Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Փերինչեքի գործով Ֆրանսիան Հայաստանի եւ Շվեյցարիայի կողքին է

Փերինչեքի գործով Ֆրանսիան Հայաստանի եւ Շվեյցարիայի կողքին է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը գլխավորելու է Փարիզում հունվարի 28-ին կայանալիք տեղի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը, որի ժամանակ պաշտոնապես տրվելու է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված նախաձեռնությունների 2015 թվականի ծրագրի մեկնարկը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF)  նախագահ Մուրադ Փափազյանը: Ճաշկերույթին կմասնակցի Ֆրանսիայի քաղաքական վերնախավը` նախարարներ, պատգամավորներ, Փարիզի քաղաքապետը, նախագահի խորհրդականները և գրասենյակի աշխատակիցները, ինչպես նաև ֆրանսիացի մտավորականներ, լրագրողներ և փաստաբաններ:

«Այսօր գիտենք, որ ներկա են լինելու Ներքին գործերի նախարար Բեռնար Կազնովը և Եվրոպայի հարցերով պետքարտուղար Առլեմ Դեզիրը»,- ասաց Փափազյանը,- «Անշուշտ, քննարկվելու է Հայոց ցեղասպանության հարյուրամյակի, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման, ֆրանսահայության, Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին առնչվող հարցերը, ինչպես նաև Նախագահ Օլանդի այցը Երևան 2015 թվականի ապրիլի 24-ին»: Ինչպես հայտնի է, Օլանդը 2015 թվականի  ապրիլի 24-ին լինելու է Հայաստանում` հայ ժողովրդի հետ միասին ոգեկոչելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի հարյուրերորդ տարելիցը:

«Սա լուրջ զորակցության նշան է: Դա կնշանակի, որ Ֆրանսիան հայ ժողովրդի, Հայ դատի և Հայաստանի կողքին է»,-ասաց Փափազյանը: Նա չբացառեց, որ, հնարավոր է, ապրիլի 24-ին առանձին պատվիրակություն ուղարկվի Թուրքիա, սակայն հավաստիացրեց` «բարձրագույն մակարդակի պատվիրակությունը, նախագահի գլխավորությամբ, այդ օրը լինելու է Հայաստանում»:

«Ֆրանսիացիները և բոլոր պետությունները շատ լավ գիտեն Թուրքիայի խաղերը: Ֆրանսիայի հարաբերությունները Թուրքիայի հետ պետական և առևտրային հարաբերություններից այն կողմ չեն անցնում: Ֆրանսիայում թուրքական կառավարության նկատմամբ համակրանք չկա»,- ընդգծեց CCAF-ի  նախագահը:

Ֆրանսահայկական կազմակերպությունների խորհրդի ճաշկերույթի օրն այս տարի գեղեցիկ զուգադիպությամբ և խորհդանշական կերպով համընկել է Հայոց բանակի օրվա հետ: Այդ օրը նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատում քննվելու է թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործը, ում 2007 թվականին շվեյցարական դատարանը դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:

Ֆրանսահայերը Նախագահ Օլանդի մոտ բարձրացնելու են նաև այդ հարցը: «Ամենակարևոր փաստն այն է, որ Փերինչեքի դատավարության հարցով Ֆրանիսան մեզ հետ է: Ֆրանսիան «մասնակից» է դատավարությանը` Շվեցարիայի և Հայաստանի կողմից և այն բոլոր կազմակերպությունների, որ զորակցում են մեզ: Սա լուրջ նշան է, որ Ֆրանսուա Օլանդը կցանկանա, որ շահենք Փերինչեքի դատավարությունը, որպեսզի կարողանանք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը որդեգրել, հավանաբար, 2016 թվականի սկիզբին»,- հայտնեց Մուրադ Փափազյանը:

Շվեյցարիան առաջին պետությունն է, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը` մարդկության դեմ կատարած հանցանքը հերքողների համար սահմանելով ազատազրկում եւ դրամական տուգանք: Հետագայում Շվեյցարիայի օրինակին հետեւեցին նաեւ Սլովակիան եւ Հունաստանը: Այդ երկրներում նույնպես Հայոց ցեղասպանության հերքումը պատժվում է քրեորեն: 2012 թվականին Հայոց ցեղասապանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունեց նաև Ֆրանսիայի խորհրդարանը, որն անվավեր ճանաչվեց Սահմանադրական խորհրդի կողմից: Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է իր վճռականության մասին խորհրդարան ներկայացնելու նոր օրինագիծ, որում հաշվի առնված կլինի Սահմանադրական խորհրդի որոշումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am