Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Երազանքը՝ իրականություն. Կոմիտասի թանգարան-ինստիտուտը բացեց դռները

Երազանքը՝ իրականություն. Կոմիտասի թանգարան-ինստիտուտը բացեց դռները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ երաժշտական մշակույթի երախտավոր Կոմիտասի ժառանգությունն ու իրերը մշտական բնակության հասցե ունեն` նորաստեղծ Կոմիտասի թանգարան-ինտիտուտ: Պատմական նշանակություն ունեցող մշակութային օջախն այլևս երազանք չէ, այլ՝ իրողություն: 135 ցուցանմուշ ամփոփող թանգարան-ինստիտուտը պաշտոնապես իր դռները բացեց հունվարի 29-ին: Մեծ կարևորություն ունեցող կառույցը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ունի համերգասրահ, մշտական և ժամանակավոր ցուցադրությունների հնարավորություն: Անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանի շրջանակում կգործեն գիտահետազոտական կենտրոնը, համերգային դահլիճը, երաժշտական ստուդիան, գրադարանը, հրատարակչությունը: Թանգարան- ինստիտուտը լինելու է լուրջ գիտահետազոտական կենտրոն: Այն իրականացնելու է ուսումնասիրություններ, հանրահռչակելու է Կոմիտասի երաժշտությունը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի համոզմամբ՝ դժվար էր պատկերացնել, որ ականատես կդառնանք կարևորագույն իրադարձությանը:

«Շատ անարդարացի էր, որ Կոմիտասը մինչև այժմ չուներ թանգարան… Պուրակները, փողոցները, երաժշտական խմբերը, պարային համույթները կրում են Կոմիտասի անունը, տեղադրվել են հուշարձաններ, կիսանդրիներ, բայց, այնուհանդերձ, Կոմիտասը Հայաստանում իր հասցեն պետք է ունենար: Այս թանգարանն ամփոփում է մեր բոլոր իղձերը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հասմիկ Պողոսյանը:

Մշակույթի նախարարը հույս հայտնեց, որ թանգարանը կբացահայտի Կոմիտասի անհայտ կողմերը: «Վստահ եմ, որ բացումից հետո մարդիկ տարբեր նյութեր կբերեն և կզետեղեն այս օջախում, որն այսուհետև կարևորագույն մի վայր է, որտեղ մենք հանդիպելու ենք, մտորելու և խոսելու ոչ միայն երաժշտության մասին, այլև այլ նախաձեռնությունների շուրջ: Մեր ցուցասրահներում առկա են ցուցանմուշներ Գրականության և արվեստի թանգարանից և Հայաստանի ազգային պատկերասրահից»,-հավելեց նախարարը:

Նախագծի հեղինակ և ճարտարապետ Արթուր Մեսչյանը հույս ունի, որ կառույցը կծառայի իր նպատակին: «Հուսով եմ, որ Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտը կբերի որոշակի որակական փոփոխություններ մեր մտածողության և մշակութային զգացողության մեջ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կանեն մարդիկ, ովքեր թանգարանում են: Թանգարանը մարդիկ են, միայն կառույցը չէ: Ճարտարապետությունն իր տեղն ունի, բայց թանգարանը մարդիկ են, այն միջավայրն է ու օդը, որի մեջ պետք է դաստիարակվեն մեր երեխաները: Գլխավորապես մտածում էի եկող սերնդի մասին, կարծում եմ՝ ստացվել է: Ես Կոմիտաս վարդապետի նկատմամբ ազնիվ եմ եղել», -նշեց Արթուր Մեսչյանը:

Թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը մեծ պատասխանատվություն է զգում, քանի որ ղեկավարելու է այս պատմական կառույցը: «Ինչպես յուրաքանչյուր հայ, այնպես էլ ես այսօր հպարտ և ուրախ եմ, քանի որ այսօր ստեղծվել է մի կառույց, որը շատ սպասված է եղել ամբողջ հայ ժողովրդի համար: Մենք ունենալու ենք մշակութային օջախ, որով հպարտանալու ենք: Կառույցն իրականացնելու է կրթական, գիտահետազոտական, համերգային գործունեություն», -ընդգծեց նա:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանի համոզմամբ՝ Կոմիտասը մեր մշակութային կյանքում ամենուր է: «Որպես կոմպոզիտոր նա մշտապես ներկա է եղել մեր կոլեկտիվների երգացանկում, բայց իր անվան հետ կապված վայր չկար: Թանգարանի ստեղծումը Կոմիտասի անունը հասցեական դարձնելն էր», -նշեց երաժշըագետը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կոմիտասի թանգարանի հիմնման առաջարկով հանդես էր եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2013 թվականի մայիսի 30-ի նիստում:Հանրապետության ղեկավարը 2013-ի սեպտեմբերի 19-ին Կոմիտասի անվան զբոսայգում ներկա է գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքային համալիրի նախագծի հանրային ներկայացման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում շեշտել է, որ համաձայն է բոլոր նրանց հետ, ովքեր այդ հաստատության գոյությունը համարում են անհրաժեշտություն և ժամանակի հրամայական: Նախագահը համոզմունք էր հայտնել, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կդառնա լրջագույն կենտրոն թե՛ հայ, թե՛ օտար ուսումնասիրողների համար, քանի որ Կոմիտասը պետք է կուռք չլինի, ում պաշտում, բայց չեն ճանաչում:

Նախագիծն իրականացվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամների միջոցներով: 

Երազանքը՝ իրականություն. Կոմիտասի թանգարան-ինստիտուտը բացեց դռները: Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am