Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանի կոմպոզիտորները երաժշտության լեզվով միանում են Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին

Հայաստանի կոմպոզիտորները երաժշտության լեզվով միանում են 
Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միությունը պատրաստվում է տարատեսակ միջոցառումներով հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը նշեց, որ միությունը ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փառատոն կկազմակերպի:

«Փառատոնը կանցկացվի ապրիլի 6-12-ը: Տեղի կունենան ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ կամերային երաժշտության երեկոներ: Եթե ֆինանսական հնարավորություններ լինեն, նաև կոնֆերանս կկազմակերպենք փառատոնի շրջանակում և այլ երկրներից հյուրեր կհրավիրենք»,-նշեց կոմպոզիտորների միության նախագահը:

Արամ Սաթյանի խոսքով՝ իրենք պատրաստվում են կազմակերպել ցեղասպանությանը նվիրված համերգներ Ֆրանսիայում:  «Համերգների ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Կոմիտասից մինչև ժամանակակից հեղինակներ»,-ընդգծեց նա:

Բացի այդ, մարտի 15-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կկազմակերպվի  «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրով համերգ, որը ևս նվիրված կլինի ցեղասպանության տարելիցին: «Համերգի ընթացքում հնչելու են իմ և իմ հարազատների՝ հայրիկիս, հորեղբորս, ինչպես նաև որդուս ստեղծագործություննները:  Հայ ժողովուրդը շարունակում է ստեղծագործել:  Ցեղասպանության անմեղ զոհերի թվում որքա՜ն արվեստագետներ կային, ինչքա՜ն տաղանդավոր մարդիկ չկան այսօր: Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ երբևէ նման բան կրկնվի»,-ընդգծեց նա:

Հայաստանի կոմպոզիտորների միությունն առաջիկա օրերին կամփոփի նաև նախորդ տարի հայտարարված մեկ այլ մրցույթի արդյունքները: Հայտարարվել էր վոկալ-գործիքային ստեղծագործությունների մրցույթ` բանաստեղծուհի Սոնա Վանի տեքստերով, որին կարող էին մասնակցել միության անդամներն առանց տարիքային սահմանափակումների, ովքեր իրենց ստեղծվելիք գործերի համար որպես տեսքստային հիմք պետք է օգտագործեին հենց Վանի բանաստեղծությունները:

«Հունվարի 25-ին կամփոփվեն մրցույթի արդյունքները: Հավանաբար, ապրիլին մեր փառատոնի շրջանակներում կհնչեն նաև այդ գործերը: Միությունը ցանկանում էր հայտարարել նաև մեկ այլ մեծ մրցույթ՝ նվիրված վոկալ-սիմֆոնիկ գործերի ստեղծմանը: Իհարկե, մեր կոմպոզիտորրներից շատերը գրեցին նման գործեր, սակայն մրցույթ չհայտարարվեց: Այդ գործերն էլ հենց ապրիլին կներկայացվեն հանրությանը»,-փաստեց Սաթյանը:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am