Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայոց բանակի 23-րդ տարեդարձի առթիվ Մայր Աթոռում պատարագ է մատուցվել

Հայոց բանակի 23-րդ տարեդարձի առթիվ Մայր Աթոռում պատարագ է մատուցվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, հունվարի 25-ին մատուցվել է Սուրբ Պատարագ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատարագին ներկա են եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմը, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամներ, ժամկետային զինծառայողներ, կուրսանտներ:

Պատարագի ավարտին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել ներկաներին։ Նշվել է, որ արդեն ավանդույթ դարձած այս պատարագի շրջանակում առիթ է ընձեռնվում հաղորդակից լինել մեր զինվորական եղբայրներին և միասին աղոթք հղել առ Աստված զինծառայողների համար, ովքեր երբեմն իրենց կյանքի գնով անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները: Վեհափառ Հայրապետը ՀՀ զինված ուժերի սպասավորներին մաղթել է նորանոր հաջողություններ և որ Տերը հաղթական պահի հայ զինվորի բազուկը՝ ի փառս մեր ժողովրդի:

Ներկաներին իր օրհնության խոսքն է հղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, ով ընդգծել է, որ բանակը մեր լուսեղեն ապագայի երաշխիքն է: Դարեդար հայկական եկեղեցին և հայոց բանակը գործել են միահամուռ՝ ուս ուսի տված, և հենց դրանում էլ կայանում է մեր ազգի հզորությունը: 

Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել հոգևորականներին մշտապես բանակի կողքին լինելու համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ շարքային զինվորից մինչև հրամանատար հայրենիքի սահմանները պաշտպանելիս գործում են անձնվիրաբար, և այդ անձնազոհությամբ մենք գտնում ենք մեր նորօրյա հերոսներին:  

Այնուհետև, ի գնահատություն Հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների, Վեհափառ Հայրապետը հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով է պարգևատրել գեներալ-մայորներ Կամո Քոչունցին, Անդրանիկ Մակարյանին, Իշխան Մաթևոսյանին, Արմեն Ղահրամանյանին և գնդապետ Գևորգ Մելքոնյանին:  

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով զինծառայողների հոգևոր դաստիարակության գործում ներդրած զգալի ավանդի համար, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Գեղաքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսպոկոս Ներսիսյանը և Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը պարգևատրվել են «Անդրանիկ Օզանյան» մեդալով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am