Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վարդան Պետրոսյանը հավանաբար ապրիլին ազատ կարձակվի. փաստաբան

Վարդան Պետրոսյանը հավանաբար ապրիլին ազատ կարձակվի. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդան Պետրոսյանը հավանաբար ապրիլին ազատ կարձակվի: Այս մասին հունվարի 29-ին կայացած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Գիտենք, որ շուտով, ենթադրաբար, կլինի համաներման ակտ, որը կտարածվի նաև Վարդան Պետրոսյանի պատժաչափի վրա: Անկախ նրանից՝ տուժող կողմը կբողոքարկի այս վճիռը, թե ոչ, Վարդան Պետրոսայնն ապրիլին ազատության մեջ կլինի: Ես համաձայն չեմ առաջին ատյանի դատարանի վճռին և վստահ եմ, որ տուժող կողմը նույնպես դժգոհ է մնացել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա և հավելեց, որ եթե տուժող կողմը որոշի բողոքարկել այս վճիռը, Վերաքննիչ դատարանին ոչինչ չի մնա, քան գործը կարճել և Վարդան Պետրոսյանին դատարանի դահլիճից ազատ արձակել:

Փաստաբանը հավելեց նաև, որ իրենք արդեն դիմել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի քննիչի կողմից փաստաթղթերի կեղծման եւ անգործության փաստերով քրեական գործ հարուցվի, և վերը նշված գործով առաջին նիստը տեղի է ունենալու փետրվարի 2-ին:

«Իմ կարծիքով՝ դատաավտոտեխնիկական փորձաքննություն կնշանակվի: Այդ արդյունքներն ունենալուց հետո միայն մենք կվիճարկենք առաջին ատյանի դատարանի որոշումը»,- ընդգծեց նա և հավելեց, որ այդ դեպքում Վերաքննիչ դատարանը հավանաբար կբեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը:

Բաղդասարյանը նկատեց նաև, որ Վարդան Պետրոսյանն ի սկզբանե որոշել էր, որ ինչպիսին էլ լինի վճիռը, իրենք այն չեն բողոքարկելու: «Եթե 10 տարի էլ լիներ դատավճիռը, չէինք բողոքարկելու: Պատճառն այն է, որ Վարդան Պետրոսյանը ազատ կլինի, և այլ քրեական գործով մենք կշարունակենք պայքարը եւ ցույց կտանք, որ որոշ ապացույցներ ձեռք են բերվել օրենքի խախտմամբ»,- հավելեց նա:

2015 թվականի հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013թ. հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի գործում մեղավոր ճանաչեց դերասան Վարդան Պետրոսյանին` նրան դատապարտելով 5 տարվա ազատազրկման` 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։

 

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 16-ին տեղի ունեցած նիստին դատախազ Արթուր Սարգսյանը հանդես էր եկել մեղադրական ճառով և պահանջել Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Վարդան Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով(ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) մեղադրանք էր առաջադրվել այն բանում, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան և հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի երկրորդ կմ հատվածին, իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն  զրկել է ավտոմեքենայի լիարժեքկառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի խախտում, որի արդյունքում ավտոմեքենան  դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ  կողնակում կանգնած վիճակում գտնվող  «ՎԱԶ 21214» մակնիշի մեքենայի  հետնամասին,  ինչի հետևանքով «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենայի ուղևորներ Էդվարդ և Էդգար Հակոբյանները մահացել են, իսկ ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը,   էմմա Հակոբյանը, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ:

Դատավարության ընթացքում տուժող կողմը պնդում էր, որ Վարդան Պետրոսյանը վթարի  պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ և այդ պատճառով է գերազանցել է թույլատրելի արագությունը։ Վարդան Պետրոսյանը, հերքելով այդ վարկածը, փորձում էր ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի հողածածկ կողնակին, այլ երթևեկելի գոտում։

Մեղադրյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am