Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էդվարդ Նալբանդյանի ասուլիսին հավատարմագրվել էր 50-ից ավելի լրատվամիջոց

Էդվարդ Նալբանդյանի ասուլիսին հավատարմագրվել էր 50-ից ավելի լրատվամիջոց

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունվարի 6-ին կայացած ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի` 2014թ. դիվանագիտական տարին ամփոփող ասուլիսին հավատարմագրվել էր հիսունից ավելի լրատվամիջոց:

«Արմենպրես»-ը ներկայացնում է նախարար Նալբանդյանի ասուլիսի սղագրությունն` ամբողջությամբ:

«2014 թվականի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ՀՀ Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և նրա կողմից տրված հանձնարարականների հիման վրա` շարունակել է աշխատանքներն՝ ուղղված երկրի արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, պետության զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների և երաշխիքների ապահովմանը, տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության զարգացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության և դիրքերի ամրապնդմանը, արտերկրում հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորող և մեր շահերին համահունչ նախաձեռնությունների իրականացմանը:

Տարվա ընթացքում կարևորագույն իրադարձությունը ՀՀ կողմից Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու գործընթացի հաջող ավարտն էր, ինչը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից, նոր հնարավորություններ է բացում երկրի տնտեսական զարգացման համար:

2014թ.-ին Հայաստանը շարունակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման 20-րդ տարեդարձին՝ Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունը, հրադադարի ռեժիմի բազմաթիվ կոպտագույն խախտումները, անընդմեջ կրկնվող դիվերսիոն գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու Արցախ – Ադրբեջան շփման գծում նոր թափ ստացան, որոնք Բաքվի ապակառուցողական կեցվածքի, բանակցային գործընթացի էությունը խեղաթյուրող հայտարարությունների, միջնորդների առաջարկությունների շարունակական մերժման հետ միասին թույլ չտվեցին առաջընթաց գրանցել ինչպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու, այնպես էլ վստահության ամրապնդման վերաբերյալ միջազգային հանրության կոչերն իրականություն դարձնելու գործում:

Օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին համանախագահ երկրները՝ նախ Ռուսաստանի նախագահը` Սոչիում, այնուհետև ԱՄՆ պետքարտուղարը` Նյուպորտում, և Ֆրանսիայի նախագահը` Փարիզում, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ կազմակերպեցին գագաթաժողովներ՝ լարվածությունը նվազեցնելու, իրավիճակի հետագա սրումը կանխելու և հիմնախնդրի կարգավորման գործընթանցը առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։

ԼՂՀ Պաշտպանության բանակի ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը, ուղղաթիռի անկնման վայրը շուրջ տաս օր շարունակ կրակի տակ պահելը, միջազգային մարդասիրական իրավունքի խախտման Ադրբեջանի հանցավոր կեցվածքը զգալի լարվածություն առաջացրին, ինչը համատապատասխան արձագանք ստացավ միջազգային հանրության կողմից։

ՀՀ դիվանագիտությունը շարունակեց ջանքերը իրավիճակի հետագա սրումը կանխելու և միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի արկածախնդիր քաղաքականության վրա հրավիրելու նպատակով:

Արտգործնախարարությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, Սփյուռքի կառույցների հետ համատեղ, շարունակել են հետևողական ջանքեր գործադրել՝ Հայաստանում և արտերկում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման ուղղությամբ՝ ի կատարումն ՀՀ Նախագահի համապատասխան հրամանագրի և հանձնարարականների:

Շարունակվել են աշխատանքները Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։

Տարին նշանավորվել է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային ռազմավարական հարաբերությունների առավել սերտացմամբ և խորացմամբ: Երկու երկրների բարձրագույն ղեկավարության պարբերական հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել ռազմավարական նշանակություն ունեցող պայմանավորվածություններ։

Հետևողական զարգացում է ապրել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերությունը, համաձայնություն է ձեռք բերվել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ:

Արտաքին քաղաքականության օրակարգում շարունակել է կարևոր տեղ զբաղեցնել եվրոպական ուղղությունը: Իրականացվել են հետևողական ջանքեր ինչպես եվրոպական կառույցների, այնպես էլ երկկողմ ձևաչափով եվրոպական պետությունների հետ բազմաբովանդակ կապերի խորացման ուղղությամբ:  Ֆրանսիայի և Հունաստանի նախագահները պետական այցելություններ են կատարել Հայաստան:

Զգալի աշխատանքներ են իրականացվել հարևան պետությունների` Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

Հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային մոտեցումը շարունակել է վայելել միջազգային հանրության աջակցությունը: Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է Թուրքիայի նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը, նրան փոխանցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված միջացառումներին մասնակցելու նպատակով 2015թ. ապրիլի 24-ին Երևան այցելելու ՀՀ Նախագահի հրավերը։

Մեծ ուշադրություն է հատկացվել ԱՊՀ շրջանակներում ընթացող համագործակցությանը, ԱՊՀ մասնակից պետությունների հետ երկկողմ կապերի զարգացմանը:

Հայաստանը շարունակել է դինամիկ զարգացող Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների` հատկապես Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ համագործակցության խորացման ուղղությամբ աշխատանքները: Երևանում բացվել է Ճապոնիայի դեսպանության ժամանակավոր գրասենյակը, որը 2015թ.-ի տարեսկզբից կգործի որպես Ճապոնիայի դեսպանություն:

