Շիրակի թեմի երիտասարդները կոչ են անում բոլոր երիտասարդներին նշել Սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը
ԳՅՈՒՄՐԻ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը Շիրակի թեմի երիտասարդները հունվարի 27-ից 31-ը կնշեն տարաբնույթ միջոցառումներով: Արդեն մի քանի տարի է, ինչ երիտասարդների օրհնության օրն առանձնանում է մյուսներից՝ օրվա խորհրդով պայմանավորված ժամերգությունով, պատարագով, խոկման և օրհության կարգով և տոնին նվիրված այլ միջոցառումներով: Այս տարի ևս Սբ. Աստվածածին /Յոթ Վերք/ եկեղեցու երիտասարդական միության և Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ, թեմի երիտասարդների համար սիրո և երիտասարդների օրհնության տոնը կառանձնանա իր տեսակով:
Ի դեպ, Գյումրիում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո, տոնին նվիրված միջոցառումների նախնական ծրագիրը որոշակի փոփոխության է ենթարկվել եւ ուրախ-ժամանցային մասը տեղը զիջել է հոգևոր և ժողովրդական ավանդույթներին: Միջոցառումները մեկնարկը կազդարարվի հունվարի 27-ին« ժամը 18:00-ին Գյումրու Սբ. Աստվածածին /Յոթ Վերք/ եկեղեցում՝ սիրո և երիտասարդների օրհնության տոնին նվիրված խոկումով՝ Տեր Փավստոս քհն. Սարգսյանի բանախոսությամբ:
Այս տարի թեմի երիտասարդները բոլորին հրավիրում են մասնակցելու տոնին նվիրված ուխտագնացության՝ Հայաստանի Սբ. Սարգիս անվամբ 7 եկեղեցիներ՝ Ուշիի Սուրբ Սարգիս վանք« Աշտարակի« Բջնիի« Երևանի առաջնորդանիստ« Նոր Նորքի, Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցիներ և Գյումրիի Սուրբ Սարգիս մատուռ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սբ. Աստվածածին /Յոթ Վերք/ եկեղեցու երիտասարդական միության խորհրդի անդամ Գայանե Ավետիսյանը, տոնն ավելի համընդհանուր դարձնելով ՝ կարևորվում է տոնի եկեղեցական, ավանդական նշանակությունը և երիտասարդների ներգրավվածությունը: «Մենք հայ ենք, գիտակցում ենք մեր արմատները, որտեղից ենք եկել և ուր ենք գնում, հատկապես, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի հիասքանչ տոներ, որոնցից մեկը հենց Սուրբ Սարգսի տոնն է՝ սիրո տոնը: Մարդիկ պետք է հասկանան՝ ինչո՞ւ ընկնել օտարամոլության հետևից, երբ ունենք մեր Առաքելական Եկեղեցու հիասքանչ տոները»,- նշեց Գայանե Ավետիսյանը՝ կոչ անելով բոլոր երիտասարդներին միանալ եւ նշել այս տոնը և, ինչն ամենակարևորն է, մասնակցել պատարագին եւ հավատալ սիրո ուժին:
Արմենուհի Մխոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում