Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թուրքագետները Դավութօղլուի հայտարարությունն անվանում են «Էժանագին հնարք»

Թուրքագետները Դավութօղլուի հայտարարությունն անվանում են «Էժանագին 
հնարք»

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, թե` ժամանակն է նոր մեկնարկ տալ հայ-թուրքական հարաբերություններին, պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիայում լիբերալ եւ ընդդիմադիր լրատվամիջոցներն ու հասարակական գործիչները խիստ քննադատության տակ են առել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառում անցկացնելու նախաձեռնությունն ու Հայաստանի նախագահին հրավիրելու փաստը: Թուրքագետ Հակոբ Չաքրյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտում է, որ այդ հրավերը բուռն հակազդեցություն ունեցավ Թուրքիայում: Մասնավորապես «Թարաֆ» թերթի հեղինակներից Մեհմեդ Ալթանը գրել է, որ Էրդողանն այդ հրավերով փորձում է համադրել երկու անհամադրելի երեւույթներ:

«Առնվազն անամոթություն է այդ օրը նման միջոցառման անցկացումը եւ դեռ Էրդողանը համարձակվում է խոսել իսլամից եւ այն ներկայացնել որպես խաղաղության կրոն: Ինչպե՞ս կարելի է Դարդանելի ճակատամարտը համեմատել հայերի սպանության հետ, որը կատարել է թուրք զինվորը: Էրդողանը խորամանկություն է անում, որ հանի Հայոց Ցեղասպանության հարցը միջազգային օրակարգից, սակայն դրանով նա Թուրքիային վնաս է հասցնում»,- մեջբերում է Չաքրյանը` հավելելով, որ նմանատիպ բազմաթիվ հոդվածներ են տպագրվել հրավերի առնչությամբ:

«Ըստ երեւույթին, ներքին քննադատություններից ելնելով` Դավութօղլուն նման հայտարարություն արեց: Նմանատիպ հայտարարություններ Դավութօղլուն բազմիցս կատարել է եւ բոլորն էլ ապարդյուն, սա էլ հերթականներից է»- ասաց Չաքրյանը` հավելելով, որ Էրդողանի օրինակով Թուրքիայի վարչապետն էլ է փորձում դիմել խորամանկության, սակայն շատ պարզունակ եւ արդեն հայտնի մեթոդներով:

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն էլ տարբերություն չի գտնում Դավութօղլուի հայտարարության եւ Էրդողանի` 2014թ. ապրիլի 23-ին հայ ժողովրդին ուղղված ցավակցության միջեւ: «Դավութօղլուի հայտարարությունը շարունակում է Թուրքիայի կառավարության այն դիրքորշումը, որ ստանձնել է այդ երկիրը նախորդ տարվանից, երբ Էրդողանը «ցավակացություն հայտնեց» հայ ժողովրդին: Սա էժանագին հնարք է, որի նպատակը երկրի պաշտոնական ներկայացուցիչների միջոցով Հայոց ցեղասպանության խորհրդի լղոզումն ու խեղաթյուրումն է: Թուրքական քաղաքականության մեջ ոչ մի նախանշան չեմ տեսնում, որ նրանք սկսում են վերանայել իրենց դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների եւ հայկական հարցի առնչությամբ, եւ շարունակում են նախապայմաններ առաջ քաշել մասնավորապես Արցախի հարցում:»,- ասաց Սաֆրաստյանը:

Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի գնահատմամբ` Էրդողանի կողմից Սերժ Սարգսյանին Թուրքիա հրավիրելու քայլը նպատակ ուներ ոչնչացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհուրդը: «Սա լկտի եւ անամոթ քայլ է: Կարծում եմ` հրավիրված երկրների ղեկավարները ճիշտ կկողմնորոշվեն, կլսեն իրենց խղճի ձայնը եւ չեն արձագանքի այդ հրավերին»,- ասում է Սաֆրաստյանը` հավելելով, որ այնուամենայնիվ թուրքական խարդավանքն իր ազդեցությունը միջազգային հանրության վրա ունենում է: Այս առումով Սաֆրաստյանը կարեւորում է դիվանագիտական աշխատանքն ու քարոզչության դերը, որպեսզի կարողանանք եւս մեկ անգամ աշխարհին հաղորդել ճշմարտությունը: Թուրքագետի գնահատմամբ, Սերժ Սարգսյանի պատասխան նամակը Թուրքիայի առաջնորդին կարողացավ հստակ ձեւակերպումներով միջազգային հանրությանը ներկայացնել Թուրքիայի դիրքոոշումը, սակայն այս առնչությամբ հայկական դիվանագիտությունը դեռ աշխատելու տեղ ունի:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, Հրանտ Դինքի մահվան տարելիցի առնչությամբ ելույթ ունենալով, խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին` շեշտելով, որ ժամանակն է նոր մեկնարկ տալ դրանց: Դավուօթղլուն կրկնել է Էրդողանի կողմից բազմիցս օգտագործված «ընդհանուր ցավի» թեորիան, շեշտելով, որ Հայաստանն ու Թուրքիան ընդհանուր ցավը կիսելով պետք է կարողանան հարաբերություններ հաստատել:

Հասմիկ Հարությունյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am