Տարին նշանավորվել է արաբական ավանդական բարեկամ պետությունների հետ փոխգործակցության զարգացմամբ: Օրակարգում շարունակել են առանցքային տեղ զբաղեցնել սիրիահայության անվտանգության, Սիրիայի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, սիրիահայությանը օժանդակության ցուցաբերման, Քեսաբի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի ապահովման հարցերը:

Միջազգային ատյաններում Հայաստանը հետևողականորեն բարձրացրել է Իրաքի հյուսիսում, ընդհանրապես Մերձավոր Արևելքում ծայրահեղականների կողմից բռնությունների հետևանքով ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման, դրանց պաշտպանության նպատակով միջազգային հանրության ջանքերը միավորելու կարևորությունը։

Շարունակվել է ընդլայնվել դիվանագիտական կապերի աշխարհագրությունը: Այդ համատեքստում քայլեր են ձեռնարկվել լատինաամերիկյան մի շարք պետությունների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչ հանդիսացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Հայաստանը շարունակել է հանդես գալ որպես նախաձեռնող և ակտիվ մասնակից:

Բնականոն զարգացում է ապրել Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի կազմակերպության հետ փոխգործակցությունը:

Հայաստանը շարունակել է խորացնել իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի շրջանակներում: Մեծ ուշադրություն է հատկացվել Եվրոպայի Խորհուրդում, ԵԱՀԿ-ում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, միջազգային և տարածաշրջանային կառույցների ձևաչափերոււմ ընթացող համագործակցությանը ՀՀ ակտիվ մասնակցությանը: Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի բյուրոյի փոխնախագահ։

Ջանքեր են գործադրվել միջազգային տնտեսական կառույցների և ֆինանսական հաստատությունների հետ կապերի զարգացման, տարբեր պետությունների հետ առևտրա-տնտեսական համագործակցության խորացման, հայկական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտման, օտարերկրյա ներդումների խրախուսման ուղղություններով: Նախաձեռնվել և անցկացվել են տարբեր պետությունների հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների նիստեր, գործարար ֆորումներ, հայկական արտադրանքի ցուցադրություններ:

ԱԳՆ կողմից համակողմանի աջակցություն է ցուցաբերվել տարբեր պետությունների հետ միջխորհրդարանական կապերի զարգացմանը, բազմակողմ խորհրդարանական ձևաչափերում Հայաստանի խորհրդարանականների մասնակցությանը։ Կարևոր տեղ է հատկացվել ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքներին:

ԱԳՆ-ը շարունակել է համակարգել ՀՀ պետական գերատեսչությունների արտաքին կապերը: Մեծ ուշադրություն է հատկացվել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությունների, հայկական մշակույթի ներկայացման, արտերկրում գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանման և տարբեր պետությունների հետ մշակութային համագործակցության հաստատման և զարգացման ուղղությամբ ՀՀ մշակույթի նախարարության ջանքերի աջակցմանը:

Տարբեր երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության, ճգնաժամային իրավիճակներում հայտնված քաղաքացիների օժանդակության հարցերը եղել են ԱԳՆ գործունեության ուշադրության կենտրոնում։

2014թ.-ին ՀՀ Նախագահն իրականացրել է 21 օտարերկրյա այց: Հայաստան է այցելել 5 պետության ղեկավար: ԱԺ նախագահը կատարել է 5 պաշտոնական այց, Հայաստան են ժամանել 3 երկրների խորհրդարանների նախագահներ, ՀՀ վարչապետ կատարել է 7 այցելություն, Հայաստան է ժամանել 1 երկրի կառավարության ղեկավար։ ԱԳ նախարարը կատարել է 34 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 11 արտգործնախարար և միջազգային կազմակերպության ղեկավար:

Շարունակվել են աշխատանքները՝ ուղղված ՀՀ արտաքին քաղաքականության դիրքորոշումների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը, մեր երկրի հեղինակության ամրապնդմանը»:

Հարց («Ինտերֆաքս» գործակալություն). Պարոն նախարար, հարցս Գյումրիի ողբերգության հետ է կապված: Տպավորություն է առաջանում, որ պետական մարմինները ուշացումով կամ ոչ լիարժեք քայլեր են կատարում: Ես խնդրում եմ մեկնաբանեք՝ ինչու է այդպես, և ինչու է այդպիսի տպավորություն առաջանում:

Էդվարդ Նալբանդյան. Գիտեք, որ այդ ահավոր, սարսափելի հանցագործության հենց օրը Հանրապետության Նախագահը իրավապահ մարմինների ղեկավարների հետ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել, տվել համապատասխան հանձնարարականներ և հատկապես շեշտել ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:

Իրավապահ մարմինները իրենց կողմից կատարվող աշխատանքների, քայլերի մասին համապատասխան տեղեկատվություն են տրամադրում:

Հայկական կողմը պատշաճ համագործակցություն է հաստատել ռուսաստանյան գործընկերների հետ: Շփումներ են կայացել ամենաբարձր մակարդակով: Գիտեք, որ հեռախոսազրույց է եղել Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև: Շփումներ են եղել և շարունակվում են ամենաակտիվ ձևով՝ ամենատարբեր մակարդակներով: Լիակատար փոխըմբռնում կա, որ պետք է հետաքննությունը, դատաքննությունը լինեն բաց, թափանցիկ, և որ մեղավորները պետք է օրենքի ամենախիստ ուժով պատասխանատվության ենթարկվեն:

Հարց (News.am լրատվական գործակալություն). Պարոն նախարար, Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են իրենց ներդրման մասին` ահաբեկչության դեմ միջազգային պայքարում, և դրան զուգահեռ մեղադրանքներ են հնչեցնում Հայաստանի հանդեպ: Ի՞նչ կասեք դրա կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ կասեմ, գիտեք, որ տասն անգամ հալվա ասես, դրանից քաղցր չի դառնա:

Նախևառաջ, այս առիթը ես կցանկանայի օգտագործել և խստիվ դատապարտել այն սպանությունը, որ կատարվեց ահաբեկիչների կողմից վերջերս։ Խոսքը գնում է Ճապոնիայի քաղաքացու մասին: Դա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը պետք է համախմբվի և միասնական, ավելի հաստատակամ պայքարի ահաբեկչության դեմ:

Ահաբեկչությունը սպառնալիք է բոլորի համար և նրանք, ովքեր ուղղակի կամ անուղղակի աջակցում են ահաբեկիչներին կամ օգտագործում այս կամ այն պատճառով, պետք է լավ գիտակցեն, որ դա կարող է բումերանգի էֆեկտ ունենալ, և հենց իրենք կարող են ահաբեկչության թիրախ դառնալ :

Բոլորին հայտնի է, որ ադրբեջանցիները Արցախի պատերազմի ընթացքում օգտագործում էին վարձկանների՝ Աֆղանստանից, այլ վայրերից՝ հայտնի ահաբեկչական կազմակերպությունների հետ շատ սերտ կապեր ունեցող։ Այդ անձանցից որոշների անունները հայտնվում են լրատվական միջոցներում` որպես այսպես կոչված «Իսլամական պետության» գրոհայիններ, երբ նրանք սպանվում են Իրաքում, Սիրիայում կամ այլ վայրերում։ Մի քանի ամիս առաջ հայտնի ահաբեկիչ Խալիդ Ազերիի սպանության մասին գրվեց մամուլում՝ որպես «Իսլամական պետության» գրոհայիններից մեկի պարագլուխ։ Այդ նույն Խալեդ Ազերիին ադրբեջանցիները հերոսացնում էին արցախյան պատերազմի ժամանակ: Այն ժամանակ նա գլխավորում էր Ղարաբաղի պարտիզաններ կոչվող խմբավորումը։ Դուք լավ հիշում եք դա:

Ադրբեջանական այդ կարգի հայտարարությունները որևէ մեկին չեն կարող տպավորել և վստահություն ներշնչել։ Դրանք պարզապես ապարդյուն փորձեր են։

Հարց (Մեդիամաքս). Պարոն նախարար, երկու հարց ունեմ: Առաջին հարցս՝ օրեր առաջ Հրանտ Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ հայտարարության մեջ Ահմեդ Դավութօղլուն խոսեց հայ-թուրքական հարաբերություններում նոր սկիզբ դնելու, համատեղ ապագա կառուցելու մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:

Իմ երկրորդ հարցը. արտգործնախարարությունը հաճախ է քննադատվում այն կապակցությամբ, որ միշտ չէ, որ արձագանքում է ադրբեջանական կողմի սադրանքներին: Ի՞նչ կասեք այս մասով:

Էդվարդ Նալբանդյան. Հարց է առաջանում, թե ինչու Դավութօղլուն կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ սպասում էին 2015 թվականին որ հայտարարություն անեն Դինքի վերաբերյալ: Ինչու՞ այդ ահավոր սպանության յոթերորդ տարելիցի կապակցությամբ. վեցերորդ, հինգերորդ, չորրորդ, երրորդ, երկրորդ տարելիցների կապակցությամբ որևէ հայտարարություն չեղավ: Ինչպե՞ս կարելի է դա բացատրել։ Եվ հետո, ութը տարի շարունակ Թուրքիայի իշխանությունները չկարողացան կամ չցանկացան բացահայտել Դինքի սպանության մեղավորներին:

Հիմա իբր հարգալից վերաբերմունքի մասին են խոսում և նույն ժամանակ իրենց աջակցությունն են հայտնում տխրահռչակ Փերինչեքին, որը հենց Դինքի սպանության կապակցությամբ ոչ միայն Հայոց ցեղասպանությունը ժխտող, այլ նաև ատելությամբ լի հայտարարություններ էր անում՝ հայ ժողովրդի նկատմամբ:

Թե՛ հին, թե՛ նոր վարչապետների հայտարարություններում որևէ նոր բան չկա: Դրանց պատասխանը տրվել է նաև այն հոդվածում, որը տպագրվել էր ֆրանսիական «Ֆիգարո» թերթում:

Թուրքական իշխանությունները առնվազն վերջին հինգ-վեց տարիների ընթացքում մեծ հնարավորություն ունեին՝ օգտագործելու այն պատմական առիթը, որը առկա էր՝ վավերացնելու հենց Դավութօղլուի կողմից ստորագրված արձանագրությունները և կյանքի կոչելու ժողովուրդների միջև հաշտեցման գործընթացը: Ավաղ, իրենց տաբուներից, իրենց ներքին տաբուներից չկարողանալով ձերբազատվել, թուրքական իշխանությունները շարունակեցին առիթը բաց չթողնել՝ ժխտելու Հայոց ցեղասպանությունը և հայ ժողովրդի, Հայաստանի նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարեկամական հայտարարություններ և գործողություններ անել, որը էլ ավելի խորացրեց անվստահությունը:

Մի առիթով ես Դավութօղլուին խորհուրդ էի տվել, որ փիլիսոփայությունից պետք է անցնել կոնկրետ, իրատեսական քայլերի։ Մի խոսքով, սայլը, թոզ փչելով, առաջ չես շարժի:

Ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, ասեմ հետևյալը, որ դիվանագիտական արձագանքը տարբեր դրսևորումներ ունի: Դա կարող է լինել հրապարակային հայտարարություն՝ արտգործնախարարության, արտգործնախարարի, արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների կամ արտերկրում ներկայացված դիվանագետների կողմից: Կամ կարող է այդ արձագանքը լինել երկկողմ և բազմակողմ դիվանագիտական հանդիպումների ժամանակ։ Իսկ եթե հրատապ են հարցերը, ապա հեռախոսազրույցների ժամանակ: Դա աշխատանքային գործընթաց է, որը ոչ միշտ է պահանջում լուսաբանում: Ես թիվը չունեմ, չեմ հաշվել, բայց վստահ եմ, որ եթե վերցնենք միայն վերջին մի քանի ամիսը՝ առնվազն մի քանի տասնյակից ավելի այդպիսի արձագանք է եղել:

Արտգործնախարարությունը անում է բոլոր անհրաժեշտ գործողությունները: Իհարկե, ոմանք, անհրաժեշտ գործողություններ ասելով, պատկերացնում են աջ ու ձախ աղմուկ հանելը, իսկ ոմանք՝ համապատասխան հետևողական աշխատանք տանելը: Եթե այստեղ խոսքը գնում է «ճառ ասելու, թե զանգ կախելու մասին», ես նախընտրում եմ երկրորդը:

Հարց (Արմենպրես). Պարոն նախարար, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևի հետ ասուլիսին Գերմանիայի կանցլերը իբր հայտարարել էր, որ Ռուսաստանը և Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որոշ դեպքերում նույն բանն են անում, կցանկանայի Ձեր մեկնաբանությունը լսել այս կապակցությամբ, չնայած որ Գերմանիայի կանցլերի պաշտոնական կայքում նման հաղորդում չի եղել և Գերմանիայի դեսպանն էլ «Արմենպրեսի» հետ զրույցում հայտարարել է, որ պետք է նման դեպքերում հիմնվել հենց Գերմանիայի կանցլերի պաշտոնական կայքի տեղեկատվության վրա: Կցանկանայի լսել Ձեր մեկնաբանությունը:

Էդվարդ Նալբանդյան. Դուք արդեն մեկնաբանեցիք: Ադրբեջանցիները ցանկանում են որպես եղելություն ներկայացնել իրենց նախընտրելին։ Բայց իհարկե Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում համահունչ է Ռուսաստանի դիրքորոշմանը, ինչպես որ համահունչ է Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների` եռանախագահող երկրների դիրքորոշմանը: Դրա մասին մենք բազմիցս հայտարարել ենք: Հակառակ պատկերն է Ադրբեջանի պարագայում:

Իսկ դա նորություն չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցները աղավաղում են տարբեր երկրների հայտարարությունները: Չեմ հիշում մի հանդիպում եռանախագահների և արտգործնախարարների միջև, որ ադրբեջանական լրատվամիջոցները և պրոպագանդան չաղավաղի և շուռ չտա գլխիվայր այդ բանակցությունների, հանդիպումների էությունը:

Ադրբեջանի քարոզչությանը և, ընդհանրապես, գործողություններին, միգուցե, բնորոշ է յուրահատուկ մի ոճ, տրամաբանություն կամ երևակայություն, որը հասկանալի է, կարծեմ, միայն իրենց: Բոլոր դեպքերում շատ քչերին կարող է հասկանալի լինել:

Մտքիս եկավ, որ տխրահռչակ մարդասպան Սաֆարովի հերոսացման առիթով Ադրբեջանի նախագահի կայքում շնորհակալական և ողջույնի ուղերձ տեղադրվեց՝ Բաքվի առաջին հոգեբուժարանից: Այսինքն՝ հասկանում եք, որ միայն Ադրբեջանի քարոզչամեքենան կարող է նման բան բան անել։

Հարց (Փաստինֆո գործակալություն). Դուք քիչ առաջ նշեցիք, որ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ, սադրիչ հայտարարությունները, գործողությունները, իսկ Հայաստանը շարունակում է ջանքերը՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու և միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի արկածախնդիր քաղաքականության վրա դարձնելու ուղղությամբ: Ի՞նչ է ըստ Ձեզ փոխվում: Եվ մինչև ե՞րբ է շարունակվելու այս վիճակը:

Էդվարդ Նալբանդյան. Ի՞նչ եք կարծում, մենք պետք է չշարունակե՞նք խաղաղ կարգավորմանն ուղղված մեր ջանքերը: Ադրբեջանի ղեկավարությունը փակուղի է տարել երկիրը՝ իր քաղաքականությամբ, և հիմա հիստերիկ գործողություններով փորձում է այդ իրավիճակից դուրս գալ: Որքանով Ադրբեջանում սաստկանում են հետապնդումները, բռնությունները՝ քաղաքական ընդդիմախոսների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ, և այդ կապակցությամբ դատապարտող հայտարարությունները՝ միջազգային հանրության կողմից, այդքան Ադրբեջանը փորձում է շեղել ուշադրությունը և սրել իրավիճակը հակամարտության գոտում, որը բերում է նաև մարդկային զոհերի ոչ պակաս, ես կասեի՝ շատ-շատ ավելի հենց Ադրբեջանի կողմից։ Բայց Բաքվի իշխանությունների համար մարդկանց կյանքը ստորադասվում է ներքին քաղաքական շահերին։ Իրենք դիտում են իրենց զինվորներին որպես համակարգչային «վիրտուալ զինվորիկներ» և օրական հարյուրավոր երիտասարդների ուղարկում են մահվան:

