման մեկ այլ ապացույցն էր: Նման պայմաններում մեծ վշտով տեսանք, թե ինչպես Հայաստանի Նախագահի կողմից 2015 թվականի հունվարի 29-ին Երևանում արած հայտարարությամբ, հերթական անգամ անտեսելով Թուրքիայի մարդկային, պարզ և իրատեսական քայլերը, իրենց ուղղված ձեռքը, հրավերն անհարիր կերպով հետ վերադարձվեց: Թե՛ հարևան երկրի առաջնորդին, թե՛ հնագույն հայ ժողովրդի ներկայացուցչին  անհարիր այս պահվածքը խստորեն դատապարտում ենք»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Արտաքին քաղաքական գերատեսչությունը Հայաստանի ղեկավարությանը ողջամտության կոչ է արել: Հայտարարության մեջ կարևորվել է երկու ժողովուրդների միջև երկխոսության շարունակականությունը: «Հայաստանի ղեկավարության նման անտեղի մոտեցումը ընկալվում է որպես արգելք Թուրքիայի և հայ ժողովրդի, ինչպես նաև անատոլիայի սփյուռք ընկալվող հայկական սփյուռքի միջև բարեդրացիական հարաբերություններ հաստատելու գործում: Այս կապակցությամբ Թուրքիա վճռականորեն է շարունակելու իրեն սազեկան քայլերի դիմել»,- եզրափակվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը:

Ավելի վաղ հայտարարություն էր արել Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը՝պատասխանելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի 5-րդ նիստին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերին: Նա հայտարարել է, թե «Թուրքիան շարունակելու է դիմադրել բոլոր այն նախաձեռնություններին, որոնց միջոցով փորձ կարվի մանիպուլիացիայի ենթարկել իրեն»: Հիշեցնելով «թուրք-հայկական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի նախկին նախաձեռնությունները»՝ Քալընը ասել էր, թե իբր Հայաստանն անպատասխան է թողել թուրքական կողմի բոլոր նախաձեռնությունները: Նա սպառնացել էր, որ «նման վերաբերմունքն ամենից առաջ վնասելու է Հայաստանին և հայերին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am