Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հերքում է սպասվող երաշտի մասին լուրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հերքում է սպասվող երաշտի մասին 
լուրերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ ձմռան ամիսներին գրանցված և առաջիկա օրերին սպասվող անսովոր բարձր ջերմաստիճանային ռեժիմի, ինչպես նաև, նախորդ տարիների համեմատությամբ արձանագրված զգալիորեն ավելի քիչ տեղումների հետ կապված` տարբեր լրատվամիջոցներով շարունակվում է չհիմնավորված ու ոչ իրատեսական կանխատեսումների վերաբերյալ տեղեկությունների տարածումը: Նույնիսկ այսօր արդեն հայտարարություններ են արվում հանրապետությունում սպասվող երաշտի մեծ վտանգի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ 2015թ. հունվարի 29-ի դրությամբ` հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերն ու բազմամյա տնկարկները չեն վնասվել` հավելելով, որ հետագա ամիսներին տեղումների սակավության, բարձր ջերմաստիճանի առկայության, եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունների դեպքում կարող են գյուղատնտեսության ոլորտում լուրջ ռիսկեր առաջանալ:

Բազմամյա տվյալների ուսումնասիրություններով հաստատվել է, որ գրեթե չկան օրինաչափություններ ձմռան ամիսներին ձյան առատ տեղումների առկայության և ջրամբարներում ջրի բավարար պաշարների կուտակման հարցում:

ՀՀ տարածքում գարնանային վարարումների հոսքի ծավալի ավելացումը և առավելագույն ելքերը դիտվում են ապրիլ-մայիս, նույնիսկ`  հունիս ամիսներին: Հոսքի մեծությունը էականորեն կախված է վարարումների ժամանակահատվածում ջերմային և խոնավության պայմաններից:

Եղել են տարիներ, երբ հանրապետությունում ձյան շերտը բավական բարձր է եղել` նույնիսկ երկու անգամ գերազանցելով նորման, սակայն պայմանավորված ջերմային ֆոնով և այն հանգամանքով, որ այդ տարիներին ապրիլ-մայիսին դիտված տեղումների զգալի մասը եղել է ոչ ընդգրկուն` լոկալ հատվածներով և հոսքի վրա էական ազդեցություն չի թողել, վարարումների հոսքի ծավալը նորմայից զգալի ցածր է եղել (օրինակ` 2013թ.):

Դրա հետ մեկտեղ, առանձին տարիներին  ձմռան ընթացքում ձյան շերտի բարձրությունը եղել է նորմայից ցածր, սակայն պայմանավորված ապրիլ-հունիսի հիդրոօդերևութաբանական պայմաններով` դիտվել է զգալի մակերևութային հոսք (օրինակ` 1995, 2005, 2007, 2011թթ., ընդ որում` նշված վերջին երկու տարիներին հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ջրամբարներում դիտվել է 100% լցվածություն):

Նախարարությունից տեղեկացրել են նաև, որ գերատեսչությունը, անկախ հետագայում ջերմաստիճանային պայմանների հնարավոր փոփոխություններից ու հիդրոլոգիական վիճակից,  դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից կոնկրետ քայլեր է իրականացնում անհրաժեշտության դեպքում այլընտրանքային ջրաղբյուրների օգտագործման, ջրային ռեսուրսների առավել արդյունավետ ու խնայողաբար օգտագործման, ոռոգման միջտնտեսային, ներտնտեսային ցանցերը, ջրհան կայանները, խորքային հորերը մինչև ոռոգման սեզոնի սկիզբը նախապատրաստելու և կայուն ջրամատակարարում ապահովելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am