Իհարկե, դա չի նշանակում, որ պետք չէ շարունակել Հայաստանի և միջազգային հանրության համատեղ ջանքերը և գործողությունները՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Սակայն միջազգային հանրության մոտ ավելի ու ավելի կասկածներ են առաջանում և կասկածներ՝ Ադրբեջանի ղեկավարության ադեկվատության և իրավիճակը սթափ գնահատելու կարողության վերաբերյալ:

Դուք հղում կատարեցիք Ադրբեջանի նախագահի ասուլիսներից մեկին։ Այդ ասուլիսի ժամանակ նա ասում է, որ Ադրբեջանում մամուլը ազատ է, և իր վարկանիշը 90 տոկոսից ավելին է: Մեկնաբանությունները թողնեմ Ձեզ՝ չնայած միջազգային հանրության մեկնաբանությունները հայտնի են:

Հարց («Առավոտ» օրաթերթ). Պարոն Նալբանդյան, կուզեի պարզապես Ձեզնից ճշտել` ինչու Հայաստանը չմասնակցեց Դավոսում օրերս կայացած միջազգային համաժողովին, և արդյոք փետրվարի 6-ին Մյունխենում Հայաստանը կմասնակցի անվտանգության հարցերով համաժողովին: Եվ մի ճշտում` շփման գծի հետ կապված: Կցանկանայի իմանալ` Հայաստանը դիմե՞լ է ՀԱՊԿ-ին այն առիթով, որ նաև Հայաստանի բնակավայրեր են ռմբակոծվում ադրբեջանական կողմից:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է Դավոսին և Մյունխենին: Իհարկե, միջազգային համաժողովներին մասնակցությունը որոշվում է՝ ելնելով աշխատանքային գրաֆիկից, և եթե մենք գտնում ենք կարևորություն` այդ պահին այնտեղ գտնվելու: Չեմ կարող ասել, որ Դավոսի համաժողովը կարևոր հանդիպում չէ: Դա կարևորագույն տնտեսական հավաքներից մեկն է: Բայց այս անգամ հնարավորություն չեղավ Հայաստանի պաշտոնական մասնակցությունն այդ կոնֆերանսին:

Մյունխենին մենք մասնակցելու ենք արտգործնախարարի մակարդակով։

Ինչ վերաբերում է նրան, թե տեղեկացրել ենք մենք արդյոք ՀԱՊԿ-ին ադրբեջանական սադրանքների մասին. մենք ՀԱՊԿ-ին էլ, ԵԱՀԿ-ին էլ, Եվրախորհրդին էլ, ՄԱԿ-ի տարբեր կառույցներին էլ մշտապես անհապաղ տեղեկացնում ենք, երբ սադրանքներ են լինում և երբ ինչ-որ գործողություններ են իրականացվում, որոնք կարող են ապակայունացնել, վտանգել իրավիճակը՝ հակամամարտության գոտում:

Այդ սադրանքների վերաբերյալ ԱԳՆ առաջին արձագանքը հունվարի 3-ին էր, երբ բոլոր լրատվամիջոցները հանգստանում էին: Միգուցե չե՞ք նկատել:

Մի քանի անգամ տարբեր կառույցների կողմից արձագանքներ եղել են, նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է արձագանքել: Դուք պետք է նկատի ունենաք, որ այդ կառույցները, նաև՝ ՀԱՊԿ-ն, բազմանդամ կազմակերպություններ են, և համապատասխան հայտարարությունները պետք է համաձայնեցվեն: Սա պարզ գործընթաց չէ: Չեմ կարծում, որ ես պետք է մտնեմ մանրամասների մեջ: Կարծում եմ, որ շատ պարզ ասացի, թե ինչու և ինչպես:

Հարց («Ազատություն» ռադիոկայան). Երկու հարց ունեմ, պարոն նախարար: Դուք Ձեր խոսքը սկսեցիք Գյումրու դեպքերի նկարագրությունից, և մենք տեսնում ենք նաև, որ Ազգային ժողովում Հայաստանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ երբ ռուսաստանցի սահմանապահները ձերբակալեցին, պետք է փոխանցեին հայկական կողմին, ինչը չի արվել և ինչը, գրեթե բոլորի կարծիքով, Հայաստանի օրենսդրության խախտում է: Մենք տեսնում ենք, որ սահմանին պատերազմական գործողություններ են, որոնք առնչվում են Հայաստանի Հանրապետության տարածքին, և տեսնում ենք, որ Հայաստանի դաշնակիցները չեն արձագանքում: Հարցս հետևյալն է. այս ամենի հետ կապված տեղյա՞կ եք, որ հանրությունում լուրջ դժգոհություններ առաջացան, որոնք, օրինակ, Գյումրու դեպքերի հետ կապված, զանգվածային հուզումների վերաճեցին: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը բավարարու՞մ է հայ-ռուսական հարաբերությունների առկա մակարդակը, թե՞ կարծում են, որ ինչ-որ բան այն չի, և պետք է փոխել, թե Գյումրու դեպքերը, երբ Հայաստանը չի կարողանում վերադարձնել կասկածյալին իր իրավասու մարմինների ներքո, թե սահմանի իրավիճակը: Եվ երկրորդ հարցը: Բրյուսել Ձեր այցից հետո հայտարարվեց, որ չի բացառվում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի կնքումը: Ի՞նչ կարող եք ասել: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Նախևառաջ, առաջին հարցը. ես իմ պատասխանում չէի նկարագրում Գյումրու ողբերգության ժամանակագրությունը կամ այդ իրադարձությունները, այլ ասում էի, արձագանքում էի նրան, որ իբր ժամանակին չեն ձեռնարկվել քայլեր:

Ես ասացի, որ հենց նույն օրը Հանրապետության Նախագահն արդեն համապատասխան հանձնարարականներ է տվել, և խոսեցի այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվում են, և համապատասխան տեղեկատվություն տրամադրվում է:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, մենք ունենք դաշնակցային ռազմավարական հարաբերություններ: Չեմ կարծում՝ ճիշտ է կապակցել այդ երկու բաները՝ մեր երկկողմ հարաբերությունները և ողբերգությունը, որ եղավ Գյումրիում, որի վերաբերյալ հանրային կարծիքի վրդովմունքը և զայրույթը մարդկային է և հասկանալի: Այնպես, ինչպես, որ դուք եք ներկայացնում, որ պետք է վերանայել, փոխել, չեմ կարծում` տեղին է: Մենք ունենք դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ, համատեղ ջանքերով մտադիր ենք այդ հարաբերություններն առավել խորացնել, ամրապնդել և զարգացնել:

Դուք նայեք, թե Բրյուսելում Հայաստանի արտգործնախարարն ինչ է հայտարարել և դրանով առաջնորդվեք: Եթե որևէ մեկն այնտեղ այլ ձևակերպումներ է տվել, միգուցե, ինքն էլ ինչ-որ բան գիտի, բայց մենք Եվրամիության հետ քննարկում ենք այն նոր իրավական հիմքը, որը կարող է ձևավորվել երկու կողմերի միջև: Որովհետև թե´ Եվրամիությունը, թե´ Հայաստանը ցանկություն, պատրաստակամություն և ձգտում ունեն իրավական ձևակերպում տալ այդ հիմքին, և հարաբերությունները, համագործակցությունը, փոխգործակցությունը շարունակել ամրապնդել, խորացնել և զարգացնել բոլոր հնարավոր ձևաչափերով և ուղղություններով, ինչը չի հակասում մեր պարտավորություններին այլ ինտեգրացիոն ձևաչափերում: Դրա մասին էի ասում Բրյուսելում։ Մեր այն գործընկերները, ովքեր ԵՄ կողմից էին վարում Հայաստան-Եվրոպական միություն խորհրդի նիստը ասում էին նույնը: Եվ´ հանձնակատար Հանը, և´ Լատվիայի արտգործնախարար Ռինկևիչը նույն բանն էին ասում: Եվ մենք ընդհանուր միասնական ձգտում ունենք` շարժվելու առաջ։

Հարց (Newsline). Պարոն նախարար, Դուք ասացիք, որ ադրբեջանական գործողությունների հետ կապված դիմել եք թե´ ՀԱՊԿ-ին, թե´ ԵԱՀԿ-ին: Նրանց կողմից արված քայլերը Ձեզ բավարարու՞մ են, թե՞ ոչ: Որովհետև կան կարծիքներ, որ պետք է արվեր ավելին, որ չի արվում: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Դա, իհարկե, մեկնաբանություն է և կարծիք: Ես հարգում եմ Ձեր կարծիքը, բայց դա չի համապատասխանում իրականությանը, որովհետև ՀԱՊԿ-ի կողմից բազմիցս արվել են հայտարարություններ, նաև ամենաբարձր մակարդակով` ոչ միայն Գլխավոր քարտուղարի կողմից:

Դուք եթե նայեք, թե վերջին գագաթաժողովի ժամանակ, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ինչ հայտարարություն է արվել և ինչպիսի ձևակերպումներ են այնտեղ տրված, դա հենց մեր դիրքորոշումն է, որը պաշտպանվել է մյուս երկրների նախագահների մակարդակով։

Կառույցները, կազմակերպությունները տարբեր են, ունեն իրենց յուրահատկությունները: Եթե ԵԱՀԿ-ի մասին ենք խոսում, այստեղ արդեն մի քանի տասնյակ անդամների մասին է խոսքը: Պետք չէ այսպես պարզունակ մոտենալ, որ մենք դիմեցինք, իրենք արձագանքեցին, ներկայացրեցինք և նրանք անմիջապես հայտարարություններ արեցին:

Վերջին շրջանում տասնյակ սադրանքներ են եղել ադրբեջանական կողմից: Եթե ամեն սադրանքի կապակցությամբ հայտարարություն արվի, կամ ինչպես ոմանք ասում են. «Ուղարկվի 1050-րդ բողոքի նոտան»: Հետո՞: Պետք է ռեալ պատկերացնենք, թե ինչումն է այն դիվանագիտական աշխատանքը, որ տարվում է և ուղղված է, որպեսզի հնարավորինս թույլ չտալ, որ այս գործողություններն ավելի բարդ իրավիճակի հանգեցնեն, որպեսզի համապատասխան պայմաններ ստեղծվեն` բանակցությունները շարունակելու համար:

Դուք կարծում եք` սա պատահակա՞ն էր, կամ օդի՞ց էր, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, և նրանցից առաջ Ռուսաստանը, կազմակերպեցին նախագահների մակարդակով գագաթաժողովներ, որոնց ընթացքում շատ մանրամասն այդ ամենը քննարկվեց: Արդյո՞ւնքը։ Դուք հիշում եք մամուլի ներկայությամբ և տեսախցիկների առջև Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ բացարձակապես խաղաղ և միայն բանակցությունների ճանապարհով պետք է լուծել այս հիմնախնդիրը:

Այսինքն՝ բանակցությունները որոշ ազդեցություն տվել էին, այսինքն՝ որոշ արդյունք էին տվել, բայց, միգուցե, Ալիևի հիշողությունը շատ կարճ է, հենց որ վերադառնում է Բաքու, իր շրջապատում մոռանում է և ասում է, որ ինքը 90 տոկոսից ավելի վարկանիշ ունի, մամուլն էլ ազատ է, և ամեն ինչն էլ հոյակապ է Ադրբեջանում. սա է:

Հարց (Լրագիր). Պարոն Նալբանդյան, այս փուլում, երբ հունվարից սկսած Հայաստանի սահմանին իրավիճակը լարված է, երբ Հայաստանը կանգնած է տնտեսական խնդիրների առաջ, շատ են հնչում տեսակետները, որ սա մեր արտաքին գերատեսչության քաղաքականության ձախողումն է: Այս պայմաններում արդյոք չե՞ք պատրաստվում Դուք հրաժարական տալ: Եվ երկրորդ` հստակ ասեք, նման դեպքում, երբ ոտնձգություն է Հայաստանի սահմանների հանդեպ, արդեն ՀԱՊԿ-ն, ըստ պայմանագրի, պարտավո՞ր է արձագանքել, թե՞ ոչ: Կոնկրետ գործողություններ, ոչ թե՝ մենք դիմել ենք, իրենք կամ արձագանքում են, կամ ոչ, կոնկրետ` պարտավո՞ր են, թե՞ ոչ՝ ըստ պայմանագրի:

Էդվարդ Նալբանդյան. Դուք լրատվական գործակալության ներկայացուցիչ եք և, իհարկե, հարց տալուց առաջ պետք է մանրամասն ծանոթանաք փաստաթղթերին, որ այդ փաստաթղթերի վերաբերյալ հարցեր տաք: Ես կխնդրեմ Ձեզ մանրամասն ծանոթանալ ՀԱՊԿ-ի կանոնադրությանը և մնացած փաստաթղթերին, այդ ժամանակ Դուք կգտնեք պատասխանները:

Ինչ վերաբերում է նրան, եթե «Լրագիրը» պահանջի իմ հրաժարականը, ուրեմն ես այնքան պարզունակ կգտնվեմ, որ դա լուրջ կընդունեմ, Ձեզ ասեմ, որ Դուք միանգամայն սխալվում եք, իսկ հասարակության կարծիքը ես գիտեմ։ Թողեք հասարակությանը իր կարծիքն ունենա:

Հարց (Ժողովուրդ օրաթերթ). Պարոն նախարար, շատ հազվադեպ դեպքերում ենք Ձեր հետ կարողանում խոսել, դրա համար իմ հարցերը մի քանիսն են: 2014 թվականն է, Դուք ամփոփում եք, բայց մենք առաջին անգամ կարողանում ենք Ձեզ հարց տալ: Դուք նաև Ազգային ժողով չեք ներկայանում հարց ու պատասխանին, որպեսզի այդ ժամանակ էլ հարց ներկայացնենք: Հիմա ես կներկայացնեմ ամբողջությամբ:

Նախ, խնդրում եմ, կոնկրետ մեզ ներկայացրեք, թե ինչու եք խուսափում լրատվամիջոցների հետ հանդիպումներից, եթե անգամ հայաստանյան լրատվամիջոցների հարցերին չեք ցանկանում պատասխանել, ինչու՞ միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպումներ չեք ունենում, ինչպես որ դա անում է Լավրովը. հաճախ ագրեսոր Ադրբեջանին պատասխաններ է հնչեցնում, ավելին՝ քան մեր արտաքին գործերի նախարարությունը: Առաջինը. ինչո՞ւ եք խուսափում լրատվամիջոցների հարցերին պատասխանելուց, երբ որ սահմանին լարված իրավիճակ էր, ու լրագրողները ցանկանում էին նաև իմանալ Ձեր գործողությունները:

Էդվարդ Նալբանդյան. Նախևառաջ ես Ձեզ ասեմ, որ Դուք միանգամայն սխալվում եք այն իմաստով, որ Ազգային ժողով հարց ու պատասխանին նախարարը չի գնում։ Ըստ կարգի՝ նախարարից բացի ուրիշը համապատասխան գերատեսչություն չի կարող ներկայացնել: Փոխնախարարը չի կարող գնալ հարց ու պատասխանի Ազգային ժողով։ Երբ արտգործնախարարը գտնվում է Հայաստանում, անպայման մասնակցում է:

Դուք երևի գիտեք, որ արտգործնախարարի գլխավոր գործառույթները կապված են արտաքին աշխարհի հետ, այլ ոչ թե՝ ներքին հարցերի, և դրա համար շատ հաճախ արտգործնախարարը նաև այցելությունների է գտնվում արտասահմանում: Դուք լսեցիք այն թիվը, թե քանի այցելություն է կատարել արտգործնախարարը արտերկիր, ես Ձեզ վստահեցնեմ, որ ամեն այցելության ժամանակ մամլո ասուլիս, հարցազրույցներ կամ ելույթներ են եղել։ Եվ այդ մամլո ասուլիսների ժամանակ պատասխանվել է բոլոր այն հարցերին, որոնք լրագրողները տվել են: Բոլոր այն նախարարները կամ միջազգային կազմակերպությունների ղեկավարները, որոնք եղել են Հայաստանում, իրենց հետ հանդիպումներից հետո նույնպես եղել են մամլո ասուլիսներ:

Եթե Դուք չեք եկել, Ձեր խնդիրն է։ Այսինքն, ես չեմ ասում, որ Դուք անպայման պետք է ներկա գտնվեք այդ մամլո ասուլիսներին։ Բայց մամլո ասուլիսների ժամանակ պատասխանվում է այն հարցերին, որոնք տրվում են լրատվամիջոցների կողմից: Վաղը Իրանի արտգործնախարարը կլինի այստեղ, և նորից կլինի մամլո ասուլիս, չնայած այսօր ես այսքան հարցերի եմ պատասխանում:

Բայց Դուք նաև ասում եք, որ Լավրովը Ղարաբաղի հարցով լավ պատասխաններ է տալիս։ Ես շատ ուրախ եմ, իրեն կփոխանցեմ Ձեր կարծիքը, կարծում եմ ինքն էլ գոհ կլինի:

Ես Ձեզ կխնդրեմ մի համեմատեք Հայաստանի արտգործնախարարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների արտգործնախարարների հետ, ովքեր իրենց կարծիքներն են հայտնում աշխարհի բոլոր զարգացումների վերաբերյալ:

Եթե ՀՀ արտգործնախարարը այդպիսի հավակնություններ ունենար, մենք չէինք հասցնի մեր գործերով անգամ զբաղվել, որովհետև մեր արտգործնախարարությունը առնվազն մի 50 անգամ փոքր է, քան այդ երկրների արտգործնախարարությունները: Եվ ասել, որ մենք խուսափում ենք արձագանքել։ Ես արդեն պատասխանել էի այդ հարցին։ Դուք նայեք այդ պատասխանի սղագրությունը, եթե ուշադիր չեք եղել և չեք լսել, թե Ձեր գործընկերոջ հարցին ինչպես ես պատասխանեցի։ Առաջին հարցերից մեկը հենց այն էր, որ ինչու չի արձագանքում արտգործնախարարությունը և ես էլ պատասխանեցի, որ արձագանքում է, երբ որ գտնում է այդ արձագանքի անհրաժեշտությունը, որ այդ արձագանքները տարբեր են լինում, որ ասել, թե արձագանքը պետք է լինի միայն լրատվամիջոցների միջոցով, ճիշտ չէ։ Այդ արձագանքների արդյունավետությունը կապված է հենց նրա հետ, որ ոչ միշտ է պետք դրանք հրապարակային անել:

Հարց (Կենտրոն հեռուստաընկերություն). Պարոն նախարար, թուրքական Zaman և Radikal թերթերը վերջերս նյութեր էին հրապարակել, որ Պուտինի՝ Թուրքիայում եղած ժամանակ Էրդողանը խնդրել է, որ միջնորդի, որպեսզի Հայաստանը Կարսի պայմանագիրը վերաստորագրի, կամ վավերացնի: Ռուսաստանի մասին այստեղ չխոսենք: Դիվանագիտական խողովակներով Հայաստանը ստացե՞լ է թեկուզ Թուրքիայի կողմից նմանատիպ առաջարկ, և, ընդհանրապես, Հայաստանը պաշտոնապես ի՞նչ կարծիք ունի, ի՞նչ դիրքորոշում ունի Կարսի պայմանագրի մասին:

Էդվարդ Նալբանդյան. Ձեզ ասեմ, որ այդպիսի խնդրանք կամ այդպիսի առաջարկ մենք չենք ստացել և չեմ կարծում, որ այդպիսի հարց ընդհանրապես քննարկվել է։ Որովհետև լուրջ չէ այսօր Կարսի պայմանագրի վերաստորագրման մասին խոսելը: Կարսի պայմանագրի վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է իր կարծիքը մոտավորապս ութ կամ ինը տարի առաջ, և դա հրապարակված է. Դուք կարող եք նայել դա: Դրանից հետո մենք մեր կարծիքը չենք հայտնել` համապատասխան պատճառներով: Երբ գնում էր հայ-թուրքական գործընթացը, մենք ասացինք, որ մեկը մյուսին որևէ ձևով պետք չէ կապել:

Հարց (epress.am). Գյումրիի դեպքերի մասին Ազգային ժողովում՝ գլխավոր դատախազի հետ լսումների ժամանակ, պատգամավորները նշեցին (մասնավորապես, Ալեքսանդր Արզումանյանը, ով մասնակցել է 1997թ. ստորագրված հայ-ռուսական պայմանագրի կազմմանը, նշեց), որ Գյումրիի դեպքերի դեպքում այդ պայմանագիրը խախտվել է, քանի որ սահմանապահներն իրենց լիազորությունները գերազանցել են: Դուք համարու՞մ եք, որ այդ պայմանագիրը խախտված է: Ազգային ժողովում նշվեց, որ Դուք` որպես ԱԳ նախարար, պետք է լինեիք այդ լսումներին, ինչպես նաև ԱԱԾ պետը:

Էդվարդ Նալբանդյան. Եթե արտաքին գործերի նախարարը հրավիրվում է Ազգային ժողով, նա անպայման ներկա է լինում: Եթե արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հրավիրվում է որևէ լսումների, ապա նա անպայման գտնվում է այդ լսումներին:

Իսկ ինչ վերաբերում է այդ կամ, ընդհանրապես, որևէ պայմանագրի մեկնաբանությանը, եթե առաջանում են ինչ-որ հակասություններ, ըստ ընդունված միջազգային կարգի, և կարծում եմ` հենց այդ պայմանագրի մեջ էլ, եթե Դուք ուշադիր նայեք, այդպիսի ձևակերպումներ կգտնեք, երբ անհամաձայնություն է լինում, այդ ժամանակ, ըստ կարգի, իրավասու կառույցները պետք է դիմեն արտգործնախարարություններին, որ այդպիսի անհամաձայնություն է առաջացել, և արտաքին գործերի նախարարությունները բանակցում են՝ համապատասխան հանձնաժողով ստեղծելու շուրջ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am